Մատչելիության հղումներ

Մարզպետը չի հերքում իր մասնակցությունը երեւանյան ընտրարշավին


Մայիսի 5-ի ընտրությունների քարոզչական պաստառներ Երեւանի փողոցներում, ապրիլ, 2013թ.
Մայիսի 5-ի ընտրությունների քարոզչական պաստառներ Երեւանի փողոցներում, ապրիլ, 2013թ.
Գեղարքունիքի մարզպետ, իշխող Հանրապետական կուսակցությունը ներկայացնող Ռաֆիկ Գրիգորյանը չի հերքում, որ մասնակցում է Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավին: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նա հավաստիացրեց, որ դա անում է աշխատանքային ժամերից հետո:

«Աշխատանքից հետո մասնակցում եմ քարոզարշավին Երեւան քաղաքում: Այլ մեթոդներ Գեղարքունիքի մարզում չի կիրառվել` եթե կիրառվեր, դուք լսած կլինեիք», - ասաց Գրիգորյանը:

Հիշեցնենք, որ «Հայ ազգային կոնգրես» (ՀԱԿ) կուսակցությունը` ի դեմս Երեւանի ավագանու ընտրություններում ՀԱԿ-ի ցուցակը գլխավորող Վահագն Խաչատրյանի, բակային հանդիպումների ժամանակ բազմիցս նշել է, որ Հանրապետական կուսակցությունը այսօր իր բոլոր ուժերը կենտրոնացրել է մայրաքաղաքի ավագանու ընտրությունների վրա, եւ բոլոր մարզպետներին հանձնարարված է շտաբներ բացել Երեւանում: «Եվ այստեղ շտաբի պետեր են նշանակված մարզպետները, հավաքում են իրենց ընկերներին, ծանոթներին` ցուցակ են կազմում», - ասել է, մասնավորապես, Խաչատրյանը:

Շտաբներ բացելու եւ դրանք ղեկավարելու մեղադրանքը մարզպետը անհիմն է համարում, քանզի, ըստ նրա, դրանք բացելու անհրաժեշտություն չկա: «Ասենք, ինչի՞ համար, շտաբ բացելը ո՞րն է` ես չեմ հասկանում: 440 շտաբ Հանրապետական կուսակցությունը բացել է, ինչի՞ մասին է խոսքը: Եթե ես գնում եմ, անհրաժեշտություն կա, մասնակցեմ, ես գնում եմ ցանկացած տարածաշրջանի Հանրապետական կուսակցության շտաբ եւ այնտեղ մասնակցում եմ այդ քարոզարշավին», - ասաց Ռաֆիկ Գրիգորյանը:

ՀԱԿ-ի ցուցակում երկրորդ տեղը զբաղեցնող Զոյա Թադեւոսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հաստատեց, որ Ընտրական օրենսգիրքը դա թույլատրում է, սակայն ընդգծեց. - «Արդյո՞ք նա իրականում դա իրականացնում է աշխատանքային օրվա ավարտից հետո` ժամը 6-ից հետո, դա արդեն պետք է պարզել»:

Իր հերթին, մարզպետ Գրիգորյանը պնդում է, որ հենց ընդդիմադիր քաղաքական ուժերից մեկն էր մի քանի օր առաջ եկել Գեղարքունիքի մարզ եւ քարոզչություն իրականացնում: Հարցին, թե կոնկրետ ո՞ր ընդդիմադիր ուժը, մարզպետը պատասխանեց` «Ժառանգություն»-ը չէր:

«Իրենց այցելության նպատակը միայն մեկ բանում էր կայանում, որ «ձեր ծանոթներին, բարեկամներին, հարազատներին խնդրում ենք ասեք, որպեսզի գան Երեւանի ընտրություններին մասնակցեն», ասեն` ձայնը տալ էսինչի օգտին: Մենք չահազանգեցինք: Բայց ինչի՞ համար, բայց դա նորմալ է, մարդիկ նորմալ են համարում, թող քարոզեն», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Ռաֆիկ Գրիգորյանը:

Զոյա Թադեւոսյանը հերքեց, թե ՀԱԿ-ը մեկնել է Գեղարքունիք նման նպատակով: «Երբեք, մենք դրա ժամանակը չունենք», - հայտարարեց նա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG