Մատչելիության հղումներ

logo-print

Կառավարությունը բացասական եզրակացություն է տվել Բագրատյանի նախագծին


Ազգային ժողովի պատգամավոր (ՀԱԿ), նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը կառավարություն էր ներկայացրել «Օֆշորային գոտիներում գրանցված ընկերությունների գործունեությունը Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում կարգավորելու մասին» օրենքի նախագիծը, որին կառավարությունը բացասական եզրակացություն է տվել:

Ֆինանսների նախարարի պաշտոնակատար Վաչե Գաբրիելյանի մեկնաբանությամբ` օրենքի նախագծով առաջարկվում է Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում օֆշորային գոտիներում գրանցված ընկերությունների գործունեության դադարեցում:

«Օրենքը, որը պարոն Բագրատյանը ներկայացրել է, ունի 3 հոդված», - կառավարության այսօրվա նիստում ասաց նախարարը. - «Որպեսզի հունվարի 1-ից հանքարդյունաբերության եւ արդյունաբերության ոլորտում հանքերի շահագործմամբ եւ այդ շահագործումից ստացվող հումքի եւ պատրաստի արտադրանքի արտադրությամբ եւ արտահանմամբ զբաղվող ընկերությունների կապիտալում արգելել այն ընկերությունների մասնակցությունը, որոնք գրանցված են օֆշորում: Երկրորդը, որ Հայաստանի Հանրապետությունում գրանցված հանքերի շահագործմամբ եւ այդ շահագործումից ստացվող հումքի եւ պատրաստի արտադրանքի արտադրությամբ եւ արտահանմամբ զբաղվող ընկերություններին արգելել արտադրանքի վաճառքը օֆշորներում գրանցված ընկերություններին»:

Նախկին վարչապետի ներկայացրած օրենսդրական նախաձեռնության երրորդ կետով առաջարկվում է Հայաստանի Հանրապետությունում գրանցված հանքերի շահագործմամբ եւ այդ շահագործումից ստացվող հումքի եւ պատրաստի արտադրանքի արտադրությամբ եւ արտահանմամբ զբաղվող ընկերություններին արգելել հումքի, նյութերի, սարքերի եւ սարքավորումների տեխնիկայի եւ տեխնոլոգիաների ֆինանսական եւ այլ ծառայությունների գնումները օֆշորային ընկերություններից:

Նշելով, որ կառավարության մոտեցումն այս հարցում համահունչ է ներկայացված օրենսդրական նախաձեռնությանը` Վաչե Գաբրիելյանն ասաց. - «Սակայն օրենսդրական տեխնիկայի տեսակետից այդ նպատակներին այս օրենքի նախագծով հնարավոր չէ հասնել»:

Նախարարի խոսքով, կա մեկ այլ էական խնդիր. - «Ըստ էության, հարաբերությունները կարգավորող օրենսդրության կիրառման առումով պետք է նաեւ օֆշորային գոտիների սահմանում լինի, ինչպես մենք արել ենք «Շահութահարկի մասին» օրենքով: Բացի դրանից, օֆշորային գոտիների սահմանում ունի Հայաստանի կենտրոնական բանկը: Եվ ամենակարեւորը. էական հարցադրումները, որ առաջարկվում են այս օրենքով, մենք արդեն իսկ փորձել ենք լուծել «Տրանսֆերային գնագոյացման մասին» ՀՀ օրենքով, որն այս պահին կառավարության կողմից հավանության է արժանացել եւ գտնվում է Ազգային ժողովում»:

Գաբրիելյանի խոսքով, այս պահին հնարավոր չէ օֆշորային գոտիներում գրանցված ընկերություններին այս օրենքով արգելել գործունեություն ծավալել հանքարդյունաբերության ոլորտում, քանի որ անհրաժեշտ են փոփոխություններ նաեւ «Ընդերքի մասին» օրենքում, եւ այդ ուղղությամբ, նախարարի վկայությամբ, կառավարությունն արդեն աշխատում է:

«Այսպիսով, ընդհանուր առմամբ կողմ լինելով գաղափարին, որ օֆշորային գոտիներում գրանցված ընկերությունների մուտքը սահմանափակենք հանքարդյունաբերության ոլորտ, կարծում ենք, որ օրենքի նախագիծը տվյալ կերպով չունի այն իրավական կառուցվածքը եւ օրենսդրական տեխնիկան, որպեսզի հնարավորություն տա այդ սահմանափակումներն իրականացնել»:

«Պարոն Բագրատյանի առաջարկությունները համահունչ են այն քաղաքականությանը, որը մենք պետք է իրականացնենք, եւ պարոն Գաբրիելյանի ներկայացրած մոտեցումները, կարծում եմ, հիմք են ստեղծում, որպեսզի մենք կարողանանք պարոն Բագրատյանի հետ առավել առավել արդյունավետ օրենքներ մշակենք, որպեսզի այդ վերահսկողությունը կարողանանք պատշաճ ձեւով իրականացնել», - նշեց վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Հրանտ Բագրատյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ կառավարությունից պաշտոնական պատասխան դեռ չի ստացել:

Նա այսօր էլ պնդեց, որ հանքարդյունաբերությունից բյուջե մտնում է 4 անգամ ավելի քիչ գումար, քան պետք է մտնի, ինչը խոսում է ստվերի մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG