Մատչելիության հղումներ

Ապրիլի 27-ի մամուլ


«168 ժամ» թերթն ամփոփում է. – «Մայիսի 5-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավը մոտենում է ավարտին։ Ընտրություններին մասնակցող կուսակցություններին մնացել է ընդամենը 1 շաբաթ ընտրողների վստահությունը շահելու համար։ Մյուս կողմից՝ քարոզարշավի ընթացքը ցույց է տալիս, որ քարոզչությունն ըտրությունների արդյունքների վրա ունենալու է, թերեւս, ամենափոքր ազդեցությունը։ Ընտրողների մեծ մասը այսպես, թե այնպես կողմնորոշված է, մի մասն էլ քաղաքական որեւէ ուժից ակնկալիք չունի։ Քարոզարշավը, լայն իմաստով, ձեւական միջոցառում է, եւ բոլոր ուժերը դրան մասնակցում են համապատասխան պտիչկաներ դնելու համար։ Ինչպես նախորդ ընտրություններում, այս անգամ եւս ընտրությունների վրա ազդող հիմնական գործոններն են փողը եւ վարչական լծակները»։

Գնահատելով ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի վերջին շրջանի գործունեությունը՝ «Հայոց աշխարհը» գրում է. – «Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին կարելի է պայմանականորեն համարել «ամսվա մարդ»։ Նա ապրիլի 9-ին հայտնվեց այնտեղ, ուր դեմ-դիմաց կանգնած էին իրենց պարտականությունը կատարող ոստիկանական ուժերն ու երթի ելած ցուցարարները։ Թերեւս անվիճելի է, որ այդ օրը եւ այդ պահին Վլադիմիր Գասպարյանը նկատելի դեր ունեցավ իրավիճակը անցնցում հանգուցալուծելու առումով։ Իսկ նախօրեին էլ, Գյումրիում Վլադիմիր Գասպարյանն արեց հայտարարություններ, որոնք, հուսանք, իսկապես նախանշում են շրջադարձային այն կետը, ինչպես ոստիկանապետը նշեց՝ «զոռբայության դարաշրջանի ավարտը»։ Հուսանք»։

Գյումրիի դեպքերին է անդրադարձել նաեւ «Առավոտը»։ Թերթի խմբագիրը գրում է. – «Այժմ Վարդան Ղուկասյանն այլեւս քաղաքապետ չէ: Եվ, որը էական է, քաղաքապետ չէ նաեւ նրա հետ հակամարտող՝ Մարտունիկի կլանի ներկայացուցիչը: Դա հնարավորություն է տալիս բացահայտ, առանց որեւէ բան թաքցնելու խոսել գոյություն ունեցող խնդրի մասին: Այսինքն՝ ընդունել, որ այդ երկու թիմերի միջեւ իրականացվում է արյունալի վենդետա, որին պետք է օր առաջ վերջ տալ, քանի նոր զոհեր չեն եղել: Ինչպես նաեւ՝ բարձրաձայնել, որ այդ ավազակախմբերը հովանավորներ ունեն Ազգային ժողովում եւ իշխանական այլ շրջանակներում: Ավելի քան ակնհայտ է նաեւ, որ ապրիլի 24-ին մարդ սպանած ինքնաձիգը միակը չէ, որը կա երկու կլանների տրամադրության տակ գտնվող հարուստ զինանոցում: Ավելին՝ նման անօրինական զինված խմբավորումներ ունեն Հայաստանում բոլոր օլիգարխները, եւ դրանք օգտագործվում են ոչ միայն միջկլանային պայքարում, այլեւ քաղաքական նպատակներով (օրինակ՝ մարտի 1-ին): Ժամանակն է բոլորին զինաթափել»։

«Չորրորդ ինքնիշխանությունը» անդրադառնում է Մալաթիայի տոնավաճառի՝ երեկվա գործադուլին։ Տոնավաճառում աշխատող գործադուլավոր առեւտրականները, հիշենցնենք, պահանջում էին իջեցնել վարձավճարները։ Թերթը գրում է. – «Երբ տոնավաճառի սեփականատերը կամ նրա ներկայացուցիչը գոռգոռում է գործադուլավոր առեւտրականների վրա, թե՝ «գնացեք աշխատեք, թե չէ սաղիդ կլարենք ստուց», նա, իհարկե, գլուխը պատովն է տալիս։ Որովհետեւ Հայաստանն հիմա այն վիճակում չէ, որ դատարկված տաղավարներն անմիջապես ուրիշները զբաղեցնեն։ Այսինքն՝ «սաղին լարելու» արդյունքում ամենաշատը կտուժի հենց տոնավաճառի սեփականատերը։ Մյուս կողմից, երբ առեւտրականները հայտարարում են, թե եթե հարցը չլուծվի ստիպված կլինեն արտագաղթել, դա ոչ թե սպառնալիք է, կամ շանտաժ, այլ ընդամենը իրականության արձանագրում։ Վերջին հաշվով, օրվա հացը վաստակելու հնարավորությունից զուրկ մարդիկ տեսականորեն երեք ճանապարհ ունեն. Առաջին՝ սուսուփուս տանը նստել ու սպասել, թե երբ են սովից մեռնում, երկրորդ՝ գնալ ու սաղի գլուխը ջարդել եւ երրորդ՝ հեռանալ երկրից։ Վերջին տարբերակը, համաձայնեք, ամենաողջամիտն է։ Իսկ մեծ հաշվով՝ փաստորեն Հայաստանում սկսվել է այն պրոցեսը, որի անխուսափելիության մասին խոսում էինք տարիներ շարունակ։ Խոսքը սոցիալ–տնտեսական համակարգի շղթայական փլուզման մասին է։ Ընդ որում՝ պրոցեսը ոչ միայն անշրջելի է, այլեւ ընթանում է արագացող տեմպերով»։

«Հայկական ժամանակ» թերթում կարդում ենք. – «Երեկ Մաքսային ծառայությունը հրապարակել է այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանի արտաքին առեւտրի մասին պաշտոնական տվյալները։ Ըստ այդմ՝ Հայաստան ներկրվող ռուսական գազի 1000 խորանարդ մետրի գինը 247 դոլար է»։ Մեկնաբանելով այս տեղեկատվությունը՝ թերթը գրում է. – «Սա 67 դոլարով կամ 37 տոկոսով ավելի թանկ է այն գնից, որը դրված է Հայաստանում սպառվող գազի սակագնում՝ 180 դոլար։ Հայաստանին մատակարարվող ռուսական գազի գնի թեման ուղղակիորեն կապված է Հայաստանի ներքաղաքական իրավիճակի հետ։ Այն, որ պաշտոնյաները պնդում են, թե գազը չի թանկացել, ունի իր հիմնավոր պատճառը։ Եթե խոստովանեն, ապա պետք է բարձրացնեն նաեւ ներքին սակագինը։ Այն պետք է բարձրանար դեռ անցած տարի, բայց պոպուլիստական նկատառումներով հետաձգվեց՝ Ազգային ժողովի ընտրություններն էին։ Հետո ՀՀԿ–ն սկսեց նախապատրաստվել 2013-ի նախագահական ընտրություններին։ Հետո «խիարը թարս բուսնեց», ու սակագնի բարձրացումը էլի հետաձգվեց՝ հիմա արդեն մինչեւ Երեւանի ավագանու ընտրությունների ավարտ։ Իսկ այս հետաձգումների պատճառով Հայաստանը կուտակել է գրեթե 200 միլիոն դոլարի պարտք Ռուսաստանին, որը չի արձանագրվում արտաքին պարտքերի ցուցանիշում»։

Նույն թեմայով

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG