Մատչելիության հղումներ

logo-print
Այսօր Հայաստանում մեկնարկել են Լեհաստանի մշակույթի օրերը: Այդ մասին խոսելու համար Հայաստանում Լեհաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկին մամուլի ասուլիս էր հրավիրել, սակայն դեսպանի հետ հանդիպման ընթացքում քննարկվեցին հիմնականում Հայաստանի ներքաղաքական իրավիճակին վերաբերող հարցեր:

Վերջերս Լեհաստանի դեսպանը «Հայկական ժամանակ» օրաթերթի հետ հարցազրույցում, անդրադառնալով նախագահի ընտրություններին, ասել էր, որ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձը «առաջին հերթին քանդում է ընտրությունների այն ուրախ պատկերը, որի մասին մենք խոսեցինք, անվտանգ եւ ապահով Հայաստանի միֆը, եւ դա արդեն ազդում է ընտրությունների գնահատականի վրա: Բայց միգուցե Հայաստանի շատ քաղաքական գործիչներ կնեղանան, ես ունեմ իրավիճակի իմ տեսլականը: Նույնիսկ եթե դա չլիներ քաղաքական մոտիվացիայով, բայց արդյունքը լինելու է քաղաքական: Սա մեկ: Երկրորդը ինձ թվում է որ, չնայած նման բաներ կարող են տեղի ունենալ ցանկացած երկրում, բայց սա հնարավոր էր, որովհետեւ Հայաստանում չի վերացել անպատժելիության մթնոլորտը»:

Դեսպանին հարցրինք` որքանո՞վ է ճիշտ դեսպանից նման քննադատություն լսել երկրի ներքաղաքական դրության մասին: Զսիդլավ Ռաչինսկին ասաց, որ ինքը դիվանագիտության շրջանակներում է մնացել եւ հիմնականում մեջբերել է նախագահ Սերժ Սարգսյանի խոսքերը:

«Ես հավատում եմ պարոն նախագահին, դուք նույնպես պետք է հավատաք ձեր նախագահին: Դա մեջբերում է նրա խոսքերից, երբ նա ասել էր, որ Հայաստանում դեռ չի վերացվել անպատժելիության մթնոլորտը: Եթե նա այդպես է ասել, ապա ես նրան հավատում եմ եւ մեջբերում», - հայտարարեց դեսպանը:

Ապա լեհ դիվանագետը բացատրեց, որ ինքը ռուսերենի գիտակ չէ, բայց «ապահով Հայաստանի միֆ» ասելով նկատի է ունեցել հետեւյալը. - «Ես ռուսերենի լավ մասնագետ չեմ, բայց սովորել եմ ռուսերենը Դալի դասական բառարանով: Դալի դասական բառարանում միֆը դա վստահություն առաջացնող պատմություն է»:

Նշենք, սակայն, որ ռուսերենի բացատրական բառարաններում «միֆ» բառին դեսպանի նշած նշանակությունը գոյություն չունի:

«Իսկ այն անհանգստությունը, որ կա կապված Հայաստանի ապագայի հետ, բխում է նրանից, որ տեսնում ենք, թե մեր բարեկամ երկրում ինչ է իրականում տեղի ունենում: Կասեմ ռուսերեն՝ ես ոչ միայն ապրում եմ Հայաստանում, այլեւ ապրում եմ Հայաստանի խնդիրներով: Չեզոք դիտորդ լինելը իմ պատկերացմամբ ժամանակակից դիվանագիտություն չէ», - ասաց Լեհաստանի դեսպանն ու հավելեց. - «Ես նաեւ ասել եմ, որ ընտրությունները կատարյալ չեն լինելու, ինչպես որ չեն լինում Լեհաստանում: Դա գործընթաց է, որ ժամանակ է պահանջում: Յուրաքանչյուրն, ով ունի վերլուծելու կարողություն, կարող էր հասկանալ, որ դա կանխատեսում է եւ Եվրոպան կընդունի ընտրությունների արդյունքները: Եթե քաղաքական գործիչներից ոմանք դա չեն հասկացել, իմ խնդիրը չէ»:

Լեհաստանի դեսպանի մեկնաբանությունները քննադատության էին արժանացել արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի կողմից, ով դրանք «ոչ կոռեկտ» էր որակել: Այսօր Լեհաստանի դեսպանը նաեւ ասաց, որ իր այդ աղմկահարույց հարցազրույցից մի քանի օր անց ինքը մի քանի այլ դեսպանների հետ նախագահի մոտ ճաշի է հրավիրվել եւ զրույց ունեցել:

«Ազատություն» ռադիոկայանի մեկ այլ հարցի, թե ինչպե՞ս է Լեհաստանը՝ որպես Արեւելյան գործընկերության ծրագրի նախաձեռնող, գնահատում Հայաստանի առաջընթացն այս գործընթացում, Ռաչինսկին պատասխանեց, որ բավարար է համարում այն առաջընթացը, որը Հայաստանն արձանագրել է Եվրոպական Միության հետ բանակցություններում:

«Հուսով եմ, որ մինչեւ Վիլնյուսում կայանալիք գագաթնաժողովը դրական արդյունքներ կլինեն, եւ համաձայնությունը արդեն կստորագրվի, հավանաբար, արդեն հաջորդ տարի՝ հաշվի առնելով այն, որ կլինեն տեխնիկական եւ իրավական խնդիրներ։ Հայաստանը դառնում է Արեւելյան գործընկերության ծրագրում առաջատարներից մեկը։ Դա հատկապես Լեհաստանին մեծ բավականություն է պատճառում, քանի որ Լեհաստանը եղել է այն երկրներից մեկը, որն ինտենսիվորեն աջակցել է եւ կողմ է եղել Կովկասի երկրների ինտեգրմանը։Այդ հարցում Լեհաստանի եւ Հայաստանի շահերը համընկնում են: Հայաստանի հաջողությունը Լեհաստանի արտաքին քաղաքականության հաջողությունն է», -եզրափակեց Հայաստանում Լեհաստանի արտակարգ եւ լիազոր դեսպանը:
XS
SM
MD
LG