Մատչելիության հղումներ

Մայիսի 1-ի մամուլ


Մայիսի 1-ի` Աշխատանքի օրվա կապակցությամբ «Հայոց աշխարհ»-ը գրում է. - «Իհարկե, լավ է, որ աշխատանքի օրը նշվում է չաշխատելով, որովհետեւ մարդիկ պիտի ազատ լինեն լիաթոք ուրախանալու համար: Աշխատանքի տոնի մեջ այս վերջին բաղադրիչն է բացակայում` ուրախությունը: Մարդիկ ուրախանալու ոչ հավես ունեն, ոչ հնարավորություն: Եվ ընդհանրապես, ինչ-որ բան նշելու համար մարդ պիտի տրամադրություն ունենա: Կանանց տոնը չհաշված, քանի որ ուզենք-չուզենք, տրամադրում են: Այսօր մեկը կարող է ասել, թե հայ մարդը պետական տոնացույցի առնչությամբ թեկուզ չնչին ուրախություն է ապրում, եթե գիժ չէ: Միակ տոնը, որ սովորույթի ուժով հուսախառն ուրախություն է պատճառում, Ամանորն է: Դե գործազուրկին ասա` աշխատանքի տոնն է, ուրախացիր: Պատասխանն, իհարկե, ենթադրելի է, բայց հրապարակման ենթակա չէ: Լավ են արել, որ հիշել են աշխատանքի մասին, բայց հիշում են նաեւ հանգուցյալներին: Հուսանք, այդպես չէ, քանի որ վաղը Մեռելոցի օր չի հայտարարվել»:

«Հրապարակ»-ի խմբագիրը գրում է. - «Այս օրերին այցելությունների հոսքը խմբագրություն ավելացել է՝ մարդիկ շնչակտուր փորձում են իրենց խնդիրները թերթին հանձնել, որ մինչեւ մայիսի 5-ի ընտրությունները տպագրվեն, եւ «սայլը տեղից շարժվի»: Հետո՝ 4-5 տարի, էլ ո՞վ է տերը: Բոլոր խնդիրները քնեցնելու են, բոլոր հարցերի վրա թքած են ունենալու, ընտրողներն էլ դառնալու են շարքային քաղաքացիներ, որոնց կարծիքից այլեւս ոչինչ կախված չէ: Այ, հիմա է, որ քափ ու քրտինք մտած քաղաքապետացուներն ու նրանց թիմերը համայնքից համայնք են գնում, բակից բակ, քարոզում են, համոզում են, խնդրում են, բացատրում են, սպառնում են, զգուշացնում են. եթե մեզ քվե չտաք, «քաշված եք»՝ էլ չբողոքե՜ք»:

«Առավոտ»-ին տված հարցազրույցում արտգործնախարարի տեղակալ, Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի գլխավոր բանակցող Զոհրապ Մնացականյանը, անդրադառնալով այդ համաձայնագրի կարեւորությանը եւ հարցին` հասարակությունը ե՞րբ կզգա փոփոխություններ, ասում է. - «Եթե ասենք, որ արդեն 2018-ին ամենը փոխված կլինի, իհարկե` ոչ: Ասոցացման պայմանագիրը նաեւ համընկնում է մեր ներքին բարեփոխումների գաղափարասխոսությանը: 2011 թ., երբ մենք դարձան Եվրոպայի խորհրդի անդամ, մեզ մոտ ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ օրենքի գերակայության ամբողջ համակարգը չդարձավ լավագույնը եւ ինչին համապատասխան` արդեն 2002-ին: 2013-ին մենք դեռ բազմաթիվ ուղղություններով աշխատանք ենք տանում, եւ մեր հասարակության մեջ դեռ կան խնդիրներ քաղաքական, հասարակական դաշտում, որոնք վերաբերում են տարբեր ոլորտների: Բայց նաեւ պետք է ընդունենք, որ 2001 եւ 2013 թվականների Հայաստանները արդեն տարբեր Հայաստաններ են: Դա եղել է եվրոպականացում` մեր զարգացման ճանապարհին: Ասոցացման պայմանագիրը դառնում է նոր հանգրվան, նոր հիմք, որտեղ այդ բարեփոխումները իրենց տրամաբանությունը շարունակում են նոր ընթացքի մեջ»:

«Չորրորդ ինքնիշխանություն»-ը գրում է. - «Երբ այս տարվա հունվարի 1-ից ուժի մեջ մտավ «Եկամտային հարկի մասին» նոր օրենքը, իշխանությունները հավաստիացնում էին, թե դա չի ավելացնելու հարկային բեռը: Անցավ ընդամենը չորս ամիս: Պետեկամուտների կոմիտեն ամփոփեց առաջին եռամսյակի տվյալները եւ պարզվեց, որ նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ հարկային եկամուտներն ավելացել են 24.1 տոկոսով: Մի պահ ենթադրենք, թե նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ տնտեսությունն իսկապես էլ մի 6-7 տոկոսով աճել է: Այդ դեպքում, եթե հարկային բեռը մնացել է նույնը, հավաքված հարկերն էլ ընդամենը պիտի 6-7 տոկոսով աճեին: Բայց արի ու տես` 24.1 տոկոսով են աճել, այսինքն հարկային բեռը աճել է մոտ 17-18 տոկոսով (եթե դրամի փոխարժեքի գործոնն էլ հաշվի առնենք` 15 տոկոսով): Մի խոսքով, վարչապետ Տիգրան Սարգսյանը հերթական անգամ «չորով» խաբել է ժողովրդին, հայտարարել է, թե հարկերը չեն բարձրանա, բայց այնպիսի «բարեշրջում» է արել, որ հարկերը միանգամից 15 տոկոսով բարձրացել են: Արդյունքներն իրենց երկար սպասեցնել չեն տվել. Սերժ Սարգսյանի բառերով ասած` մթնոլորտն ավելի գաղջ է դարձել:

«Օրակարգ»-ը «Գնաճը թափ է առնում» վերնագրի ներքո արձանագրում է. - «Ընթացիկ տարվա ապրիլին 12-ամսյա գնաճը կազմել է 3,9%, այն դեպքում, երբ ամսական կտրվածքով արձանագրվել է 0,1% գնանկում։ Ապրիլին տարեկան կտրվածքով թանկացել է հիմնականում սննդամթերքը, բացառությամբ բանջարեղենի եւ կարտոֆիլի»:

Նույն թեմայով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG