Մատչելիության հղումներ

Ռոք աշխարհի աստղերը ցավակցություն են հայտնում Ջեֆ Հանեմանի մահվան կապակցությամբ։

Լոս Անջելեսից ստացված հաղորդագրության համաձայն, Հարավային Կալիֆորնիայի հիվանդանոցներից մեկում վախճանվել է Slayer ռոք-խմբի համահիմնադիր եւ կիթառահար Ջեֆ Հանեմանը։ Երաժիշտը 49 տարեկան էր։ Մահվան պատճառը լյարդի եւ երիկամների անբավարար աշխատանքն է։

1980-ական թվականներին Լոս Անջելեսում Հանեմանի եւ կիթառահար Քերրի Քինգի հիմնադրած Slayer խումբը ստեղծագործել է «թրեշ-մեթալ» ոճում, որին բնորոշ են շատ արագ տեմպը, հարվածայինների եւ բաս-կիթառի առանցքային դերը, իսկ երգի տեքստերին հատուկ են մռայլ տրամադրությունն ու մահվան թեման։

Slayer («Մարդասպան») խմբի 1986 թվականի թողարկած Reign in Blood («Արյան թագավորությունը») սկավառակը համարվում է այդ ժանրի լավագույն ձայնագրություններից, որը Slayer-ին համաշխարհային ճանաչում է բերել։

Slayer-ը համարվել է «թրեշ-մեթալի» չորս լավագույն խմբերից մեկը, այդ ցանկում են նաեւ Anthrax-ը, Megadeth-ը եւ Metallica-ն։

Ռոք աշխարհի աստղերը ցավակցություն են հայտնում Հանեմանի մահվան կապակցությամբ։

«Տխուր լուր է, Ջեֆ Հանեմանին շատ ենք կարոտելու, ինչ տխուր օր է հեւի մեթալի համար, Աստված ողորմի», - Twitter-ի իր էջում գրել է Guns'n'Roses խմբի նախկին կիթառահար Սլեշը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG