Մատչելիության հղումներ

Շաբաթական 40 կամ որոշ դեպքերում առավելագույնը 48 ժամ` ներառյալ հանգստի ընդմիջումը, աշխատանքային տեւողությունը չի վերաբերում Հայաստանում սպասարկման ոլորտում աշխատող հարյուրավոր մարդկանց` մատուցողների, սրճարանների եւ բարերի այլ աշխատողների, տաքսու, երթուղայինների, ավտոբուսների վարորդների:

«Հանգստյան օր չունենք, օրական էլ աշխատում ենք ամենաքիչը 12-14 ժամ: Աշխատում ենք առանց հանգստի օրերի ռոբոտի պես: Տուն ենք հասնում գիշերը 3-ին», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց տաքսու վարոդներից մեկը:

Տաքսու բազմաթիվ վարորդներ աշխատում են 24-ժամյա աշխատանքային ռեժիմով, ամեն հաջորդ օրը մնում են տանը: Հայաստանի օրենսդրությամբ 24-ժամյա աշխատանքային գրաֆիկը չի արգելվում, բայց կա 2005 թվականի կառավարության համապատասխան որոշումը, որը սահմանում է, որ շուրջօրյա աշխատողների աշխատանքային օրվա շաբաթական միջին տեւողությունը չի կարող անցնել 48 ժամը, իսկ Երեւանում 24-ժամյա ռեժիմով աշխատող տաքսու վարոդների աշխատանքի շաբաթական միջին տեւողությունը մոտ 80 ժամ է:

«4 օր եմ աշխատում 24 ժամով: Եթե ես 12 ժամ աշխատեմ, շատ քիչ կլինի վաստակածս գումարը, որով ընտանիք պահել չենք կարող», - ասաց մեկ այլ վարորդ:

«Մի ամբողջ օր աշխատում ենք, մյուս օրն էլ քնում ենք: Մեր վաստակած գումարն էլ կազմում է 5 հազարից 8 հազար դրամ», - ասաց մեկ այլ վարորդ:

8-ժամյա աշխատանքային օրը գերազանցող գրաֆիկով են աշխատում նաեւ երթուղային տաքսիների վարոդները. նրանց աշխատանքային օրվա տեւողությունը օրական կազմում է մոտ 15 ժամ` առավոտվա 8-ից մինչեւ 23-ը: Եթե տաքսի ծառայություններում աշխատող վարորդները սովորաբար օրվա եկամուտը կիսում են ծառայության հետ, ապա երթուղայինի վարորդները «գծի տերերին» են վճարում օրական ֆիքսված գումար, որը կազմում է մոտ 15 հազար դրամ: Շաբաթական հանգստանում են մեկ օր:

«Առավոտը տնից դուրս եկանք, պլանը արդեն կա: Ուզես չուզես պիտի աշխատես, որ տակից դուրս գաս: Օր կլինի լավ կլինի, օր կլինի, չէ: Հաշվել ենք` ամիսը վաստակում ենք 80-90 հազար դրամ», - ասաց երթուղայինի մի վարորդ:

Օրական ոչ պակաս, քան 12 ժամ են աշխատում նաեւ մատուցողներն ու խանութների վաճառողները, ովքեր սովորաբար ունենում են հանգստյան մեկ օր:

«Օրական 15 ժամ եմ աշխատում: Առավոտվա 9-12-ը: Գիշերը հասնում եմ տուն, լոգանք ընդունում ու քնում», - ասաց 21-ամյա մի մատուցողուհի:
XS
SM
MD
LG