Մատչելիության հղումներ

ԲՀԿ. ՀՀԿ-ն իր վերարտադրության համար օգտագործում է բոլոր լծակները


Ոչ իշխանական «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (ԲՀԿ) հայտարարում է, որ իր նախկին կոալիցիոն գործընկեր Հանրապետականն իր վերարտադրության համար օգտագործում է բոլոր հնարավոր լծակները:

Եվ որպեսզի թույլ չտրվի իշխող քաղաքական ուժին կրկին ստանձնել մայրաքաղաքի կառավարումը, կուսակցության ներկայացուցիչները կոչ արեցին չքվեարկել նրա օգտին: ԲՀԿ ղեկավար անդամ, պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Երեւանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ կուսակցության ղեկավար, հայտնի գործարար Գագիկ Ծառուկյանի անունից հայտարարություն հնչեցրեց:

«ԲՀԿ-ի, նրա առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կողմից հայտարարում եմ` ժողովուրդ, մենք երաշխավորում ենք, ընտրելով մեզ, դուք ունենալու եք լրջագույն փոփոխություններ, սկսելու ենք Երեւանից եւ փոխելու ենք, որովհետեւ այսպես շարունակել այլեւս չի կարելի, որովհետեւ շարունակումը նշանակում է վերջնականապես հայաթափված Հայաստան», - ասաց Զոհրաբյանը:

Երեւանի ավագանու ընտրությունների ողջ քարոզարշավի ընթացքում ԲՀԿ-ն քննադատեց ու շարունակում է քննադատել իշխող քաղաքական ուժին` կոչ անելով նրանից ազատվելու այս հնարավորությունը ճիշտ օգտագործել:

«Գիտենք, որ տարբեր թաղային հեղինակություններ, տարբեր պատգամվորներ, որոնք կարծում են, թե այս թաղը իրենց սեփականությունն է, փորձում են տարբեր ճնշումներ , իրենց շպրտած մի քանի կոպեկով վախեցնել, ահաբեկել, ասել, որ իրենք են ձեր տերը, իրենք ինչպես ասեն, այդպես էլ պիտի անեք… սիրելի ժողովուրդ, այդպես չէ, Երեւանի տերը դուք եք», - ասաց Նաիրա Զոհրաբյանը:

Երեւանի ավագանու ընտրություններում ԲՀԿ-ի ընտրացուցակը գլխավորող Վարդան Օսկանյանն ու Զոհրաբյանը Հանրապետականի կողմից տարբեր խախտումներ ու թերացումներ հնչեցրին: Նրանք մատնանշեցին նաեւ տարբեր լծակներով այս կամ այն կառույցի հետ կապ ունեցող մարդկանց պարտադրելու, ստիպելու դեպքերը:

Զոհրաբյանը պատմեց, որ այս թաղամասի մանկապարտեզներից մեկի տնօրենն իր սաների այն հարազատներին, ովքեր մասնակցել են ԲՀԿ քարոզարշավին, կանչել է ու հորդորել երեխային հանել մանկապարտեզից: Տնօրենը հեգնել է, թե երեխաներին կարող են տանել ԲՀԿ-ական մանկապարտեզ: Զոհրաբյանի եւս մեկ օրինակ բերեց դպրոցի տնօրենների մասին, ովքեր ուսուցիչներին պարտադրում են Հանրապետականի պոտենցիալ ընտրողների ցուցակ բերել:

Օսկանյանը շարունակեց իշխող ուժի կողմից կիրառվող ճնշումների մասին օրինակները:

«Ծառատունկի էինք գնացել, ԲՀԿ-ի երիտասարդական թեւի ներկայացուցիչներով խանդավառությամբ մի 50-100 ծառ տնկեցինք, տարել էինք մեզ հետ մի ջրող մեքենա, հետո իմանում ենք, որ այդ մեքենայի վարորդին աշխատանքից հանել են: Սա ընդամենը մեկ օրինակ է, մեզ մոտ արդեն մարդկանց մեծ ցուցակ կա», - պատմեց Օսկանյանը:

Հանդիպման վերջում Զոհրաբյանն, ի պատասխան Ազատություն ռադիոկայանի դիտարկման, անդրադարձավ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ունեցվածքի շուրջ վերջերս բարձրացված սկանդալին: Զոհրաբյանն ասաց, թող իրավապահները տան այդ հարցերի պատասխանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG