Մատչելիության հղումներ

Մեծ Բրիտանիան հնարավոր է համարում Հայաստանի անդամակցությունը ԵՄ-ին


Մեծ Բրիտանիան գտնում է, որ Եվրամիության Արեւելյան գործընկերության մաս կազմող հետխորհրդային վեց երկիրները, այդ թվում` Հայաստանը, պետք է ի վերջո դառնան Եվրամիության լիիրավ անդամներ:

«Ազատություն» ռադիոկայանին այսօր տված հարցազրույցի ժամանակ նման հայտարարություն արեց Մեծ Բրիտանիայի արտգործնախարարության Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի բաժնի ղեկավար Քոլին Ռոբերթսը:

Տարածաշրջանային այցով Հարավային Կովկասում գտնվող Ռոբերթսը Բաքվից ու Թբիլիսիից հետո երեկ է ժամանել Երեւան ու այստեղ հանդիպումներ է ունենալու կառավարության, քաղաքական կուսակցությունների եւ գործարար աշխարհի ներկայացուցիչների հետ:

«Տեսականորեն եւ գործնականում որեւէ սահմանափակում չկա Եվրամիության Արեւելյան գործընկերության հետագա ընթացքի համար: Ինչ վերաբերում է Մեծ Բրիտանիայի դիրքորոշմանը, ապա մենք միանգամայն ճիշտ ենք համարում, որ հետխորհրդային վեց երկրները վայելեն Եվրամության լիիրավ անդամ դառնալու հեռանկարը: Մենք կարծում ենք, որ Արեւելյան գործընկերության երկրները պատկանում են եվրոպական մեծ ընտանիքին: Բայց այսօրվա վիճակից մինչեւ լիիրավ անդամություն երկար ճանապարհ կա անցնելու, որը կարելի է քայլ առ քայլ անցնել, եւ առաջին քայլերից մեկը հենց Ազատ առեւտրի եւ Ասոցիացման մասին համաձայնագրերն են: Կարեւոր է, որ եւ Եվրամիության անդամ երկրները, եւ Արեւելյան գործընկերության մեջ ընդգրկված պետությունները, նաեւ` Հայաստանը, այդ ընթացքում իրենք որոշեն, թե որքա՞ն են ցանկանում այդ ուղղությամբ առաջ գնալ», - ասաց Ռոբերթսը:

Եվրամիությունում այս հարցի քննարկման ժամանակ մենք միշտ կողմ ենք արտահայտվում հարցի հենց այսպիսի դրվածքին, եւ մեր դիրքորոշումը քաջ հայտնի է, շեշտեց բրիտանացի դիվանագետը:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ի՞նչ կարող է ասել այն կապակացությամբ, որ Ռուսաստանի կողմից հետխորհրդային երկրներին առաջարկվող Եվրասիական միությունը մի փորձ է վերստեղծելու խորհրդային կայսրությունը եւ ներկայումս հետխորհրդայաին երկրները, փաստորեն, կանգնած են երկընտրանքի առջեւ` եվրոպական ինտեգրացիա կամ Եվրասիական միություն, Ռոբերթսը պատասխանեց. - «Առաջին եւ ամենակարեւոր ասելիքն այն է, որ յուրաքանչյուր ինքնիշխան երկիր ինքը պետք է որոշի, թե որ ուղղությամբ է տեսնում իր ապագան: Եվրամիությունը, Մեծ Բրիտանիան չեն ասում Հայաստանին կամ Արեւելյան գործընկերության մաս կազմող հետխորհրդային որեւէ այլ երկրի, թե դուք պետք է անդամակցեք Եվրամիությանը կամ այլ միության: Մենք ասում ենք հետեւյալը` Եվրամիուրթյունն առաջարկում է մի գործընկերություն, որը խիստ արժեքավոր եւ շատ պիտանի կլինի, քանի որ եվրոպական համայնքները հզոր են տնտեսապես եւ շատ առաջարկելու բան ունեն, իսկ եթե այդպիսի ուղի ընտրվի, ապա անհրաժեշտ է իրականացնել նաեւ քաղաքական ու տնտեսական բարեփոխումներ: Բայց մենք նաեւ հասկանում ենք, որ Հայաստանը եւ այլ երկրներ խիստ կարեւոր հարաբերություններ ունեն Ռուսաստանի հետ»:

Ռոբերտթիս խոսքով` միանգամայն հնարավոր է, որ որեւէ երկիր կամ երկրներ միաժամանակ զարգացնեն բազմակողմանի հարաբերություններ:

«Միակ տեխնիկական նրբությունն այստեղ կայանում է նրանում, որ հնարավոր չէ, որ մի երկիր մուտք գործի Եվրամիության խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտի ու միաժամանակ լիիրավ անդամ դառնա Եվրասիական միության առաջարկած Մաքսային միությանը. դրանք երկու` միանգամայն տարբեր կառույցներ են», - ասաց նա:

Խոսելով հայ-բրիտանական հարաբերությունների մասին` Միացյալ Թագավորության բարձրաստիճան դիվանագետը նշեց, թե Լոնդոնում մտադիր են ընդլայնել տնտեսական կապերը Երեւանի հետ:

«Երեւանյան հանդիպումների ժամանակ ես խրախուսում էի իմ զրուցակիցներին միասին աշխատել` հաղթահարելու բոլոր այն խոչընդոտները, որոնք առայժմ սահմանափակում են Մեծ Բրիտանիայի հետ Հայաստանի հարաբերությունները: Եվ այդ հարցերից են, օրինակ, օդային ուղեւորափոխադրումների ազատականացումը, մաքսային համակարգի պարզեցումը եւ, ընդհանուր առմամբ, գործարար միջավայրի բարելավումը, որպեսզի գործարարները Մեծ Բրիտանիայից ու եվրոպական այլ երկրներից ավելի վստահ լինեն այստեղ գալու ու բիզնես սկսելու համար: Եվ պիտի ասեմ, որ իմ այս մտքերի արձագանքները այստեղ բավականին խրախուսական էին», - ասաց Ռոբերթսը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG