Մատչելիության հղումներ

Թեեւ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) դիտորդական առաքելությունը Հայաստանի իշխանություններին հորդորել էր վերանայել ընտրությունների ժամանակ անձնագրերում թանաքանյութով դրոշմակնքումը, մայիսի 5-ին դրոշմակնքումը կլինի այնպես, ինչպես խորհրդարանի եւ նախագահի ընտրությունների ժամանակ էր տեղի ունեցել:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այս պատասխանը հիմնավորելիս՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախագահ Տիգրան Մուկուչյանն ասաց, որ ընտրություններից շատ կարճ ժամանակ առաջ օրենսդրական փոփոխություններ չեն կարող լինել:

Ապրիլի 22-ին ԵԽԽՎ դիտորդական առաքելությունը Հայաստանի նախագահի ընտրությունների վերաբերյալ Վեհաժողովին ներկայացրած ամփոփիչ զեկույցում նշել էր. - «Կրկնակի քվեարկությունը բացառելու համար օգտագործվող թանաքանյութը, որը պետք է պահպանվեր 12 ժամ, պարզվեց՝ շատ հեշտությամբ մաքրվում է, չնայած Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կատարած փորձարկումներին»: Զեկույցում նաեւ նշվում էր, որ «թանաքանյութի հետ կապված խնդիրներն ազդում են ընտրողների վստահության վրա, դրա կիրառումը պետք է վերանայվի»:

Մուկուչյանը, իբրեւ թանաքանյութի կիրառումը վերանայելու անհրաժեշտության հակափաստարկ, նշեց մայիսի եղանակային պայմանները: ԿԸՀ նախագահի հետ զրույցից պարզվեց, որ թանաք մատակարարող բրիտանական ընկերությունը նախագահի ընտրություններից հետո ԿԸՀ-ին հավաստիացրել է, թե մայիսին այդ թանաքանյութը կդրսեւորի այլ հատկանիշներ:

«Հավաստեցին, որ պայմանավորված նրանով, որ մեր ընտրությունները տեղի են ունենալու մայիս ամիսին, երբ ավելի տաք է լինելու, ավելի չոր է լինելու օդը, այս պայմաններում թանաքանյութն իրեն ավելի կայուն կդրսեւորի», - վստահեցրեց Մուկուչյանը:

Տեղական դիտորդները տարակուսանքով են վերաբերում ԿԸՀ-ի բացատրությանը: Վերջին ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացրած «Իրավունքի Եվրոպա միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Լուսինե Հակոբյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ներկայացրեց իր տեսակետը բրիտանական կազմակերպության հավաստիացումների առնչությամբ. - «Որպես այդ թանաքը իրացնող կազմակերպություն` պետք է որեւէ ողջամիտ բացատրություն փորձեր գտնել, քանի որ արդեն վաճառել է այդ թանաքը, բայց փաստորեն բացատրությունը մնում է ընդամենը հայտարարության մակարդակի վրա: Որեւէ հիմնավորում չկա, որ դա հենց այդպես էլ կլինի»:

Մայիսին ընտրողների անձնագրերում դրոշմակնիք դնելու համար անհրաժեշտ թանաքանյութի օգտագործման նպատակահարմարությանը թերահավատությամբ չեն վերաբերում տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամները` ԿԸՀ-ի կազմակերպած դասընթացների հետեւանքով: Մեկ շաբաթ է, ինչ ԿԸՀ-ի սահմանած ժամանակացույցի համաձայն՝ տեղամասային հանձնաժողովների անդամները դասընթացներ են անցնում եւ փորձարկում են ԿԸՀ-ի տրամադրած թանաքանյութը:

Թանաքի թեմայով ուսուցում անցկացնող Վանուշ Զեյնալյանը հավատացած է, որ մայիսին նշանակված ընտրությունների ժամանակ պետք է որ այլ թանաքանյութ օգտագործվի:

«Քանի որ ես ուսուցանող եմ, մենք տեղյակ ենք, պատվիրել են հատուկ բաղադրությամբ թանաք, կատարողը նախապես ուսումնասիրել է մեր եղանակային պայմանները, նոր պատրաստել է այս թանաքը` հատուկ բաղադրությամբ», - ասաց Զեյնալյանը` հավելելով. - «Ես կարծում եմ, որ փետրվարի թանաքանյութի բաղադրությունը երեւի մի փոքր ուրիշ էր, որովհետեւ փետրվարին ջերմաստիճանը այլ էր»:

ԿԸՀ նախագահը, սակայն, ասաց, որ մայիսի ընտրությունների ժամանակ օգտագործվելու է այն նույն թանաքը, որը Հայաստանի կառավարությունը գնել էր փետրվարի ընտրությունների համար:

Հիշեցնենք` ԿԸՀ նախագահն ավելի վաղ հայտարարել էր, որ անցյալ տարվա մայիսի խորհրդարանի ընտրությունների ժամանակ մեծ աղմուկ հանած դժգոհություններից հետո բրիտանական ընկերությունից գնել էին «նոր որակի թանաք»: Եվ հիմա այդ նույն թանաքի մի մասը մնացել է ավագանու ընտրությունների համար:

«Իրավունքի Եվրոպա միավորում» կազմակերպության նախագահը, նկատի ունենալով նախադեպերը եւ այն, որ նույն թանաքանյութը պետք է օգտագործվի նաեւ ավագանու ընտրությունների ժամանակ, համոզմունք հայտնեց, որ այս պայմաններում դրոշմակնքումը դառնում է անիմաստ:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG