Մատչելիության հղումներ

ՊԵԿ-ի նախագահին վերագրվում են «հորինած բիզնեսներ»


Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյան

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյան

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, թե, որ իր դեմ ընթանում է վաղուց մշակված կամպանիա, իսկ լրատվամիջոցները «հորինած բիզնեսներ» են կապում իր անվան հետ` չցանկանալով, սակայն, մանրամասնել, թե ով է կանգնած այդ ամենի հետեւում:

«Վաղուց մշակած ձեր լրատվական միջոցների հորինած բիզնեսներն են: Դիմեք հանձնաժողովին», - այսօր «Ազատություն» ռադիոկայանին ասաց Խաչատրյանը:

ՊԵԿ-ի նախագահը չցանկացավ այլ հարցերի պատասխանել եւ թիկնապահների ուղեկցությամբ նստեց իրեն սպասարկող BMW ավտոմեքենան ու հեռացավ:

Հայաստանի նախագահի նստավայրում գործող Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը ապրիլի 10-ին որոշել է վարույթ հարուցել ՊԵԿ նախագահի նկատմամբ: Հանձնաժողովը պետք է ստուգի՝ արդյո՞ք շահերի բախում կա Խաչատրյանի անվան հետ կապվող բիզնեսների եւ նրա պաշտոնավարման միջեւ:

Տեղեկությունն այդ մասին լայն հանրության սեփականությունը դարձավ միայն այս երկուշաբթի` ապրիլի 22-ին, եւ «Ազատություն» ռադիոկայանի հարցմանն իր պատասխան ՊԵԿ-ի լրատվական ծառայությունից փոխանցել էին, թե Գագիկ Խաչատրյանը կարձագանքի միայն հանձնաժողովի որոշումից հետո:

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի որոշմամբ Գագիկ Խաչատրյանին առաջարկվել էր հանձնաժողովի որոշումը ստանալուց հետո` տասնօրյա ժամկետում, ներկայացնել իր առարկությունները եւ բացատրությունները:

Այսօր հանձնաժողովից «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեցին, որ ՊԵԿ-ի նախագահն արդեն ներկայացրել է իր առարկություններն եւ բացատրությունները: Հանձնաժողովից, սակայն, փոխանցեցին, որ քանի դեռ վարույթն ընթացքի մեջ է, իրենք իրավասու չեն որեւէ դետալ հրապարակել:

Ըստ օրենքի, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը պարտավոր է վարութը հարուցելուց հետո մեկամսյա ժամկետում հրապարակել իր եզրակացությունը, ուստի հանձնաժողովը եզրակացությունը կհրապակի մինչեւ մայիսի 10-ը:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG