Մատչելիության հղումներ

Մայիսի 3-ը` Մամուլի ազատության համաշխարհային օր


Հայաստանյան թերթեր, արխիվ
Հայաստանյան թերթեր, արխիվ

Լրագրողների անվտանգությունը երաշխավորելու խնդիրը դյուրին չէ հատկապես վերջին ժամանակաշրջանում:

Այսօր Մամուլի ազատության համաշխարհային օրը նշվում է արդեն 20-րդ անգամ։ Այն սահմանվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի որոշմամբ` 1993 թվականին։

ՄԱԿ-ի մանդատով օժտված գործակալությունը` ՅՈւՆԵՍԿՕ-ն, դրանից հետո նախաձեռնել է խոսքի եւ մամուլի ազատությունը պաշտպանելու համաշխարհային արշավ։

Մամուլի ազատության հարցում միջազգային համագործակցության էական նվաճումներից մեկը Լրագրողների անվտանգության ՄԱԿ-ի Գործողության ծրագիրն է, որին հավանություն են տվել ՄԱԿ-ի կառույցների բոլոր ղեկավարները։

Այդուհանդերձ, լրագրողների անվտանգությունը երաշխավորելու խնդիրը դյուրին չէ հատկապես վերջին ժամանակաշրջանում, երբ աճել է լրագրողների, մամուլի աշխատողների, սոցիալական մամուլի արտադրողների սպանությունների թիվը։ Միայն 2012 թվականին սպանվել է 121 լրագրող, ինչը գրեթե երկու անգամ գերազանցում է 2011-ի եւ 2010-ի տվյալները։

Առավել հաճախակի են դարձել լրագրողներին եւ մամուլի աշխատողներին հալածելու, ահաբեկելու, անհարկի կալանավորելու դեպքերը։ Ընդ որում, մամուլի դեմ այդ հանցագործությունները կատարողների անպատժելիության ընդհանուր ցուցանիշը շատ բարձ է։

ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Իրինա Վոլկովան կազմակերպության անունից հատուկ ուղերձով դիմել է միջազգային հանրությանը, նշելով, որ վիճակագրությունը խիստ մտահոգիչ է:

«Անցած տասը տարում սպանվել է ավելի քան 600 լրագրող, շատերը` ոչ թե մարտերի կամ բախումների ընթացքում, այլ` տեղական խնդիրները, կոռուպցիայի երեւույթը լուսաբանելիս», - ասել է ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը։

Մամուլի ազատության 2013 թվականի կարգախոսն է` «Ապահովել արտահայտվելու ազատությունը բոլոր տեսակի լրատվամիջոցներում»։ ՅՈւՆԵՍԿՕ-ն ազատ եւ բաց համացանցի երաշխավորումը հռչակել է առցանց մամուլի ազատության նախապայման։

Freedom House-ը մայիսի 1-ին հրապարակել է տարեկան զեկույցը, որը գնահատում է մամուլի ազատության վիճակը 2012 թվականին։ Հայաստանի կարգավիճակը անփոփոխ է` երկիրը վերստին ունի ոչ ազատ մամուլ, թեպետ գրանցվել է բարելավում եւ կա «մասամբ ազատների» ցանկ տեղափոխվելու հեռանկար։

Զեկույցում նշվում է, որ հայաստանյան մամուլն ավելի հավասարակշռված է լուսաբանել խորհրդարանական ընտրությունները, ընդդիմադիր ուժերը լայնորեն կիրառել են առցանց մամուլը, բռնությունները լրագրողների նկատմամբ նվազել են։ Բացի այդ, նվազել են զրպարտության վերաբերյալ բողոքները լրագրողների դեմ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG