Մատչելիության հղումներ

Ոստիկանապետը խոստանում է` «կլանավորման կլոնավորումը» կդադարեցվի


Ոստիկանության առգրաված զենք-զինամթերքը
Ոստիկանության առգրաված զենք-զինամթերքը
Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը այսօր Գյումրիում լրագրողներին ներկայացրեց այն երեք տասնյակից ավելի միավոր զենք-զինամթերքը, որ ոստիկանները հայտնաբերել են նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ու պատգամավոր Մարտուն Գրիգորյանի` իրար դեմ «պատերազմող» մերձավոր շրջապատից:

«Սա ընդամենը մեկ երրորդ մասն է, մեծ մասը տեղափոխվել է Երեւան, փորձաքննություն է նշանակված: Այս «ցուցահանդեսից» հետո սրանք նույնպես գնալու են Երեւան եւ փորձաքննություն նշանակվի: Այս բոլոր զենք-զինամթերքները ստուգվելու են այս կամ այն հանցագործության հետ կապված` կլինի այստեղ, թե հանրապետության մեջ ընդհանրապես», - հայտարարեց Գասպարյանը:

Գյումրիում ոստիկանության լայնածավալ ստուգումները սկսվեցին ապրիլի 23-ին գրանցված ողբերգական միջադեպից հետո, երբ քաղաքի կենտրոնական փողոցներից մեկում հնչած կրակոցներից սպանվեց մեկ մարդ, եւս մեկն էլ ծանր վիրավորում ստացավ: Այս գործով կա երկու կալանավորված` Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբորորդին` Վահե Ղուկասյանը եւ խորհրդարանի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանի ընտանիքի կնքահոր, վիրավորում ստացած Հարություն Խաչատրյանի որդին` Գեւորգ Խաչատրյանը: Դեպքից երկու օր անց ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը այցելել էր Գյումրի ու բավականին կոշտ արտահայտվել, ասել էր` քաղաքում կա երկու կլան եւ որ այդ երկու կլանները կամ խելքները գլուխները կհավաքեն, կապրեն հասարակությանը համահունչ, կամ չեն ապրի հասարակության մեջ, կհայտնվեն այնտեղ, որտեղ պետք է հայտնվեն: Գյումրիում արդեն մեկ շաբաթ է ուժեղացված ռեժիմով հսկողություն են իրականցնում հատուկ ջոկատայինները:

«Ինչ կլաններ էլ ուզում են լինել, ոչ մեկը հաղթող չի լինելու, հաղթելու է միայն օրենքը: Այնպես որ կլանավորումը եւ կլանավորման կլոնավորումը դադարեցված է, չի լինելու: Դա չի նշանակում, որ մենք այս ժամանակահատվածում պասիվ ենք եղել: Դա նշանակում է, որ մենք բացատրական աշխատանքներ ենք տարել: Միգուցե մի քիչ լավ չենք բացատրել, համոզիչ չենք եղել, հիմա մի քիչ ավելի համոզիչ ենք, երբ կավարտենք միջոցառումները եւ մարդիկ կլինեն, որ զենքերը չեն հանձնի, դրանից հետո կլինենք խիստ համոզիչ», - այսօր խոստացավ ոստիկանապետը:

Հիշեցնենք, Վարդան Ղուկասյանի եւ Գրիգորյանի հարաբերությունները լարվեցին 2008-ի քաղաքապետի ընտրությունների ժամանակ, երբ Գրիգորյանն իր թեկնածությունն առաջադրեց Գյումրին մոտ 13 տարի ղեկավարած Ղուկասյանի դեմ: Այս երկու գերդաստանների, նրանց թաղերի (Արցախ եւ Սլաբոդկա), նաեւ նրանց համակիրների միջեւ պարբերաբար գրանցվում են միջադեպեր: Դրանց մեծ մասը ավարտվել են կամ կրակոցներով, կամ ծեծկռտուքով:

Ոստիկանապետն ասաց` միամիտ չէ, չի հավատում, որ զենքերը հավաքելուց հետո Գյումրիում այլեւս կրակոցներ չեն հնչի:

«Կանխատեսելի միջոցառում էր սա, որ այդ դեպքերից հետո նման աշխատանքներ տարվելու էին, եւ բնական է, բոլոր սրիկաները, որ փափագում են, որ կացնի ժամանակը, նորից կվերականգնեն սա, քողարկել են, պահել են, թաքցրել են: Ես դա հասկանում եմ, ես դա գիտեմ: Ես շատ բաց եմ ասել, որ որոշակի ժամանակ եմ տալիս` երեք շաբաթ, նստեք, մտորեք, խորհրդակցեք, հասկացեք, հավաքեք, բերեք, հանձնեք: Դրանից հետո երբ ոստիկանությունը նորից կհայտնաբերի [զենքեր], մտորելու ժամանակ չեք ունենա, ուղիղ գաղութ, ուղիղ այնտեղ, որտեղ պետք է լինեն», - հայտարարեց Վլադիմիր Գասպարյանը:
XS
SM
MD
LG