Մատչելիության հղումներ

Չնայած նախընտրական խոստումներին՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման այս տարի եւս խուսափել է օգտագործել «ցեղասպանություն» բառը ապրիլքսանչորսյան իր ուղերձում՝ դրա փոխարեն դարձյալ գործածելով «Մեծ եղեռն» արտահայտությունը:

«Այսօր մենք հիշում ենք Մեծ Եղեռնն ու հարգանքի տուրք մատուցում նրանց, ովքեր սպանվեցին` 20-րդ դարի ծանրագույն ոճրագործություններից մեկի ժամանակ: Իննսունութ տարի առաջ՝ Օսմանյան կայսրության անկման շրջանում, 1.5 միլիոն հայեր կոտորվեցին կամ իրենց մահը գտան գաղթի ճանապարհին։ Այսօր մենք կանգ ենք առնում՝ զոհվածների մասին մտորելու եւ վերհիշելու նրանց կրած անասելի տառապանքը», - հայտարարում է Օբաման` հավելելով. - «Ոգեկոչման այդ քայլով մենք հիշեցնում ենք ինքներս մեզ մեր հանձնառությունը՝ երաշխավորել, որ պատմության այդպիսի մութ էջերն այլեւս երբեք չկրկնվեն»:

Մինչեւ ԱՄՆ-ի նախագահ ընտրվելը՝ սենատորի պաշտոնում Հայոց ցեղասպանության մասին արած բազմաթիվ հրապարակային հայտարարություններով հայտնի Օբաման այսօրվա ուղերձում նաեւ փաստել է. - «Իմ մոտեցումները մնում են անփոփոխ... Փաստերի լիակատար, ազնիվ ու արդար ճանաչումը բխում է մեր բոլորի շահերից: Ազգերը առավել ուժեղ են դառնում, երբ ճանաչում եւ հաշվի են նստում իրենց անցյալի ցավալի իրադարձությունների հետ եւ դրանով իսկ հիմքեր ստեղծում՝ ավելի արդար եւ հանդուրժող ապագայի համար: Մենք գնահատում ենք այս դասը Միացյալ Նահանգներում, երբ փորձում ենք հաշտվել մեր իսկ պատմության որոշ մութ էջերի հետ, մենք նաեւ գնահատում ենք այն խիզախ հայերին ու թուրքերին, որոնք արդեն սկսել են այս ուղին եւ քաջալերում ենք նրանց ավելին անել՝ աջակցելով իրենց եւ իմ կառավարություններին»:

Հայ ժողովրդի պատմությունն ու ժառանգությունը բնորոշվում է անկոտրում ոգով եւ մեծ տոկունությամբ՝ ահռելի դժբախտության ու տառապանքի պայմաններում:

ԱՄՆ-ի նախորդ նախագահների նման Բարաք Օբաման եւս իր ուղերձում բարձր է գնահատել ամերիկահայերի ներդրումը երկրի հասարակության, մշակույթի ու համայնքների մեջ: «Մեր փոքր փոխհատուցումը այդ ներդրման դիմաց օժանդակությունն է Հայաստանի ժողովրդին, մինչ նրանք աշխատում են պետություն կառուցելու ուղղությամբ, որը հպարտությամբ կլցներ նրանց նախնիներին: Պետություն, որը թանկ է գնահատում ժողովրդավարությունը եւ հարգում է մարդկային ազատությունն ու արժանապատվությունը», - հայտարարել է Բարաք Օբաման:

Եզրափակելով ուղերձը` Սպիտակ տան ղեկավարը նշում է. - «Հիշատակի այս տխուր օրը մենք հայերի կողքին ենք` վերհիշելով Մեծ Եղեռնի սարսափները, հարգելով զոհերի հիշատակը եւ վերահաստատելով մեր տեւական նվիրվածությունը հայ ժողովրդին»։

Ամերիկայի Հայ Դատի գրասենյակը, արձանգանքելով այս ուղերձին, կրկին քննադատել է ԱՄՆ նախագահին ոճրագործությունը հստակ ցեղասպանություն չորակելու համար:

«Ցավոք, նախագահ Բարաք Օբաման առաջնորդվեց Անկարայի վարած լռեցնող քաղաքականությամբ ու հրապարակավ ետ կանգնեց սեփական խոստումներից», - հայտարարել է Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը՝ միեւնույն ժամանակ հավելելով. - «Այն փաստը, որ մեր նախագահն ընդունում է Թուրքիայի կողմից ճշմարտության ժխտումն ու շարունակական խոչընդոտումը, չի շեղի մեզ մեր ընտրած ուղուց՝ հասնել հայերի նկատմամբ թուրքերի դեռեւս չպատժված հանցանքի միջազգային ճանաչմանը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG