Մատչելիության հղումներ

logo-print

Հովհաննիսյան. Ընտրախախտումների առումով քիչ բան է փոխվել


«Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարեց, թե ընտրախախտումների եւ անպատժելիության առումով նախագահական ընտրություններից հետո քիչ բան է փոխվել:

Ընդդիմադիր առաջնորդը մասնակցում էր «Բարեւ, Երեւան» դաշինքի նախընտրական հանդիպումներին Ավան վարչական շրջանում: Նախագահի նախկին թեկնածուն Երեւանի ավագանու ընտրությունների դեպքում եւս վկայակոչում է վարչական ռեսուրսի կիրառումը իշխանությունների կողմից:

«Արդեն այդ լուրերը կան` ուսուցիչների, մանկապարտեզների աշխատողների վրա քաղաքապետարանից եւ անգամ նախագահականից իջեցված հրահանգների մասին: Դա կապացուցենք, կապացուցենք նաեւ այլ կուսակցությունների հետ մեկտեղ եւ ես կարծում եմ, որ բոլոր դեպքերում կեղծեն-չկեղծեն, դա արդեն իրենց վախի արտացոլումն է», - ասաց Հովհաննիսյանը:

Հարցին` միայն իշխանակա՞ն ուժերի վերաբերյալ են ահազանգեր ստանում, թե՞ նաեւ ոչ իշխանական ուժերի, մասնավորապես, այլընտրանքային «Բարգավաճ Հայաստան»-ի վերաբերյալ, Հովհաննիսյանը պատասխանեց. - «Ես առանձին վերցրած որեւէ բանի մասին չեմ խոսել, ես կարող եմ ասել, որ Վահագն Խաչատրյանը, Արմեն Ռուստամյանը եւ Վարդան Օսկանյանը շահեկանորեն տարբերվում են իրենց այլ կուսակիցներից, նաեւ իրենց զորակցող որոշ մարդկանցից, եւ մենք հետեւում ենք բոլորի շարժերը, եւ եթե որեւէ մեկը օրենքի խախտմամբ ադիմինիստրատիվ ռեսուրս կիրառի, ինքը ընդդիմություն չէ եւ առավել եւս իշխանություն կազմել չի կարող: Ով խեղեց ժողովրդի ձայնը, չի կարող լինեն Հայաստանի նախագահ կամ Երեւանի քաղաքապետ»:

Միաժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանն ընդգծում է, որ նախագահական ընտրություններից հետո փոխվել է ժողովրդի ոգին. երեւանցին գիտակցում է, որ ի կատար է ածելու փետրվարի 18-ի հաղթանակը, եւ դա մեր ձեռքում է, ասում էր «Ժառանգության» առաջնորդը: Քաղաքապետի դաշնակցական թեկնածու Արմեն Ռուստամյանն այսօր կոչով դիմեց ոչ իշխանական ուժերին` համատեղ վերահսկել ընտրությունների ընթացքը բոլոր ընտրատեղամասերում: Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց` միանում է:

«Որեւէ տարբերություն չեմ դնում փետրվարի 18-ի եւ մայիսի 5-ի միջեւ, եւ շատ լավ կլիներ, որ ինքը եւ իր կուսակցությունը, որ եղել է իմ պապերի կուսակցությունը, եւ մյուս ընդդիմադիր կուսակցությունները երեք ամիս առաջ այս ուշացած խոսքերի փոխարեն գործ անեին: Գործ չարեցինք երեք ամիս առաջ: Ես հիմա պատրաստ եմ, թեկուզ ուշացած ասելու, որ գործ անենք միասին», - ասաց Հովհաննիսյանը:

«Բարեւ, Երեւան» դաշինքի ցուցակը գլխավորող Արմեն Մարտիրոսյանի ուղեկցությամբ Րաֆֆի Հովհաննիսյանը շրջեց Ավանում, նախ մշակույթի տանը եղավ, դհոլ նվագող պատանիներին ողջունեց: Ապա անցավ Ավանի թաղերով, խանութներ, սննդի օբյեկտներ մտավ, բարեւում էր բակերում նարդի խաղացող թոշակառուներին: Երեւանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը, հիշեցնենք, հենց այս համայնքի բնակիչ է, նաեւ Ավանի թաղապետն է եղել:

Նարդի խաղացող ավանցիները «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցներում ասում էին` գործող քաղաքապետը «լավ տղա է», «նրա հետ պրոբլեմ չունեն», բայց քանի որ Հանրապետական կուսակցությունից է, նրան չեն ընտրի:

Րաֆֆի Հովհաննիսյանը այսօր պնդեց` «Բարեւ, Երեւան» դաշինքն առաջատարն է: Նա ընտորղներին ասում էր, թե այլեւս բավական է, որ իշխանավորները հարստանան ժողովրդի հաշվին, երբ մի կուսակցություն, սեփականաշնորհելով պետության կնիքն ու եռագույնը, հեգնում է ժողովրդին:
XS
SM
MD
LG