Մատչելիության հղումներ

Հովհաննիսյանը կարծում է` իրավիճակ փոխելու համար ցնցում է անհրաժեշտ


«Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը մամուլի ասուլիսում, 29-ը ապրիլի, 2013

«Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը մամուլի ասուլիսում, 29-ը ապրիլի, 2013

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը կարծում է, որ Հայաստանում իրավիճակ փոխելու` «առաջ անցնելու եւ նորմալ պետության շինարարության անցնելու» համար ցնցում է հարկավոր:

Նման հայտարարություն Հովհաննիսյանն արեց երկուշաբթի հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ` արձագանքելով լրագրողներից մեկի այն հարցին, թե ինչո՞ւ աշխարհի շատ երկրներում ընդդիմությանը հաջողվում է իշխանություն փոխել, իսկ Հայաստանում` ոչ, չնայած վերջին երկու տասնամյակների ընթացքում ընդդիմադիր տարբեր շարժումներ փորձել են դա անել:

«Մի կողմից կա մեզ հայտնի հետխորհրդային ուղղահայացը, որը գործում է, որն ինքն իրեն սնուցում է, այնպես է անում, որ երբեւէ չզիջի, որովհետեւ եթե զիջի, իր համար լավ չի լինի: Երկրորդ, ուրիշների եւ իմ նման մեծ-մեծ խոսողները` թեկնածուները կամ հակաթեկնածուները, կամ այլընտրանքայիները, խոսում են առանձին-առանձին, բայց ճակատագրական պահին ի մի չեն բերում իրենց մոտեցումները», - ասաց Հովհաննիսյանը:

Նրա կարծիքով` երրորդ պատճառը ռեսուրսն է` նյութական, մարդկային, կազմակերպչական պաշարը, միջոցը, որը «միշտ պակասել է հետխորհրդային Հայաստանում կամ հետխորհրդային տարածքում»:

«Եվ չորրորդը, մենք կարող ենք համեմատել Ռուսաստանի կամ Վրաստանի կամ այլ երկրի հետ: Վրաստանում մի պահ կար, այդ պահը եկավ, ինչ-որ մի բռնի մոտեցում կար, Շեվարնաձեն մի քիչ տեղի տվեց, բայց բռնի մուտք կար դեպի խորհրդարան: Արդյոք Հայաստանի խաղաղ, էվոլյուցիոն, նորմալ ճանապարհի համար պե՞տք է ցնցում, պե՞տք է դիակ, որպեսզի մենք կարողանանք անցնել… ես դրա պատասխանը չունեմ, կուզենայի ձեզնից լսել` արդյոք այդ ցնցումը պե՞տք է, որ մենք գիտակցության գանք եւ անցնենք առաջ նորմալ պետության շինարարության: Ես կարծում էի` միգուցե գիտակցաբար, թե ոչ, որ դա պետք է, միգուցե էլի պետք է... բայց երբ հիմա հետեւում եմ, թե ով ինչպես է արտահայտվում, ես վստահ չեմ, որ անգամ այդ ցնցումը հայաստանյան իրավիճակում ինչ-որ մեծ բան կփոխի, եթե չկա ժողովրդի, ընդդիմադիր գործիչների եւ մնացածի նյութական ռեսուրսների միացումը մի տեղ, մի տարածքի մեջ, մի ժամանակի մեջ, որ մի գործ անեն: Ես կարծում եմ, որ ցնցումը պետք է», - հայտարարեց Հովհաննիսյանը` հույս հայտնելով, որ առաջիկա ամիսների ու տարիների ընթացքում ինչ-որ մի փոփոխություն կգրանցվի:

Հովհաննիսյանը վստահ է, որ «ապօրինի, ընտրություն գողացած հերթական իշխանությունը հինգ տարին չի հանի»:

«Ազատություն» ռադիոկայանի այն հարցին, թե հավանակա՞ն համարում է, որ երեւանյան ընտրություններից հետո ընդդիմադիր, ոչ իշխանական քաղաքական ուժերը կկարողանան միավորել իրենց ստացած քվեները ու կընտրեն Երեւանի ընդդիմադիր քաղաքապետ, Րաֆֆի Հովհաննիսյանն պատասխանեց. - «Իմ տպավորությունը այն է, որ անգամ այս համեստ միջոցներով, ինչպես փետրվարի 18-ին, այնպես էլ մայիսի 5-ին «Բարեւ, Երեւանը» կհաղթի: Անգամ եթե որեւէ մի ուժ ազատ, արդար կամ անազատ եւ անարդար ընտրությունների դեպքում չգրանցի 40 տոկոս պլյուս մեկ քվեն, ես կարծում եմ, որ մենք կունենանք այն վիճակը, որի հետքերով կունենանք քաղաքապետ, որը չի ներկայացնում իշխող կուսակցությունը»:

«Ժառանգության» առաջնորդից նաեւ հետաքրքրվեցինք, թե համապատասխանո՞ւմ է իրականությանը լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկությունն այն մասին, որ ապրիլի 9-ին միջադեպ է տեղի է ունեցել Րաֆֆի Հովհաննիսյանի ու Երեւանի այլեւս նախկին ոստիկանապետ Ներսես Նազարյանին միջեւ եւ որ վերջինս անգամ հայհոյել է Հովհաննիսյանին: Ըստ լրատվամիջոցների, Նազարյանի պաշտոնանկության հիմնական պատճառը հենց այդ միջադեպն է եղել:

«Ես գեներալ Նազարյանին վերագրվող հայհոյանքները չեմ հիշում, չեմ լսել, բայց իր եւ իր ենթակաների պահվածքը, իմ կարծիքով, Հայաստանի Հանրապետության ոստիկանին անվայել էին», - ասաց նա:
XS
SM
MD
LG