Մատչելիության հղումներ

logo-print

Քուրդ զինյալները դուրս են բերվում Թուրքիայից


Քրդական աշխատավորական կուսակցության զինվորական առաջնորդ Մուրատ Քարայլանը ելույթ է ունենում Հյուսիսային Իրաքում PKK-ի կենտրոնակայանում, 25-ը ապրիլի, 2013թ.

Քրդական աշխատավորական կուսակցության զինվորական առաջնորդ Մուրատ Քարայլանը ելույթ է ունենում Հյուսիսային Իրաքում PKK-ի կենտրոնակայանում, 25-ը ապրիլի, 2013թ.

Անկախության համար ավելի քան երեք տասնամյակ մղած պայքարից ու մոտ 40 հազար զոհերից հետո՝ այժմ Քրդական աշխատավորական կուսակցությունը (PKK) սկսում է դուրս բերել իր զինյալներին Թուրքիայի տարածքից։ Այդ մասին երեկ հայտարարեց կուսակցության զինվորական առաջնորդ Մուրատ Քարայլանը՝ ընդգծելով, որ զորքերի դուրսբերումը կսկսվի մայիսի 8-ից, կիրականացվի փուլ առ փուլ եւ կավարտվի հնարավորինս կարճ ժամանակահատվածում:

Հյուսիսային Իրաքում տեղակայված ռազմաբազայում հնչեցրած հայտարարության մեջ քուրդ առաջնորդը նաեւ կոչ է արել Թուրքիայի իշխանություններին հարձակման չենթարկել նահանջող զինյալներին. հակառակ դեպքում վերջիններս ստիպված կլինեն վրեժխնդիր լինել ու տապալել թուրք-քրդական հաշտեցման գործընթացը։

Հիշեցնենք՝ փակ դռների ետեւում ամիսներ շարունակված գաղտնի բանակցություններից հետո՝ անցած ամիս, քրդերի առաջնորդ, թուրքական բանտում գտնվող Աբդուլա Օջալանը հայտարարեց Անկարայի հետ հրադադար կնքելու մասին՝ կոչ անելով աջակիցներին վայր դնել զենքերը:

«Եկել է մի շրջան, երբ մեր զինված ուժերը պետք է հեռանան Թուրքիայի սահմաններից։ Սա վերջը չէ, սա նոր դարաշրջանի սկիզբն է, երբ հակամարտությունները լուծվում են ոչ թե զենքի օգնությամբ, այլ քաղաքական պայքարում», – հայտարարել էր Օջալանը։

Երեկ քրդական կուսակցության զինվորական առաջնորդը որոշ մանրամասներ է հրապարակել պաշտոնական Անկարայի եւ Օջալանի միջեւ ձեռք բերված պայմանավորվածություններից, որոնց համաձայն, թուրք-քրդական հաշտեցման գործըթնացը իրականացվելու է երեք փուլով։ Հաջորդ փուլում, մասնավորապես, գործելու հերթը պաշտոնական Անկարայինն է, որը պետք է սահմանադրական բարեփոխումներ իրականացնի եւ ստեղծի Մայր օրենքը, որը կճանաչի քուրդ ժողովրդին, ազատություն կտա եւ կպաշտպանի քրդերի իրավունքները, հավատքն ու ինքնությունը։ Երրորդ փուլով, ըստ քուրդ առաջնորդների, Թուրքիայի իշխանությունները խոստացել են ներում շնորհել անջատողականության համար ազատազրկվածներին, այդ թվում՝ ավելի քան մեկ տասնամյակ Իմրալիի խիստ հսկվող բանտում պահվող Օջալանին։

Արեւմտյան վերլուծաբանները փաստում են, որ այս հարցում հաջողության հասնելու դեպքում Էրդողանի կառավարությունը կարող է լուրջ քաղաքական ու տնտեսական ձեռքբերումներ արձանագրել երկրում, որտեղ բնակչության 20 տոկոսը ազգությամբ քուրդ է:

Ներքին հաջողություններից բացի, անջատողականների հետ հաշտեցումը նաեւ կնպաստի Եվրամիությանն անդամակցելու՝ Թուրքիայի փորձերին ու կամրապնդի երկրի հեղինակությունը զգայուն այս շրջանում, երբ Անկարան փորձում է ընդարձակել իր ազդեցությունը էներգակիրներով հարուստ եւ քրդերով բնակեցված Հյուսիսային Իրաքում եւ Մերձավոր Արելեքում, փաստում է «Ռոյթերզ» գործակալությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG