Մատչելիության հղումներ

Արմեն Երիցյան. ՀՀԿ-ն ինչ կարող էր՝ արդեն արել է


Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող «Օրինաց երկիր» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող Արմեն Երիցյանը վստահ է, որ մայրաքաղաքում խնդիրները բազմաթիվ են, եւ դրանք լուծում կստանան միայն այն ժամանակ, երբ իշխանության գա իր ներկայացրած քաղաքական ուժը:

Թե որոնք են այդ խնդիրները, Երիցյանը կարող է երկար թվարկել: «Ազատություն» ռադիոկայանի այն հարցին, թե արդյոք քաղաքապետի թեկնածուն դժգո՞հ է կոալիցիոն գործընկեր Հանրապետական կուսակցության կառավարումից, Երիցյանը պատասխանեց, որ թեեւ դժգոհ չէ, բայց գործող քաղաքային իշխանությունը իրենն արդեն արել է:

«Մարդիկ արել են, աշխատել են իրանց «գյորա»: Ես առաջարկում եմ իմ աշխատելաոճը, եւ ասում եմ՝ ես կարող եմ անել ավելին: Վստահեք եւ ավելին կարող եմ անել: Հանրապետականը իրեն չի սպառել, բայց իմ ավելին ավելի ավելի է», - նշեց նա:

Ավելին անելու համար Երիցյանին անհրաժեշտ է երեւանցիների վստահությունը: Հենց այդ նպատակով թեկնածուն օրը մի քանի անգամ բակային հանդիպումներ է ունենում: Դրանց ընթացքում շփվում է քաղաքացիների հետ, պարզում է այն խնդիրները, որոնք ներառված չեն եղել նախընտրական ծրագրում:

Քաղաքապետ ընտրվելու դեպքում արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը խոստացավ, որ 3 ամիսը մեկ կպատասխանի քաղաքացիների հարցերին, ինչպես նաեւ կհրապարակի քաղաքի բյուջեի չափը եւ կատարվող ծախսերի նպատակը:
Այն, որ թեկնածուի հետ հանդիպումների ընթացքում քիչ մարդ է հավաքվում, Արմեն Երիցյանի կարծիքով այն պատճառով է, որ դրանք բակային հանդիպումներ են: Նրա խոսքով, կարող են մի քանի հարյուր մարդկանց ներկայություն ապահովվել, բայց իրեն մի քանի տասնյակն էլ է բավական՝ մարդկանց հուզող խնդիրներին ծանոթանալու համար: Դրանք տարբեր են՝ սկսած տրանսպորտից մինչեւ վերելակներ: Երիցյանը խոստանում է ընտրվելու դեպքում լուծել այս խնդիրները:

Թեկնածուն ընտրություններին մասնակցում է հաղթելու համար: Այն դիտարկմանը, որ այդպես ասում են գրեթե բոլոր թեկնածուները, Երիցյանը պատասխանեց, որ հաղթելու իրավունք ունեն բոլորը:

Շատ է խոսվում այն մասին, որ ընտրություններից հետո, անկախ արդյունքից ՕԵԿ առաջին համարը ինքնաբացարկ կներկայացնի եւ կշարունակի ղեկավարել Արտակարգ իրավիճակների նախարարությունը: Արմեն Երիցյանը խոստացավ, որ նման բան չի լինի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG