Մատչելիության հղումներ

Գյուղացիները վստահ չեն, որ ջրի խնդիրը վերջնական լուծում է ստացել


Արագածոտնի մարզի 12 գյուղերի բնակիչներ զրկվել են խմելու եւ ոռոգման ջրից, քանի որ Ամբերդ գետի վրա կառուցված երեք ՀԷԿ-երը խլում են գյուղերի համար նախատեսված գրեթե ողջ ջուրը:

Այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Ուջանի, Կոշի, Ավանի բնակիչները սպառնում էին, որ ինչպես երեկ կփակեն Երեւան-Գյումրի ավտոմայրուղին, կամ պարզապես կփակեն ՀԷԿ-երը, կամ էլ կթողնեն Հայաստանն ու կհեռանան, եթե իշխանությունները հիմնովին լուծում չտան գյուղացիների համար կենսական նշանակություն ունեցող ջրի խնդրին:

Ավան գյուղի բնակիչների ներկայացմամբ` խնդիրն առաջացել է անցած տարի: Այժմ նրանց համար խնդիր է թե խմելու ջուրը, թե իրենց այգիների, արոտավայրերի համար նախատեսված ջուրը: Ըստ գյուղացիների` տեւական ժամանակով ջրի երես իրենք չէին տեսնում, քանի որ ՀԷԿ-երի սեփականատերը` Իրանի մի քաղաքացի, գյուղերի համար նախատեսված ջուրը ուղղում էր իր ՀԷԿ-եր: Արդյունքում, տարվա ավարտին բերք չստացվեց, իսկ գյուղացիների մեծամասնությունը վար ու ցանք արել էր բանկերից վերցրած վարկերի շնորհիվ, ուստի ստիպված էին վաճառել իրենց ունեցվածքը, որպեսզի փակեն բանկի վարկը:

«Եթե մարդիկ գուզին ստեղից քոչին, բուն պատճառը ջուրն է: Ժողովրդի 50 տոկոսը ընտանիքներով թողել, գնացել է, եսիմ ետ գան, թե չգան: Հլը մի հատ կոշեցոնց, ուջանցոց հարց տուր` ձմեռն ի՞նչ են խմել. ջուր չի եղել: 100 հեկտարներով հողեր մնացել են, ջրի պատճառով չեն ցանել», - պատմում էր Ավան գյուղի բնակիչներից մեկը:

Գյուղացիների խոսքով, ՀԷԿ-երի աշխատանքի հետեւանքով վերանալու վտանգի առջեւ են կանգնել ոչ միայն մարզի մեկ տասնյակից ավելի գյուղեր, այլեւ արդեն իսկ չորանում է ու ոչնչացման վտանգի առջեւ է Ամբերդի ձորի գեղատեսիլ բնությունը` իր ողջ էկոհամակարգով, քանի որ գետի ջուրը էապես պակասել է:

Գյուղացիներն ասում էին, որ դանակը ոսկորին էր հասել, եւ երեկ իրենք ստիպված փակել էին Երեւան-Գյումրի ավտոմայրուղին: Բողոքի ակցիայից հետո հարցին միջամտեցին Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի եւ թիվ 15 ընտրատարածքի պատգամավոր, հանրապետական Մնացական Մնացականյանը: Արդյունքում` դեպի ՀԷԿ-եր ջրի հոսքը սահմանափակվել է եւ գյուղեր կրկին ջուր է հոսել: Սակայն Ուջանի, Ավանի, Կոշի բնակիչները մտավախություն ունեն, թե սա ժամանակավոր է եւ մի քանի օր անց իրենց ջուրը կրկին կկտրեն, ինչպես եղել է անցած տարի:

Արագածոտնի մարզպետ, հանրապետական Սարգիս Սահակյանը հրաժարվեց հարցարզրույցից` նշելով, թե այո, երեկ խնդիր է եղել, սակայն այն լուծվել է. գյուղացիներն արդեն ջուր ունեն:

Ի դեպ, հարցին անդրադարձել է նաեւ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը` նշելով, թե ոլորտի պետական իրավասու մարմիններն իրենց իրավասությունների ոչ պատշաճ են կատարել եւ որ «որոշումների կայացման ժամանակ լիարժեք հաշվի չի առնվել հասարակության կարծիքը եւ արդյունքում գյուղացին զրկվել է ջրից, ապրուստի միջոցից»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG