Մատչելիության հղումներ

Ոչ իշխանական ուժեր. Մարզերի բնակիչներին գրանցում են Երեւանում


Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող ոչ իշխանական ուժերը լուրջ մտահոգություն ունեն, որ ընտրություններում կարող են քվեարկել նաեւ մարզերի բնակիչները:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար անդամ Նաիրա Զոհրաբյանը փոխանցեց, որ իրենք կոնկրետ ահազանգեր են ստացել. - «Մասնավորապես, այսօր տեղեկատվություն ստացանք Աջափնյակի հետ կապված, որ բերվում են տարբեր մարզերից բնակիչներ, գրանցվում են: Քանի որ ընտրակեղծարարության փիլիսոփայությունը ինձ համար խորթ է, ես դժվար եմ պատկերացնում, թե ինչպես է իրականացվում: Մեր պատասխանատուները դրանով զբաղվում են: Այո, լրջագույն մտահոգություն կա ոչ-երեւանաբնակ քաղաքացիներին Երեւանի գրանցում տալու եւ ընտրություններին նրանց մասնակից դարձնելու վերաբերյալ: Սա թիվ մեկ մտահոգությունն է»:

Նույն մտահոգությունն է բարձրաձայնում նաեւ ընդդիմադիր ՀԱԿ-ի ղեկավար անդամ Լյուդմիլա Սարգսյանը` վկայակոչելով ուռճացված ընտրացուցակները. - «Դա արդեն վկայում է այն մասին, որ «նախապատրաստական» աշխատանքներն արդեն տարվում են»:

Նշենք, որ Ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության տվյալներով, այժմ մայրաքաղաքում կա շուրջ 818 ընտրող` 7 հազարով ավելի, քան փետրվարի 18-ի նախագահական ընտրությունների ժամանակ:

Ընդդիմադիրներն անհեթեթ են համարում, որ մայրաքաղաքի ավագանու ընտրությունների քարոզարշավին մասնակցում են մարզպետները:

«Երբեւիցի մարզպետ չի եկել Երեւան քաղաքի ընտրություններին մասնակցելու: Սա խոսում է այն մասին, որ կա լուրջ վախի զգացում, եւ այդ վախի զգացումը հենց նրա հիման վրա է, որ այս մարդիկ հասկանում են, թե իրենց իրական քվեն ինչքան է Երեւան քաղաքում: Դրա համար էլ ներգրավում են լրացուցիչ ուժեր` այդ թվում նաեւ մարզպետներին են ներգրավում», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Զարուհի Փոստանջյանը («Ժառանգություն»):

«Բարգավաճ Հայաստան»-ի խորհրդարանական խմբակցության անդամ Լյովա Խաչատրյանը համոզմունք հայտնեց, որ իշխանական ուժը ներկայացնող մարզպետների մասնակցությունը մայրաքաղաքի ավագանում ընտրությունների քարոզարշավին որեւէ արդյունք չի տալու, նրանք, պարզապես «փորձում են իրենց պաշտոնները պահել եւ վերարտադրվել»:

Խաչատրյանը դրանում, այդուհանդերձ, դրական կողմ էլ տեսնում է. - «Գոնե այդ փոքրիկ ժամանակահատվածում մարզի ժողովուրդը շունչ է քաշում: Գոնե սրանով մի բարի գործ են անում, որ թողնում են այդ ժամանակահատվածում մարզը»:

Իշխող կուսակցության փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանն անհիմն է համարում այս մտահոգությունները: Քարոզարշավին մարզպետների ներգրավվածությունը, այն, որ մարզերի բնակիչները կարող են հորդորել մայրաքաղաքի իրենց բարեկամներին ձայն տալ Հանրապետականին, նա «նորմալ» է համարում, որ . - «Դրա մեջ ոչ մի վատ բան չկա: Բոլորն էլ թող այդ ճանապարհով շարժվեն»:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Զոհրաբյանն ասաց, թե իրեն հայտնի չեն դեպքեր, երբ մարզերի բնակիչներին գրանցել են Երեւանում. - «Կարծում եմ, օրենքի խախտում կլինի»:

Զոհրաբյանը նաեւ վստահություն հայտնեց, որ Հանրապետական կուսակցությունը հաղթելու է ընտրություններում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG