Մատչելիության հղումներ

Հանգուցյալի՝ 65-ամյա գործարար Ժորժ Բաղումյանի փաստաբանը տեղի ունեցածը «խայտառակ դեպք» է որակում։

65-ամյա իրանահայ գործարար Ժորժ Բաղումյանի կալանքը երկարացնելու վերաբերյալ դատարանի որոշումից երեք օր անց նա մահացել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում:

Գործարարն առողջական լուրջ խնդիրներ է ունեցել՝ սրտամկանի ինֆարկտ է տարել տարիներ առաջ, մահվանից առաջ տառապում էր շաքարային դիաբետով, հետինֆարկտային կարդիոսկլերոզով, զարկերակային հիպերտենզիայով:

Չնայած նման առողջական խնդիրներին` նրան ոչ միայն գրավով կամ ստորագրությամբ չեն ազատել կալանքից, այլեւ չեն տեղափոխել դատապարտյալների հիվանդանոց:

Փաստաբան Մուշեղ Շուշանյանը պաշտպանյալին կալանքի տակ պահելու վեց ամիսներին նրա առողջական վիճակի մասին տեղյակ է պահել Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայքների առաջին ատյանի դատարանի դատավոր Էդիկ Ավետիսյանին, ինչպես նաեւ Վերքաննիչ դատարանի դատավոր Արարատ Պետրոսյանին: Նա, մասնավորապես, դատարաններին հայտնել է, որ իր պաշտպանյալին չի ցուցաբերվում եւ չի էլ կարող ցուցաբերվել պատշաճ բժշկական օգնություն քրեակատարողական հիմնարկում:

«Ապրիլի 22-ին արդեն այդ հարցը շատ ավելի կտրուկ դրվեց իմ կողմից։ Ուղղակի հայտարարեցի, որ դատարանը, եթե բավարարի քննիչի միջնորդությունը, Ժորժ Բաղումյանի նկատմամբ ըստ էության կայացնում է մահվան դատավճիռ», – նշեց փաստաբանը։

Ըստ նախաքննական մարմնի՝ առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելու եւ ապօրինի զենք պահելու մեջ մեղադրվող 65-ամյա Ժորժ Բաղումյանի կալանքը երկարացնելու միջնորդությունը Պետեկամուտների կոմիտեի քննչական վարչության քննիչ Անտոնյանը հիմնավորել է մտավախությամբ, որ Բաղումյանը, ազատության մեջ հայտնվելով՝ «կարող է հիմնադրել նոր ընկերություններ, կատարել գործարքներ, առաջացնել հարկային պարտավորություններ ու չվճարել հարկերը»:

Այս մտավախությունը «ծայրաստիճան ցինիզմ» է որակել փաստաբան Մուշեղ Շուշանյանը՝ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի դատարանին առարկություններ ներկայացնելիս: Փաստաբանը պնդել է, որ կալանքը երկարացնելու՝ քննիչի միջնորդությունն անհիմն է, անօրինական է, կամայական:

Ժորժ Բաղումյանի ամերիկաբնակ եղբայրը՝ Սերժ Բաղումյանը, վերհիշելով իր եւ հանգուցյալի հետ զրույցները՝ ասաց, որ հաճախ են խոսել այն մասին, որ Հայաստանում անհասկանալի ձեվով չեն պատժում հարկերից իրապես խուսափող մականունավոր օլիգարխներին: Նրա բնորոշմամբ՝ Հայաստանում գործող համակարգը սպանել է իր եղբորը։

«Նման խայտառակ դեպքից հետո արդարադատության նախարարը անմիջապես պետք է հրաժարական տար։ Խայտառակություն է, երբ նման պայմաններում մարդ է մահանում», – նշեց փաստաբանը։

Ի դեպ, Ժորժ Բաղումյանը ղարաբաղյան պատերազմի տարիներից շարունակել է հոր գործը՝ պաշտպանության նախարարությանն ապահովել է մարտկոցներով: Բաղումյանն ունեցել է բիզնեսներ։ Փաստաբանի եւ հանգուցյալի եղբոր պնդմամբ՝ համակարգը հետապնդել է իրանահայ գործարարին՝ նրան ունեզրկելու նպատակով:

Իրանահայ գործարարի մահվան կապակցությամբ Էրեբունիի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Դատաբժշկական փորձաքննության եզրակացությունից հետո պարզ կլինի՝ կհարուցվի՞ քրեական գործ, թե՞ ոչ, «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության բաժնից:

Ի դեպ, փաստաբան Մուշեղ Շուշանյանն այսօր ասաց, որ Նուբարաշենի մեկուսարանում ներկայումս կան պոտենցյալ զոհեր: Նրա խոսքով՝ կալանավայրում վտանգված է մեկ այլ գործարարի՝ Բորիս Պետրոսյանի կյանքը եւս։
XS
SM
MD
LG