Մատչելիության հղումներ

Ըստ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած 2013-ի առաջին եռամսյակի հաշվետվությունների, Հայաստանի բնակչության թիվը չի նվազել: Երկրում շարունակում է ապրել 3 մլն 270 հազար մարդ, որից 1 մլն 600 հազարն ապրում են Երեւանում:

Երեւանի վարչական շրջաններից ամենաշատ բնակչությունն ունի Շենգավիթը: Մարզերից ամենախիտ բնակեցվածն Արմավիրն է, ամենանոսր բնակեցվածը` Վայոց Ձորը: Ամենից շատ գործազուրկներ ապրում են Շիրակի մարզում:

Հայաստանում այս տարի էլ գործազրկության նպաստն ամսական շուրջ 16 հազար դրամ է կազմում: Իսկ ահա միջին ամսական աշխատավարձը պաշտոնապես 141 հազար դրամ է` ներառյալ այս տարվա հունվարի 1-ից ուժի մեջ մտած պարտադիր սոցիալական ապահովության վճարները:

Այս տարի Հայաստանի սահմանային անցակետերով տեղաշարժվել է 657 հազար մարդ, ինչը գրեթե 125 հազարով ավելի է, քան նախորդ տարվա ցուցանիշը: Մեկնողների եւ ժամանողների բացասական հաշվեկշիռն այս տարի կազմել է մոտ 35 հազար մարդ` այսինքն պաշտոնապես այս տարի10 հազարով ավելի շատ մարդ է մեկնել Հայաստանից, քան նախորդ տարվա ընթացքում: Հայաստան եկել են ամենից շատ Իրանի, ԱՄՆ-ի եւ Թուրքիայի քաղաքացիներ:

Արտահանումը շարունակում է շուրջ 3 անգամ պակաս մնալ ներմուծման ցուցանշից: ԱՊՀ տարածքում ամենացածր արտահանման, ուղեւորափոխադրման, բեռնափոխադրման եւ մի շարք այլ ցուցանիշներն ունեն Հայաստանն ու Մոլդովան:

Նախորդ տարվա համեմատ` այս տարի եւս սպառողական գների ինդեքսը 3 տոկոսով ավելացել է: Շուրջ 3 տոկոսով թանկացել են պարենային ապրանքները, 2010-ի համեմատ նույն ապրանքները հայաստանցիները գնում են 23 տոկոսով` շուրջ մեկ քառորդով ավելի թանկ: Շուկայում թանկացել են հատկապես ձուն, մսամթերքն ու հացամթերքը:

Եվրամիության, ԱՊՀ եւ մի շարք այլ երկրների ցանկում Հայաստանը Բելառուսից հետո ամենաբարձր գնաճ ունեցող երկիրն է:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG