Մատչելիության հղումներ

Երեւանի քաղաքապետ, ավագանու ընտրություններում իշխող Հանրապետականի ընտրացուցակի առաջին տեղը զբաղեցնող Տարոն Մարգարյանն ավարտին մոտեցող քարոզարշավը գնահատում է «շատ լավ»:

«Գնահատում եմ շատ լավ» - լրագրողների հետ կարճատեւ զրույցում ասաց Էրեբունի վարչական շրջանում քարոզարշավի եկած Մարգարյանը` շարունակելով. - «Եթե ոմանք այսօր են ծանոթանում խնդիրներին, ես արդեն 4 տարի ծանոթացել եմ, որպես ժամանակին քաղաքապետի տեղակալ, այսօր` քաղաքապետ, մինչեւ այդ էլ` որպես համայնքի ղեկավար: 8 տարի է այս աշխատանքը ինձ համար հոգեհարազատ աշխատանք է»:

Էրեբունիի ազատամարտիկների զբոսայգում Մարգարյանին այսօր լսելու էին եկել ոչ միայն հարակից շենքերի բնակիչները, այլեւ Էրեբունիի կրթական հաստատությունների ղեկավարներն ու աշխատակիցները: Նրանց մի մասը խուսափում էր հարցերի պատասխանել, մյուս մասն էլ պնդում էր, որ ստիպողաբար չի եկել հանդիպմանը:

Մարգարյանին, ինչպես եւ այլ վարչական շրջաններում, մարդիկ դիմավորեցին գրկախառնություններով, ծափերով ու տարբեր խնդրագիր-նակամներով: Իր ելույթում նա խնդրեց վստահել Հանրաետականին, որպեսզի շարունակվի մայրաքաղաքի շենացումը:

Երեւանի ավագանու անդամներից Աննա Ասատրյանն իր ելույթում նշեց, որ եթե Արգիշտի Ա թագավորը կենդանի լիներ, ապա նաեւ կընտրեր Մարգարյանին:

«Որովհետեւ Տարոն Մարգարյանը ծնվել է հենց Էրեբունի վարչական շրջանում», - փաստարկեց նա:

Տարոն Մարգարյանի հանդիպմանը Էրեբունիում ներկա էր նաեւ նրա կուսակից, այդ թաղամասի բնակիչ պատգամավոր Մհեր Սեդրակյանը:

Լրագրողների հետ զրույցում Սեդրակյանը հայտարարեց, որ եթե կարողանան, ապա նախագահական ընտրությունների համեմատ այս թաղամասում երեք անգամ ավելի ձայներ կհավաքեն: Իսկ թե ինչ մեխանիզմով է Սեդրակյանը պատրաստվում համոզել էրեբունիի ընտրողներին, հանրապետական պատգամավորը գերադասեց չբացահայտել իր գաղտնիքը. - «Բա ես ինչի՞ համար եմ միշտ ընտրությունները կրում. որովհետեւ ունեմ իմ գաղտնիքը»:
XS
SM
MD
LG