Մատչելիության հղումներ

logo-print

Ապրիլի 30-ի մամուլ


Մամուլը եռանդով արձագանքում է հաշված օրեր անց տեղի ունենալիք ընտրություններին առնչվող հարցերին:

«Հրապարակ»-ի խմբագիրը գրում է. - «Որքան մոտենում է ընտրությունների օրը, այնքան կոշտանում են գնահատականները, հիստերիկ դառնում ելույթները, պրկվում ընտրարշավ իրականացնողների նյարդերը: Մնաց 5 օր: Այսօր արդեն մի քանի արձանագրում կարելի է անել: Նախ այն, որ երեւանցին` ընտրողը, բավականին անտարբեր է ավագանու ընտրությունների նկատմամբ: [...] Երկրորդ դիտարկումը, որ կուզեի անել, այն է, որ ընտրությունների համար հայտ ներկայացրած կուսակցություններից ոչ մեկը համակիրների մեծ բանակ չունի, եւ ընտրարշավի ընթացքից արդեն կարելի է եզրակացնել, որ ընդգծված լիդեր չի լինելու: Եվ, ըստ էության, շահելու է այն ուժը, որը կարողանալու է ընտրողին բերել ընտրատեղամաս: Թե ինչպես կբերի` զոռով-շառով-խաթրով-խաբելով, թե փողով, այլ հարց է եւ կերեւա քվեարկության օրը: Երրորդ դիտարկումը, որ կարելի է անել, հենվելով նախորդ ընտրությունների փորձի վրա, այն է, որ ընտրությունների նախօրեին հնարավոր չէ գուշակել ընտրողի կամքը. հայ ընտրողը, կոպիտ ասած, այնպես է «շնացել», որ իր մտադրությունը թաքցնում է մինչեւ վերջին օրը, եւ միայն քվեատուփերը բացելուց հետո է պարզվում, թե ինչպես է քվեարկել: Այնպես որ, մասնակից ուժերի հիստերիան միանգամայն հասկանալի է»:

«Ժամանակ»-ը գրում է. - «Որքան մոտենում է Երեւանի քաղաքապետի` ձեւով համայնքային, բայց բովանդակությամբ համապետական ընտրությունը, այնքան հասարակության մոտ հարցեր են առաջանում ավելի շատ հետընտրական զարգացումների կապակցությամբ: Ի՞նչ է լինելու մայիսի 5-ից հետո: Այդ հարցը այսօր հուզում է շատերին, առավել եւս նրանց, ովքեր մեր երկրում սպասում են հասարակական-քաղաքական, սոցիալ-մշակութային կյանքի լուրջ վերափոխումներ եւ այդ կապակցությամբ որեւէ հույս չեն կապում ներկայիս իշխանության հետ: Իսկ այդպիսիք Հայաստանում մեծամասնություն են, մեղմ ասած` ճնշող մեծամասնություն: Դա է պատճառը, որ Հայաստանի հասարակությանը այնքան էլ չի հուզում հարցը, թե ով ինչքան ձայն է տանելու ընտրությանը: Դա վաղուց հայտնի է բոլորին: Խնդիրն այն է, թե արդյոք ի՞նչ են լինելու ընդդիմության ձայները»:

«Չորրորդ ինքնիշխանություն»-ը գրում է. - «Իրավիճակը իսկապես էլ բավականին պարզ է, թեեւ առաջին հայացքից կարող է թվալ, թե ամեն ինչ չափազանց խճճված է, կարգին չի էլ հասկացվում, թե ով է ընդդիմադիր եւ ով` հաճախորդ: Ամբողջ խնդիրն այն է, որ Երեւանի քաղաքապետի ընտրություններն ընդամենը երկու բաղադրիչ ունեն` քաղաքական եւ «սոցիալ-տնտեսական», ընդ որում` երկու դեպքում էլ շարքային ընտրողի համար կողմնորոշվելը բավականին հեշտ է: Սկսենք քաղաքականից: Հասկանալի է, որ խոսքը այդ դեպքում ՀՀԿ-ի քաղաքական մենաշնորհը վերացնելու մասին է, իսկ դա նշանակում է, որ ում ասես կարելի է ընտել` բացի ՀՀԿ-ից: Այլ կերպ ասած` բոլոր նրանք, ովքեր առաջիկա ընտրություններին առավելապես քաղաքական են համարում, մայիսի 5-ին պիտի մտնեն քվեախցիկներ եւ ընտրություն կատարեն ցուցակի հինգ ուժերի միջեւ` «մոռանալով» ՀՀԿ-ին եւ ՕԵԿ-ին: Հիմա ենթադրենք, թե առաջիկա ընտրություններն ընդհանրապես քաղաքականության հետ կապ չունեն, եւ երեւանցիներին ընդամենը պիտի որոշեն, թե ով կլինի լավագույն քաղաքապետը: Այս դեպքում նույնպես ամեն ինչ պարզ է, որովհետեւ չափորոշիչներն ընդամենը երկուսն են: Երեւանի ապագա քաղաքապետը պիտի միաժամանակ եւ քաղաքը ղեկավարելու փորձ ու հմտություններ ունենա, եւ ազնիվ մարդ լինի, որպեսզի այդ հմտությունները չօգտագործի անձնական շահի համար, պարզ ասած` չթալանի: Եթե հարցին նայում ենք այս տեսանկյունից, ընտրությունը հեշտանում է: Տարոն Մարգարյանն, օրինակ, քաղաքը ղեկավարելու փորձ ունի, բայց ինչ-որ ձեւով հաջողացրել է մուլտիմիլիոնատեր դառնա, այսինքն` ազնվության հետ կապված պրոբլեմներ ունի»:

«Ազգ»-ը գրում է. - «Այդուհանդերձ, ի՞նչ է տալիս երեւանցուն մայիսի 5-ի ընտրությունների քաղաքակա՞ն, թե՞ ապաքաղաքական լինելը: Ընդդիմությանն ու իշխանությանը, հասկանալի է, թե ինչ է տալիս: Առաջինը, պնդելով ընտրությունների քաղաքական լինելը, ընտրողներին փորձում է հնարավորինս երկար պահել քաղաքականապես ակտիվ` նախագահական անցած ընտրություններից հետո, իսկ իշխանությունը` հակառակը, պնդելով, թե ընտրությունները քաղաքական չեն, փորձում է մարել քաղաքական ակտիվությունը հասարակության մեջ, ինչն առանց դրա էլ մարում է: Ինչ վերաբերում է սովորական երեւանցուն, ապա վերջինս ընտրություններին մասնակցում է ոչ թե ելնելով գաղափարական սկզբունքներից, այլ ձգտելով ավելի լավ ապրել: Հետեւաբար մայիսի 5-ին կայանալիք ընտրությունները ոչ այնքան երեւանցունն են, որքան դրան մասնակից քաղաքական ուժերից հաղթողինը»:

Մեկնաբանելով «Նաիրիտի» բանվորների բողոքի ցույցը, ովքեր պահանջում էին իրենց 11 ամսվա աշխատավարձը, «Օրակարգ»-ը գրում է. - «Ուշագրավ է, որ «Նաիրիտ»-ի աշխատակիցները իրենց աշխատավարձերը պարբերաբար պահանջում են Հայաստանի կառավարությունից, ոչ թե քիմիական հսկայի 90 տոկոսի բաժնետոմսերի սեփականատեր մասնավոր ընկերությունից: Կառավարությունը «Նաիրիտի» բաժնետոմսերի ընդամենը 10%-ի սեփականատերն է, իսկ գործարանի 90% բաժնեմասը պատկանում է օֆշորային Բրիտանական Վիրջինյան կղզիներում գրանցված Rhinoville Property Limited ընկերությանը»:

Նույն թեմայով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG