Մատչելիության հղումներ

logo-print
Մայիսի 2-ին Ազատություն հրապարակում «Բարգավաճ Հայաստան»-ի անցկացրած հանրահավաքը ավելի բազմամարդ էր, քան ավագանու ընտրությունների քարոզարշավի ընթացքում այստեղ կազմակերպված ՀԱԿ-ի եւ «Ժառանգության» հանրահավաքները:

Հանրահավաքում ելույթ ունեցավ կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը` սկսելով ուշագրավ հայտարարույթամբ, թե` ոչ մեկի առջեւ, բացի ժողովրդից, բարոյական պատասխանատվություն չունի:

Ծառուկյանը խոստացավ, որ ավագանու ընտրություններում հաղթելու եւ ԲՀԿ-ական քաղաքապետ ունենալու դեպքում, այդ նորընտիր քաղաքապետը երբեք կաշառք չի վերցնելու. - «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքապետը կաշառք չի վերցնում: Քաղաքացու դիմումը նույն օրը պետք է պատասխանվի: Քաղաքացին պետք է իրեն գնահատված զգա, պաշտպանված զգա: Եթե քաղաքապետը, թաղապետը քաղաքացուն վերեւից նայեն, հղփանան, ուրեմն անմիջապես իրենք աշխատանքից հեռացվելու են»:

Ծառուկյանը շարունակեց. - «Կարող եմ ձեզ ասել, որ Երեւանում չկա չլուծվող խնդիր, բոլոր խնդիրները լուծելի են… Միայն հարկավոր է ճիշտ ծրագիր, [հարկավոր են] ճիշտ մարդիկ, սրտացավ մարդիկ»:

ԲՀԿ-ի նախագահը կոչ արեց մարդկանց չլքել երկիրը, չարտագաղթել, մնալ եւ փորձել ինչ-որ բան փոխել երկրում:

Նա խոսեց նաեւ վախի մթնոլորտի մասին` ասելով. - «Սիրելի երեւանցիներ, ես ուզում եմ ձեզ ասել ամենակարեւորը` մի վախեցեք, երբ փորձում են ձեզ վախեցնել ընտրությունների գնալու համար: Նրանք վախենում են ձայն չհավաքելու համար պաշտոնից հեռացվեն, [իսկ] պաշտոնից հեռացնելուց հետո նրանց բարեւ տվող չի լինելու: Ես ուզում եմ, որ դուք գնաք ընտրությունների, մտածեք ձեր ապագահի համար, ձեր բալիկի համար, ձեր Երեւանի համար, ձեր թաղի համար, որ ընտրություն կատարեք ձեր համար: Դուք ձայնը տվեք նրան, ում հավատում եք, ում հետ հույս եք կապում»:

Երեւանի ավագանու ընտրություններում ԲՀԿ-ի ցուցակը գլխավորող Հայաստանի արտգործնախարարությունը երկար տարիներ գլխավորած Վարդան Օսկանյանը հերթական անգամ շեշտեց, որ մայիսի 5-ի ընտրությունները քաղաքական նշանակություն ունեն, ու եթե ԲՀԿ-ն միայնակ կամ մյուս ոչ իշխանական ուժերի հետ կարողանա վերցնել Երեւանի կառավարումը, ապա մայրաքաղաքում մեծ փոփոխություններ տեղի կունենան. - «Մենք կարողանալու ենք այդ հաղթանակով հակակշիռներ ստեղծել, քաղաքական համակարգի մեջ մրցակցություն ստեղծել, փոխադարձ համագործակություն եւ նաեւ փոխադարձ հսկողություն, որ միայն այդ պայմաններում հնարավոր կլինի առավել արդյունավետ լուծել ժողովրդի առաջ ծառացած խնդիրները»:
XS
SM
MD
LG