Մատչելիության հղումներ

Քաղաքացիական ակտիվիստները դժգոհ են «Հարսնաքարի» գործի քննությունից


Հարսնաքարի գործով լրացուցիչ վկաները «սովորացրած ցուցմունքներ» են տալիս
please wait

No media source currently available

0:00 0:05:42 0:00
«Հարսնաքարի» գործի դատաքննության ներկա փուլը փաստում է, որ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Ռուբեն Հայրապետյանին պատկանող ռեստորանային համալիրի ներկայացուցիչները հետապնդում են մեկ նպատակ՝ երիտասարդ ռազմական բժիշկ Վահե Ավետյանի մահվան համար մեղավորներին զերծ պահել համարժեք պատժից, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում համոզմունք հայտնեց «Պահանջում ենք պատժել «Հարսնաքարում» տեղի ունեցածի բոլոր մեղավորներին» քաղաքացիական շարժման ակտիվիստ Զարուհի Հովհաննիսյանը:

Ակտիվիստը հիշեցնում է, որ դատարանն այդպես էլ որոշում չի կայացրել Ռուբեն Հայրապետյանին որպես վկա հրավիրելու միջնորդության վերաբերյալ: Նրա բնորոշմամբ, երեկ Ավան եւ Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարան հրավիրված լրացուցիչ վկաներն ապահովեցին հստակ գիծ՝ «շատ ակնհայտ, սովորեցրած ցուցմունքներ կրկնելով դատարանում ի օգուտ Ռուբեն Հայրապետյանի»:

«Ես չգիտեմ ի վերջո ամբաստանյալների հետ կապված ինչ որոշումներ կկայացնի դատարանը, բայց Ռուբեն Հայրապետյանին հաստատ կքողարկի, կծածկի», - պնդում է Զարուհի Հովհաննիսյանը:

Երեկ «Հարսնաքարի» մենեջեր, նախաքննության ժամանակ որպես կասկածյալ ներգրավված Դավիթ Հայրյանը «Հարսնաքարում» տեղի ունեցածից 12 օր անց մահացած Վահե Ավետյանին վերագրեց հայհոյանքներ եւ արտահայտություններ՝ պատմելով, թե ինչպես է իրավիճակն իրեն ներկայացրել ամբաստանյալ Դավիթ Ադամյանը:

Երեկ հարցաքննության հրավիրված մյուս լրացուցիչ վկան՝ 18-ամյա Մանուկ Մնացականյանը, դատարանին ցուցմունք տվեց՝ այդպես էլ չներկայացնելով անձը հաստատող որեւէ փաստաթուղթ: Ասաց՝ անձնագիր չունի, ծննդական էլ մոտը չէր: Ռազմական բժիշկներին ծեծելու կապակցությամբ ներկայացրեց ամբաստանյալ Դավիթ Ադամյանի ցուցմունքին համընկնող ցուցմունք: Նա եւս Վահե Ավետյանին վերագրեց ագրեսիվ պահվածք, որի մասին խոսել են մյուս ամբաստանյալները:

Հիշեցնենք՝ այս գործով չորս տուժողները դատարանին ներկայացրել են հակառակ պնդումները, նշելով, որ մատուցող Ադամյանն է դրսեւորել ագրեսիվ պահվածք:

Վկա Մնացականյանի ցուցմունքներն իր հարցերով կասկածի տակ դրեց մեղադրող Արթուր Դավթյանը: Հարցուպատասխանի արդյունքում Մնացականյանը խոստովանեց, որ «շատ քիչ բաներ» է հիշում, եւ չնայած, իր խոսքով, հիշում էր Վահե Ավետյանի խոսքերը, մատուցող Ադամյանի ասածները, ընդհակառակը՝ չէր հիշում:

Քաղաքացիական ակտիվիստ Զարուհի Հովհաննիսյանի համոզմամբ, անձը հաստատող փաստաթուղթ չունեցող այդ վկայի ցուցմունքը որեւէ իրավական նշանակություն ունենալ չի կարող: Ակտիվիստը նաեւ ուշադրություն հրավիրեց հանգամանքին, որ վկան կախվածության մեջ է «Հարսնաքար» ռեստորանային համալիրի ղեկավարությունից:

Հաջորդ դատական նիստը նշանակված է մայիսի 7-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG