Մատչելիության հղումներ

Ապրիլի 26-ի մամուլ


«ժամանակ» օրաթերթն անդրադառնում է ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի` Գյումրիում արած հայտարարությանը, թե «զոռբայության եւ կլանների դարաշրջանն այլեւս ավարտվել է» - «Ավարտվել է Գյումրիի համար քրեական դարաշրջանը, թե ոչ` ժամանակը ցույց կտա, բայց որ այն ավարտելու ժամանակը վաղուց էր անցել` սրանում երեւի որեւէ մեկը կասկած չի կարող ունենալ: Միեւնույն ժամանակ, իհարկե հարց է առաջանում, իսկ ինչո՞ւ եւ ինչպե՞ս էին Գյումրիում, այսպես ասած, «մեծանում» այդ կլանները, «գիրանում», դառնում դրության տերը քաղաքում, իսկ հետո արդեն վերածվում նաեւ ոչ միայն քրեական, այլ նաեւ քրեակուսակցական ստորաբաժանումների: Եվ այս ամենի հանդեպ աչք փակող պետական համապատասխան կառույցները պետք է պատասխան տա՞ն սրա համար, թե՞ ոչ: Հայաստանում ընդունված չէ անցյալի մեղքերի համար պատասխան տալը, անցյալի սխալների համար պատասխան տալը: Ավելին` Հայաստանում կարծեք թե ներդրվում է մի մտայնություն, որ անցյալն անցած է, եւ ով որ խոսում է անցյալի մասին եւ փորձում քննարկել, իրականում ջուր է լցնում ներկայի ջրաղացին»:

Հիշեցնելով, որ Նոր Նորքի փոխոստիկանապետին պաշտոնանկ անելու որոշումը կապված է ilur.am լրատվական կայքի լրագրողի աշխատանքը խոչընդոտելու ժամանակ ոստիկանի ոչ պատշաճ ծառայության հետ` «Չորրորդ ինքնիշխանություն»-ը գրում է. - «Շատ հուզիչ որոշում է: Միայն հարց է առաջանում` ինչո՞ւ Վլադիմիր Գասպարյանն անպատժելիության դեմ պայքարի շրջանակներում գործ չի հարուցում Երեւանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ, ավագանու ընտրություններում ՀՀԿ-ի նախընտրական ցուցակում ընդգրկված 34-ամյա Աշոտ Պապայանի նկատմամբ: Չէ՞ որ հենց նա է խոչընդոտել լրագրողի աշխատանքը: Իսկ դրա համար Հայաստանի օրենսգիրքն անգամ ազատազրկում է ենթադրում: Փոխոստիկանապետին աշխատանքից ազատելը ամենեւին էլ չի ենթադրում, որ հանցանք գործած անձնավորությունը պատժվում է»:

«Հայոց Աշխարհ» թերթը զրուցել է Երեւանի ավագանու ընտրություններում «Օրինաց երկիր» կուսակցության ցուցակը գլխավորող Արմեն Երիցյանի հետ: Վերջինս ասում է. - «Հղփացած զավակ ունեցող պաշտոնյան իր պաշտոնում անելիք չունի, նրա հարցը պետք է միանշանակ լուծվի: Կարող եք հարցնել` մի՞թե հայրը որդու արարքների համար պատասխանատու է: Մի բան հստակ է, եթե տվյալ անձն անկարող է իր ընտանիքում կարգ ու կանոն սահմանել, ուրեմն ո՞նց կարող է դա անել իր աշխատավայրում: Բա իր աշխատակիցը չի՞ ասի՝ քո երեխան թափառում է, չգիտեմ ինչերով է զբաղված, դու եկել մեր գլխին կարգ ու կանոն ես քարոզում: Ի վերջո, մեր պետության հիմքը հայ ընտանիքն է, ու եթե պաշտոնյան նկատում է, որ իր զավակը հղփացել է, բա ձեռքը սեղանին չխփի՞, չասի՝ տղա ջան, խելքդ գլուխդ հավաքիր»:

«Հայկական ժամանակ» օրաթերթում կարդում ենք. - «Հայաստանի միգրացիոն ծառայությունը դեռ չի հրապարակել այս տարվա առաջին երեք ամիսներին Հայաստան ժամանումների եւ Հայաստանից մեկնումներ վիճակագրությունը: Այդ ցուցանիշը միշտ հրապարակվում էր տվյալ ժամանակաշրջանին հաջորդող ամսվա կեսին, այսինքն` այդ վիճակագրությունը պետք է հրապարակված լիներ ապրիլի կեսին: Մի քանի օր առաջ տեղեկություններ էինք ստացել, որ ժամանումների եւ մեկնումների վիճակագրությունը չի հրապարակվում, քանի որ պատկերը խայտառակ է: Այդ վիճակագրությունից մոտավոր պատկեր է ստեղծվում, թե եւս քանի մարդ է անվերադարձ հեռանալու Հայաստանից: Եվ այդ ցուցանիշի հրապարակումը ձգձգելով` մեր վիճակագիրները կա'մ փորձում են մի քիչ «պլպլացնել» ցուցանիշները, կա'մ էլ` ձգել մինչեւ Երեւանի ավագանու ընտրությունները: Այս տարվա առաջին երկու ամիսների տվյալներով, մեկնածների եւ ժամանածների տվյալների բացասական սալդոն, նախորդ տարվա համեմատ, աճել էր 1.5 անգամ: Դա նշանակում է, որ տարվա կտրվածքով Հայաստանից կարտագաղթի առնվազն 70 հազար մարդ, վերջին հինգ տարիների կտրվածքով` 330 հազար մարդ»:

«Հայաստան քիմիական հսկա «Նաիրիտ»-ի հետագա ճակատագիրը դեռ անորոշ է», - գրում է «Օրակարգ» թերթը եւ շարունակում. - «Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Արմեն Մովսիսյանն ասել է, որ «Նաիրիտ»-ի վերագործարկման հարցը «Ռոսնեֆտ»-ի հետ բանակցությունների փուլում է, եւ ինքը հուսով է, որ առաջիկա երկու ամսում գործարանի հարցում հստակեցում կմտցվի»:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG