Մատչելիության հղումներ

Երեւանյան ընտրարշավը ավարտվում է


Քարոզչական պաստառներ Երեւանի փողոցներում
Քարոզչական պաստառներ Երեւանի փողոցներում
Երեւանի ավագանու մայիսի 5-ի ընտրություններին մասնակցող քաղաքական յոթ ուժերը այսօր կօգտագործեն վերջին հնարավորությունը` համոզելու ընտրողներին քվեարկել իրենց օգտին. ընտրությունների օրվան նախորդող օրը, ըստ Ընտրական օրենսգրքի, քարոզչությունն արգելված է:

Իրեն այլընտրանք հռչակած «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) ամփոփիչ հանրահավաքը երեկ Ազատության հրապարակում էր: «Սկսենք Երեւանից» կարգախոսով շապիկներով ԲՀԿ-ական երիտասարդները ծառատունկեր արեցին, իսկ քաղաքապետի թեկնածու Վարդան Օսկանյանը նախընտրական ողջ ամիսը շրջեց մայրաքաղաքի բակերով` քննադատելով իշխանություններին, առաջարկելով կոտրել կուսակցական մենաշնորհն ու հաղթահարել վախի մթնոլորտը:

«Մեր մոտ արդեն էնպիսի մեծ ցուցակ է ձեւավորվել այն մարդկանց, որոնց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գործունեության շրջանակներում այս ընտրություններում մասնակցելու կապակցությամբ աշխատանքից ազատել են», - ասում էր, մասնավորապես, Օսկանյանը:

Ընդդիմադիր «Հայ ազգային կոնգրես» (ՀԱԿ) կուսակցության ցուցակը գլխավորում է Երեւանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը։ «Իշխանությունը՝ քաղաքացուն» կարգախոսի ներքո ՀԱԿ-ը քարոզչության առանցքում դրեց իշխանական թեկնածուի անթաքույց հակաքարոզչությունը. գործող քաղաքապետ, իշխող Հանրապետական կուսակցության ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանի հայտարարագրած կարողությունը ՀԱԿ-ը գնահատում է շուրջ 6 միլիոն դոլար` դատախազությունից պահանջելով բացահայտել ունեցվածքի ծագումը:

«Իր ողջ չափահաս կյանքում բացառապես վարչական պաշտոններ զբաղեցրած մարդը ոչ մի երկրում չէր կարող օրինական ճանապարհով դիզել այնպիսի հսկայական կարողություն, ինչպիսին 10-12 տարվա ընթացքում հաջողվել է, չգիտեմ ինչ տաղանդի շնորհիվ, դիզել ՀՀԿ-ական այդ հրաշամանուկ թեկնածուին։ Զարմանալ կարելի է, թե որքան ցինիկ պետք է լինի մի իշխանությունը եւ որքան պետք է արհամարհի սեփական ժողովրդին, որպեսզի հասարակությանը ներկայանա ահա այսպիսի նկարագրի տեր թեկնածուով», - ապրիլի 30-ի հանրահավաքում իր ելույթում հայտարարեց ՀԱԿ-ի առաջնորդ, Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը:

Տարոն Մարգարյանը, սակայն, այդպես էլ անպատասխան թողեց իր կարողության վերաբերյալ հարցադրումները` Հանրապետական կուսակցության թեկնածուն նախընտրեց այդ թեմայով չշփվել լրագրողների հետ: Մայրաքաղաքում ամենաշատը Տարոն Մարգարյանի դիմանկարով պաստառներն են։ Գործող քաղաքապետը «Ավելի լավ Երեւան» կարգախոսով քարոզչություն էր անում բակերում:

«Ես պարզ ճակատով եմ երեւանցիների առջեւ կանգնում: Երբ որ բոլորով միացել են իմ դեմ աշխատելու` ուրեմն վարկանիշը դո՛ւք արդեն նայեք», - օրերս լրագրողների հետ զրույցում ասաց Մարգարյանը:

Գործող քաղաքապետին չքննադատեց, բայց խոստացավ ավելի լավ աշխատել արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, ով գլխավորում է «Օրինաց երկիր» կուսակցության (ՕԵԿ) ցուցակը: «Մենք կարող ենք ավելին» կարգախոսի ներքո ՕԵԿ-ը եւս նախընտրեց բակային հավաքները:

Ընտրություններին մասնակցող ուժերից հանրությանն առավել քիչ հայտնի «Առաքելություն» կուսակցության ցուցակում երիտասարդներ են։ Նրանք եւս շրջում են մայրաքաղաքի թաղամասերով` խոստանալով վերացնել համատիրությունները, վճարովի ավտոկայանատեղիները:

ՀՅ Դաշնակցությունը ընտրություններին մասնակցում է «Երեւա՛ն, փոխի՛ր Հայաստանը» կարգախոսով: Դաշնակցությունից քաղաքապետի թեկնածու Արմեն Ռուստամյանը կարեւորում է քվեարկությամբ իշխանություններին մերժելը, ինչպես նաեւ ոչ իշխանական ուժերով մեծամասնություն ձեւավորելը քաղաքապետարանում:

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը դեմ չէ ապագա քաղաքապետարանում դաշինք կազմելուն, բայց վստահ է` նոր քաղաքապետը իր կուսակիցն է` Արմեն Մարտիրոսյանը, ով «Բարեւ Երեւան» դաշինքի առաջին հորիզոնականում է:

«Ազատ, արդար ընտրության դեպքում «Բարեւ Երեւան»-ը առաջատար է, Անդրանիկի որդի Տարոնը չի լինելու Երեւանի քաղաքապետ», - երկու օր առաջ հանրահավաքի ժամանակ հայտարարեց Հայաստանի նախագահի նախկին թեկնածուն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG