Մատչելիության հղումներ

Մայիսի 3-ի մամուլ


«Հրապարակ»-ն ի մի է բերել. - «Եթե դիտարկենք վերջին 15 տարիներին մեզանում ընթացող տարբեր մակարդակների ընտրությունները, ապա մի պարզունակ համակարգ կնկատենք: Դրանց կազմակերպման սխեման այսպիսին է. նախ ամբողջ թիմով աշխատում են մաքուր ընտրություններ կազմակերպելու համար: Դրա համար գործի են դրվում մարդկային, ֆինանսական, ադմինիստրատիվ, հոգեբանական, քարոզչական բոլոր ռեսուրսները: Մի մարդու նման գործի են լծվում եւ փորձում «մաքուր» ընտրություններ կազմակերպել: Սակայն կա նաեւ «ֆորս-մաժորային» սցենարը` երբ հընթացս պարզվում է, որ արդյունքները մխիթարական չեն լինելու, եւ այստեղ գործի է դրվում «պլան Բ»-ն` ընտրական հանձնաժողովների միջամտության, թվանկարչության, քվեաթերթիկներ փոխելու, դզել-փչելու մեխանիզմները: Կա նաեւ «պլան Գ»-ն` երբ ձախողվել են առաջին եւ երկրորդ պլանները, ու իշխանությունը «ձեռից գնում է»: Այս պարագայում արդեն միանգամից մոռացվում են ժողովրդավարական կանոնները, միջազգային կառույցներին տված խոստումները, ամոթն ու աբուռը, եւ սկսվում է իրական «պատերազմը»: Պատերազմ` աթոռները պահելու: Պատերազմ` սեփական ժողովրդի դեմ, ով համարձակվել է իրական ընտրություն իրականացնել եւ մերժել իշխանության մեջ գտնվողներին»:

Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավը յուրովի է ամփոփում «Ժողովուրդ» օրաթերթը. - «Քարոզարշավի ամբողջ ընթացքում շարքային երեւանցին այդպես էլ հնարավորություն չունեցավ մեկ հարթակում լսելու եւ համեմատելու Երեւանի քաղաքապետերի պոտենցիալ թեկնածուների ասելիքը, այդպես էլ տեղի չունեցավ որեւէ բանավեճ կամ քննարկում, որին մասնակցեր գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Իսկ բանավեճի հիմնական կողմը, բնականաբար, նա պետք է լիներ` որպես անցած տարիներին քաղաքի կառավարման համար թիվ մեկ պատասխանատու: Սակայն, ինչպես անցած խորհրդարանական ընտրություններում, այնպես էլ հիմա Հանրապետական կուսակցությունը, որի անդամներն այնքան շատ են սիրում խոսել իրենց քաղաքական պատասխանատվությունից չխուսափող տեսակի մասին, ամեն կերպ խուսափեցին այդ հանրության առաջ պատասխանատվության դրսեւորումից` հրապարակային բանավեճի տեսքով: Թե որն է պատճառը, որ «Երեւանի անցած 20 տարիների լավագույն քաղաքապետը» այդպես էլ խիզախություն չունեցավ դեմ առ դեմ կանգնելու իր մրցակիցների առաջ եւ հրապարակային բանավեճի միջոցով իր ընտրողներին բացահայտելու սեփական արժանիքները, կարծում ենք, պարզ է: Ամեն ինչ արժեվորվում է համեմատության մեջ, իսկ այդ համեմատության մեջ Տարոն Մարգարյանին ունկնդրողները հաստատ հիշելու էին նրա անվան համարժեքը դարձած Սերժ Սարգսյանի հանրահայտ «սիրուն չի»-ն` թե' անցած մեկուկես տարվա ընթացքում նրա գործունեության, թե' քամուն տրված քաղաքային բյուջեի, թե' անձամբ Տարոն Մարգարյանի բազմամիլիոնանոց կարողության, տասնյակ կրպակների, դղյակների, երթուղային գծերի եւ մնացածի մասով»:

«Ժամանակ» թերթը մեկնաբանում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի` երեկվա հանրահավաքին հնչեցրած այն հայտարարությունը, թե ինքը ժողովրդից բացի ոչ մեկի առաջ բարոյական պարտավորություն չունի. - «Որեւէ մեկի առաջ բարոյական պարտավորություն չունենալու մասին Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը կարելի է համարել նրա պատասխանը բոլոր այն հորդորներին, որ նրան են ուղղվում ընդդիմության դիրքերից հանդես գալու եւ ընդդիմություն լինելու մասին հայտարարելու առումով: Եվ առաջին հերթին, իհարկե, կարելի է ասել, որ խոսքը վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի եւ Վարդան Օսկանյանի առաջ բարոյական պարտավորություն չունենալուն: Կարելի էր, իհարկե, մտածել նաեւ Սերժ Սարգսյանի ուղղությամբ, սակայն բանն այն է, որ Գագիկ Ծառուկյանին ուղղված հորդորները, կշտամբանքները կամ պարզապես դիտարկումները երբեւէ չեն ենթադրել նրա բարոյական պարտավորվածություն Սերժ Սարգսյանի առաջ»:

«Հայոց Աշխարհ» թերթում կարդում ենք. - ««Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որ իր իսկ արտահայտությամբ՝ ոչ այս է, ոչ այն, այսինքն՝ ոչ ընդդիմություն, ոչ իշխանություն, մայրաքաղաքում իշխանությունը «վերցնելու» լուրջ հավակնություններ է դրսեւորում։ Երեկ այդ «հավակնությունը», մասնավորապես, մի քանի «Բոգդան» ավտոբուսների տեսքով շարված էր Դավիթաշեն թաղամասում։ Ակտիվիստները տատիկ-պապիկներին միտինգի էին տանում։ Եվ ասում է «Բարգավաճ Հայաստանը», թե՝ «Սկսենք Երեւանից»։ Հոյակապ միտք է։ Եթե «Ժառանգությունն» ասեր։ Անգամ Դաշնակցությունը։ Նույնիսկ եթե ասեր Տեր-Պետրոսյանի ՀԱԿԿ-ն։ Բայց երբ վերջին վեց տարիներից հինգը իշխանության մեջ եղած ուժն է ազդարարում՝ «սկսենք Երեւանից», ակամայից ու միանգամից հարց է ծագում։ Պարոնայք, իսկ մինչեւ հիմա, շատ կներեք, ի՞նչ բանի էիք։ Թա՞փ էիք հավաքում... սկսելու համար։ Թե՞ իշխանության ղեկից մասամբ հեռանալուց հետո ձեր մտքով անցավ՝ «սկսել ա»»։

Նույն թեմայով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG