Մատչելիության հղումներ

Տնտեսագետ. գնաճը մտահոգիչ չէր լինի, եթե Հայաստանում մեծ չլիներ աղքատների թիվը


Վերջին 4 ամսում Հայաստանի Հանրապետությունում սպառողական գների աճը կազմել է 2.8 տոկոս, իսկ անցյալ տարի նույն ժամանակահատվածում գնաճը 2.1 տոկոս էր:

Հատկապես նկատելի է պարենային ապրանքների գնաճը, որը կազմում է 4.1 տոկոս, իսկ ոչ պարենային ապրաքների եւ ծառայությունների գնաճը մեկ տոկոսի սահմաններում է:

Պարենային ապրաքներից, մասնավորապես, նկատվել է պանրի ու կարագի զգալի թանկացում, ինչի մասին հայտնեց Պետական վիճակագրական ծառայության գների վիճակագրության բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանը: Կենդանական եւ բուսական յուղերի գներն աճել են 11.6 տոկոսով նախորդ տարվա ապրիլի համեմատ, իսկ կարագի գինը վերջին մեկ ամսվա ընթացքում աճել է 3.7 տոկոսով: Մսամթերքի գների աճը նախորդ տարվա ապրիլի համեմատ կազմել է 4.1 տոկոս:

«Անցյալ տարի բավական անբարենպաստ եղանակային պայմաններ են եղել անասնաբուծության համար, եւ տեղի է ունեցել անասունների գլխաքանակի կրճատում, ինչն էլ բերել նրան, որ այս տարի կա արտադրանքի նվազում անցյալ տարվա համեմատ [նույն ժամանակահատվածի]», - տնտեսական վերլուծաբան Արմենակ Չատինյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում բացատրեց, թե, ըստ իրեն, ինչով է պայմանավորված կաթնամթերքի թանկացումը:

Կաթնամթերքից բացի թանկացել են նաեւ այլ պարենային ապրաքներ. ձվի գինը անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համետատ աճել է 14.9 տոկոսով (այժմ շուկայում մեկ ձվի միջին գինը 68.6 դրամ է): Նկատվել է բանջարեղենի գների նվազում է 9.6 տոկոսով, բայց, մրգերի գները բարձրացել են` ապրիլին մարտի համետատ կազմելով 4.4 տոկոս: Հացի գինը նույնպես աճել է` նախորդ տարվա ապրիլի համեմատ կազմելով 10.5 տոկոս: Իջել է շաքարի գինը. այս տարի անցյալ տարվա 457-ի փոխարեն, 418 դրամ է:

Բանջարեղենից եւ շաքարավազից բացի, մյուս պարենային ապրաքների գների աճը տնտեսագետը պայմանավորում է հետեւյալ գործոնով. - «Հիմնականում թանկացել են ներկրվող ապրանքները, ինչի պատճառներից մեկը փոխարժեքի գործոնն է, որովհետեւ այս տարվա ապրիլին նախորդ տարվա համեմատ դրամը 5 տոկոսով արժեզրկվել է, ու եթե քո երկրի հիմնական սննդամթերքի մեծ մասը ներկրվում է, փոխարժեքային գործոնը անպայման բերելու է ներքին շուկայում գների աճի»:

Հայստանում, կրկին ըստ Պետական վիճակագրական ծառայության, միջին աշխատավարձը կազմում է կազմում է 141 հազար 618 դրամ, իսկ նվազագույն սպառողական զամբյուղը մեկ շնչի հաշվով արժե 55 հազար դրամ, որից միայն պարենային ապրաքները կազմում են 31 հազար դրամ:

«Խոսքը [նվազագույն պարենային զամբյուղի մասին] օրգանիզմի կեսագործունեությունը ապահովող ամենանվազագույն անհրաժեշտ մթերքի մասին է», - պարզաբանեց Գուրգեն Մարտիրոսյանը:

Տնտեսական վերլուծաբան Արմենակ Չատինյանը նկատեց, որ գների աճը մտահոգիչ չէր լինի, եթե Հայաստանում մեծ չլիներ աղքատների թիվը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG