Մատչելիության հղումներ

logo-print

Նախագահը ծանոթացավ «Հին Երեւան» նախագծին


Նախագահ Սերժ Սարգսյան այսօր Մաշտոցի պուրակ եկել էր` ծանոթանալու «Հին Երեւան» նախագծին:

«Հին Երեւան»-ը 350 մետր երկարությամբ, Աբովյան փողոցից մինչեւ Կողբացի փողոցը ձգվող ոչ բնակելի կառույց է լինելու:

Նախագծի հեղինակ, ճարտարապետ Լեւոն Վարդանյանը, մինչեւ նախագահի ժամանելը, «Ազատություն» ռադիոկայանին պատմեց, որ իրենք վերականգնելու են Հին Երեւանի ապամոնտաժված շենքերը:

«Ֆիլհարմոնիայի փոքր դահլիճից սկսած` մի կտոր այս հուշարձանային շերտը պահպանված է: Իսկ Արամի փողոցի կողմից` մինչեւ Արամի 9-ը: Այսինքն, եթե մենք չնախաձեռնենք այս հուշարձանային շերտի պահպանությունը, նշանակում է, որ այս մյուս շերտն էլ պիտի վերացվեր: Այս ծրագիրն անելով` ես կասեցնում եմ մնացած հուշարձանային շենքերի քանդումը: Եղած հուշարձանային շերտը պահպանելու համար մենք ապամոնտաժված հուշարձաններն օգտագործեցինք այս տարածքը լրացնելու եւ վերակառուցելու համար», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Վարդանյանը:

Վերականգնվելիք կառույցները բնակելի չեն լինի. այդ հատվածը կլինի զբոսանքի, ցուցասրահների, սրճարանների, առեւտրային այլ հաստատությունների վայր:

Նախագահ Սերժ Սարգսյանը, հեղինակի փոխանցմամբ, հավանել է նախագիծը: Ճարտարապետը, սակայն, հավելեց, որ նախագծի իրականացման ժամկետների մասին «այսօր խոսք չի գնում»:

Այգու համար 90 օր պայքարած ակտիվիստները երկրի նախագահի հեռանալուց հետո միայն կարողացան մոտենալ Մաշտոցի պուրակում ժամանակավորապես տեղադրված «Հին Երեւան» նախագծի մանրակերտին եւ հետաքրրքվեցին, թե ինչպես են վերականգնվելու քանդված շենքերը: Վարդանյանը պատասխանեց նրանց հետաքրքրող հարցերին:
XS
SM
MD
LG