Մատչելիության հղումներ

Ալավերդու պղնձամոլիբդենային կոմբինատում 2011 թվականին կառուցված նոր ծխատարը, քաղաքի շրջակա գյուղերի բնակիչների պնդմամբ, ոչնչով չի փոխել իրավիճակը:

«Ծխի ամպի պակասելու մասին խոսք չկա: Եթե ամպամած եղանակին նայեք, ամպի այդ շերտը լավ երեւում է: Ինձ թվում է` ծխնելույզի բարձրացումը որոշակի ազդեցություն Օձունի մթնոլորտի վրա չի թողել», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց գյուղի բնակիչներից մեկը:

Հակադարձելով գործարանը շահագործող ընկերության ներկայացուցիչների պնդումներին, թե շրջակա միջավայրի աղտոտվածությունը չի գերազանցում թույլատրելի նորմերը` Օձունի բնակիչներից մեկն ասաց. - «Մենք բոլորս էլ զգացել ենք, որ օդի աղտոտվածությունը պակասել է: Բայց ես խիստ կասկածում եմ, որ դա նորմայի մեջ է»:

«Վալլեքս» խմբի մամուլի խոսնակ Վահրամ Սահակյանի խոսքով, ACP ընկերությունը նոր ծխատարի կառուցումը չի դիտարկել որպես խնդրի արմատական լուծում` ի սկզբանե հայտարարելով, որ դա ժամանակավոր միջոց է:

Խնդրի արմատական լուծումը, ըստ Սահակյանի, «ծծմբական թթվի արտադրություն ենթադրող ժամանակակից պղնձաձուլական գործարանի կառուցումն է, որի համար, ցավոք, այս պահին չկան օբյեկտիվ տնտեսական պայմաններ»:

Ալավերդու բժշկական կենտրոնի ղեկավար Սերոբ Նազարեթյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ իրենք իրականացնում են նախնական եւ պարբերական բուժզննություններ:

«Նախնական քննության ժամանակ հայտնաբերված հիվանդներին, իհարկե, չի թույլատրվում արդյունաբերական տվյալ օբյեկտում աշխատելը: Իսկ պարբերական քննության ժամանակ հայտնաբերված հիվանդների համար մանրամասն բոլոր հիվանդներին մանրակրկիտ ձեւով ներկայացվել է ադմինիստրացիային տվյալ կազմակերպության` պետական միջոցառումները կազմակերպելու նպատակով», - հավելեց Նազարեթյանը:

Ալավերդու քաղաքապետ Արտավազդ Վարոսյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ քաղաքի սոցիալ-տնտեսական զարգացումը դեռեւս երկար ժամանակ կապված կլինի մետալուրգիական արտադրության զարգացման հետ` առաջացնելով որոշակի ռիսկեր:

Քաղաքապետի փոխանցմամբ` համայնքում իրականացվող բնապահպանական եւ առողջապահական միջոցառումները բավարար չեն, ուստի իրենք նախատեսում են նոր ծրագիր իրականացնել 2014 թվականից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG