Մատչելիության հղումներ

logo-print

Կոսովոյի եւ Սերբիայի համաձայնությունը` կարեւոր նախադեպ


Բելգիա - Ձախից` աջ. Սերբիայի վարչապետ Իվիցա Դաչիչը, Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ալեքսանդր Վերշբոուն եւ Կոսովոյի վարչապետ Հաշիմ Տաչին Բրյուսելում ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում, 19-ը ապրիլի, 2013թ.

Բելգիա - Ձախից` աջ. Սերբիայի վարչապետ Իվիցա Դաչիչը, Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ալեքսանդր Վերշբոուն եւ Կոսովոյի վարչապետ Հաշիմ Տաչին Բրյուսելում ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում, 19-ը ապրիլի, 2013թ.

Ամերիկացի վերլուծաբանի համոզմամբ` համաձայնագիրը կարող է կիրառվել «սառեցված» այլ հակամարտությունների կարգավորման համար։

Եվրոպական միությանն անդամակցելու գինը

Կոսովոն եւ Սերբիան պատմական համաձայնության են հասել` Եվրոպական միության միջնորդությամբ տեղի ունեցած երկարատեւ բանակցությունների արդյունքում վերջապես կնքել են փաստաթուղթ, որը երկու երկրներին կընձեռի տեսանելի ապագայում Եվրամիությանը անդամակցելու հնարավորություն։

Տարիներ շարունակ համաձայնագրի կնքումը ձգձգվում էր Սերբիայի կոշտ դիրքորոշման հետեւանքով։

Կոսովոն 2008 թվականի փետրվարին է անկախություն հռչակել։ Այն կարճ ժամանակահատվածում ճանաչել են Եվրոպական միության երկրները, Միացյալ Նահանգները։

Ըստ համաձայնագրի` Սերբիան, չճանաչելով հանդերձ Կոսովոյի անկախությունը, այնուամենայնիվ ճանաչում է Պրիշտինայի կառավարությունը որպես օրինական իշխանություն Կոսովոյի տարածքում։ Իսկ Կոսովոն, իր հերթին, ընդունում է, որ հյուսիսում բնակվող սերբերն ինքնուրույն են տնօրինելու իրենց խնդիրները, պայմանով, որ ի պաշտոնե ճանաչեն Կոսովոյի մաս լինելու իրողությունը։ Կոսովոյի սերբական հյուսիսում սերբերն են նշանակելու ոստիկանապետին, իսկ Կոսովոն պարտավորվում է ալբանական զորքեր այնտեղ չուղարկել։

Եվրոպական միությունը անցյալ տարվա մարտին հայտարարել է, որ Սերբիան պաշտոնապես ստանում է Միության անդամի թեկնածուի կարգավիճակ, սակայն բուն անդամակցումը կիրականացվի միայն այն ժամանակ, երբ պաշտոնական Բելգրադը կբարելավի կապերը Պրիշտինայի հետ. սա էր սերբերի համար Միությանն անդամակցելու եւ եվրատլանտյան ընտանիքին միանալու գինը։

Ամերիկայի Միացյալ Նահանգների ռազմածովային քոլեջի հետազոտական բաժնի պրոֆեսոր Նիկոլաս Գվոսդեւը ԱՄՆ-ում լույս տեսնող Foreign Affairs հանդեսում հրապարակել է մի վերլուծություն, որի համաձայն` Սերբիայի եւ Կոսովոյի համաձայնագիրը կարող է նախադեպային դառնալ եւ կիրառվել մի շարք հակամարտությունների, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման գործընթացում։ Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի նոր պատերազմի վտանգը անցած ամիսներին ավելի ակնհայտ է դարձել։

Անլուծելի հարցերը` մի կողմ

Պրոֆեսորը նշում է, որ պաշտոնական Բելգրադը եւ Պրիշտինան պարզապես մի կողմ են դրել այն հարցերը, որոնց շուրջ համաձայնություն հնարավոր չէ եւ որոնց անվերջանալի քննարկումները միայն խոչընդոտում են բանակցային աշխատանքը։

Նիկոլաս Գվոսդեւը համոզված է, որ Կոսովոյի եւ Սերբիայի համաձայնագիրը հեռանկարային է նաեւ Վրաստանի անջատողական տարածքների հարցը լուծելու առումով, քանի որ Վրաստանի նոր վարչակարգը փորձում է բարելավել կապերը Աբխազիայի եւ Հարավային Օսիայի գլխավոր հովանավոր Ռուսաստանի հետ եւ միաժամանակ ի պաշտոնե չզիջել երկրի տարածքային ամբողջականության խնդրում, որն այդքան կարեւոր է պաշտոնական Թբիլիսիի համար։

Երկու կողմն էլ դժգոհ է

Պրոֆեսորը նաեւ ընդունում է, որ Բելգրադի եւ Պրիշտինայի համաձայնագիրը, իհարկե, թույլ կողմ ունի` Սերբիան պետք է հավատա, որ առնվազն տեսականորեն չի բացառվում օրերից մի օր Կոսովոն իր ենթակայության վերադարձնելու հնարավորությունը, իսկ Պրիշտինան պետք է մերվի Բելգրադից պաշտոնական ճանաչում չստանալու հետ։

Սերբիայում եւ Կոսովոյում ազգայնական շրջանակները դատապարտում են համաձայնագիրը, ընդ որում գրեթե նույն փաստարկներն են ներկայացնում։ Բնավ չի բացառվում, որ կողմերից մեկի նյարդերը կարող են տեղի տալ, եւ համաձայնագիրը կտապալվի։

Եվ այդուհանդերձ, ըստ պրոֆեսորի, եթե կողմերը սառնասրտորեն շարունակեն կյանքի կոչել համաձայնագիրը, այն կդառնա իրական նվաճում։ Այն առնվազն կկոտրի սառույցը, որը տվյալ տարածաշրջանը երկար ժամանակ պահում է «սառեցված» հակամարտության վիճակում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG