Մատչելիության հղումներ

Ձերբակալվել է Վարդան Ղուկասյանի եղբորորդին


Շիրակի մարզի դատախազ Կարեն Շահբազյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ Գյումրիում նախօրեին տեղի ունեցած միջադեպի առնչությամբ այսօր կամովին ոստիկանություն է ներկայացել Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբորորդին` Վահե Ղուկասյանը, ով ձերբակալվել է:

«Արդեն իսկ նախաքննության ընթացքում ապացույցներ էին ձեռք բերվել, հանցագործությունը կատարել էր Վահե Անդրանիկի Ղուկասյանը: Ձեռնարկված միջոցառումներով Վահե Ղուկասյանը այսօր հայտնաբերվել, ներկայացվել է ոստիկանության բաժին եւ ձերբակալվել», - Գյումրիում հնչած կրակոցների առնչությամբ հարուցված քրեական գործի վերաբերյալ մանրամասներ ներկայացրեց դատախազը` հավելելով. - «Վահե Ղուկասյանի մարմնին նույնպես կան վնասվածքներ, այս պահին պարզվում է դրանց բնույթը, Ղուկասյանը խոստովանել է իր կողմից կատարված արարքը»:

Հիշեցնենք, երեկ ցերեկը Գյումրիի կենտրոնական փողոցներից մեկում կրակոցներ էին հնչել: Դրանց հետեւանքով զոհվել էր Արտյոմ Կարապետյանը, ով հայտնի է Շեկո մականունով: Եվս մեկը` Քավոր Հարութ մականունով հայտնի Հարություն Խաչատրյանը վիրավորվել էր. նրա կյանքին վտանգ չի սպառում:

Հարուցված քրեական գործի շրջանակներում իրականացված նախաքննության ժամանակ երեկ երեկոյան ոստիկանության Գյումրիի բաժին բերման էին ենթարկել նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին, նրա որդուն` Սպարտակ Ղուկասյանին եւ երկու տասնյակից ավելի անձանց: Նախկին քաղաքապետը ոստիկանությունում մոտ երեք ժամ էր մնացել, որից հետո ազատ էր արձարկվել:

«Հարցաքննվել են ոչ միայն Վարդան Ղուկասյանը եւ նրա որդին, կամ նրա մերձավորները, ինչպես լրագրողներն են նշում, այլ` բազմաթիվ անձինք», - ասաց Շահբազյանը:

Ավելի վաղ ոստիկանությունը նաեւ տեղեկություն էր տարածել, որ հանցագործությունը կատարելու կասկածանքով Բագրատաշենի սահմանային անցակետից ոստիկանության Գյումրիի բաժին բերման էր ենթարկվել նախկին քաղաքապետի մյուս եղբորորդին` Կոլյա Ղուկասյանը, հետո` ձերբակալվել: Այսօր Շիրակի մարզի դատախազը հայտարարեց, որ Կոլյա Ղուկասյանը ձերբակալված չի եղել:

«Կոլյա Ղուկասյանը հայտնաբերվել է սահմանային կետը հատելիս, բերման է ենթարկվել, նրա` դեպքից անմիջապես հետո հանրապետությունից դուրս գալու փորձը նույնպես նախաքննության առարկա է դառնում, թե ի՞նչ նպատակով էր մարդը փորձում դեպքից հետո դուրս գալ երկրից: Բայց ապացույցների ձեռքբերման ընթացքում նոր արարքին կտրվի գնահատական», - ասաց դատախազը` վստահեցնելով, որ հանցագործության կատարմամը «որեւէ կերպ առնչություն ունեցող անձինք ենթարկվելու են համապատասխան պատասխանատվության»:

Արյունալի այս միջադեպը Գյումրիում համարում են Վարդան Ղուկասյանի եւ Գյումրիից պատգամավոր ընտրված ԲՀԿ-ական Մարտուն Գրիգորյանի միջեւ եղած թշնամություն հերթական դրսեւորում: Վիրավորում ստացած Հարություն Խաչատրյանը Գրիգորյանի ընտանիքի կնքահայրն է:

Ղուկասյանի եւ Գրիգորյանի հարաբերությունները լարվեցին 2008-ի քաղաքապետի ընտրությունների ժամանակ, երբ Գրիգորյանն իր թեկնածությունն առաջադրեց Գյումրին մոտ 13 տարի ղեկավարած Ղուկասյանի դեմ:

Այս երկու գերդաստանների, նրանց թաղերի (Արցախ եւ Սլաբոդկա), նաեւ նրանց համակիրների միջեւ պարբերաբար գրանցվում են միջադեպեր: Դրանց մեծ մասը ավարտվել են կամ կրակոցներով, կամ ծեծկռտուքով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG