Մատչելիության հղումներ

logo-print
27 տարի առաջ այս օրը տեղի ունեցավ աշխարհի խոշորագույն տեխնածին աղետը` Չեռնոբիլի ատոմակայանի պայթյունը: Չեռնոբիլի վթարից հետո ապրիլի 26-ը ՄԱԿ-ի կողմից հռչակվեց ռադիացիոն վթարների եւ աղետների զոհերի միջազգային օր:

Հայաստանի «Չեռնոբիլ ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Գեւորգ Վարդանյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, որ շատ հայեր «ծառայողական պարտքը կատարելու ընթացքում Չեռնոբիլում աշխատեցին կյանքին սպառնացող վտանգի պայմաններում»:

«Վթարի ժամանակ ես ծառայում էի մերձբալթյան երկրներում, որից հետո ուղարկեցին գործուղման, եւ այնտեղ ես մոտ 11 ամիս իմ ծառայողական պարտքն եմ կատարել խորհրդային բանակում», - նշեց Վարդանյանը:

Հայաստանի «Չեռնոբիլ ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը ստեղծվել է 1990 թվականին Հայաստանից վթարի հետեւանքների վերացման աշխատանքներին մասնակցած շուրջ 3000 քաղաքացիների կողմից: Ներկայումս կազմակերպությունում հաշվառված են մոտ 1800 անդամ եւ զոհվածների մոտ 400 ընտանիքներ, ինչպես նաեւ ճառագայթահարված ծնողներից ծնված մոտ 600 երեխա:

Գեւորգ Վարդանյանը ասաց, որ մեր օրերում աշխարհում կատարվող վթարների մասին տեղեկություն ստանալը քիչ թե շատ հեշտ է, իսկ խորհրդային տարիներին մարդիկ չգիտեին, անգամ, թե որտեղ են գործուղում իրենց եւ ինչ աշխատանք պետք է կատարեն: Եվ այն մարդիկ, ովքեր խուսափում էին այդ աշխատանքից` դիմելով փախուստի, խիստ պատժի էին ենթարկվում:

Հայաստանի միակ ատոմային էլեկտրակայանը Մեծամորի ատոմակայանն է, որը կառուցվել է 1970 թվականին:

Փորձագետ Էմիլ Սահակյանը նշեց, որ ցանկացած ատոմակայանի կառուցման նախադրյալը տվյալ տարածքում օդերեւութաբանական բնութագրերի ուսումնասիրումն է:Մեկ այլ հանգամանք, որ անհանգստանալու տեղիք է տալիս, Հայաստանի բնակչության խտությունն է:

Էմիլ Սահակյանն ասաց, որ երեկ Մեծամորի ատոմակայան այցելելուց հետո վստահ կարող է ասել, որ ատոմակայանի տեխնոլոգիական համակարգերը կատարելագործվել են եւ հույս կա, որ վթարների դեպքում ավտոմատ կմիանան:
XS
SM
MD
LG