Մատչելիության հղումներ

«Ամբողջ աշխարհն է շահում խոսքի ազատությունից»


Ֆրանսիա - «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության ակտիվիստները պաստառներ են փակցնում Փարիզի մետրոպոլիտենի «Օպերա» կայարանում` նշելու Մամուլի ազատության համաշխարհային օրը, 3-ը մայիսի, 2013թ.

Ֆրանսիա - «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության ակտիվիստները պաստառներ են փակցնում Փարիզի մետրոպոլիտենի «Օպերա» կայարանում` նշելու Մամուլի ազատության համաշխարհային օրը, 3-ը մայիսի, 2013թ.

Արտահայտվելու ազատությունն ամրագրված է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 19-րդ հոդվածով։

Այսօր Մամուլի ազատության համաշխարհային օրն է։ Այն արդեն 20-րդ անգամ է նշվում` ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան 1993 թվականին է սահմանել այդ օրը։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը երեկ Նյու Յորքում հայտարարել է, որ լրագրողների պաշտպանությունը երաշխավորելու համար միջազգային համագործակցություն է անհրաժեշտ։

«Բոլոր լրագրողները, բոլոր լրատվամիջոցները պետք է ունենան իրենց աշխատանքը կատարելու հնարավորություն։ Ամբողջ աշխարհն է շահում խոսքի ազատությունից», - ասել է գլխավոր քարտուղարը։

Նյու Յորքում տեղակայված «Լրագրողների պաշտպանության կոմիտե» իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է այն երկրների ցուցակը, որտեղ լրագրողներին պարբերաբար սպանում են, իսկ իշխանությունները չեն բացահայտում այդ հանցագործությունները։

2013 թվականի անպատժելիության ցուցիչով մամուլի համար առավել վտանգավոր երկիրը Իրաքն է, որտեղ անցած տասնամյակում 93 լրագրող է սպանվել եւ ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել։

Ցուցակում են Սոմալին, Ֆիլիպինները, Շրի Լանկան, Կոլումբիան, Աֆղանստանը, Մեքսիկան, Պակիստանը, Ռուսաստանը եւ Բրազիլիան։

«Միջազգային համաներում» (Amnesty International) իրավապաշտպան կազմակերպությունը այսօր հրապարակած զեկույցում նշում է, որ Սիրիայում ե՛ւ իշխանությունները, ե՛ւ ապստամբները պատասխանատու են տասնյակ լրագրողների սպանելու, անհարկի կալանավորելու եւ կտտանքների ենթարկելու համար։

Հանրային կարծիքի հետազոտություն կատարող Gallup կազմակերպության այսօր հրապարակած հարցման արդյունքների համաձայն` Հայաստանում հարցվածների 35 տոկոսը ենթադրում է, որ մամուլն ազատ է, 49 տոկոսի կարծիքով` այն ազատ չէ, եւ 15 տոկոսը կա՛մ կարծիք չունի, կա՛մ հրաժարվել է այն արտահայտել։

Ըստ Freedom House իրավապաշտպան կազմակերպության վերջին զեկույցի` Հայաստանը մամուլի ասպարեզում որոշակի առաջխաղացում է արձանագրել, սակայն մնացել է ոչ ազատ երկրների ցուցակում։

Վրաստանը «մասամբ ազատ» է, Ադրբեջանը, բնականաբար, «ոչ ազատ», եւ վիճակը հետզհետե վատթարանում է։

ԵԱՀԿ-ի մամուլի ազատության հարցով հատուկ ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը երեկ մտահոգություն է հայտնել` ասելով, որ Ադրբեջանում քրեական օրենսգրքի առաջարկված լրամշակումները չեն ապաքրեականացնում զրպարտությունը եւ նույնիսկ կկիրառվեն առցանց մամուլի նկատմամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG