Մատչելիության հղումներ

Մեծ մոր ցավը հանգիստ չի տալիս սիրիահայ Հրայրին


Մեծ մոր ցավը հանգիստ չի տալիս սիրիահայ Հրայրին
please wait

No media source currently available

0:00 0:03:51 0:00

Մեծ մոր ցավը հանգիստ չի տալիս սիրիահայ Հրայրին

Սիրիական պատերազմի պատճառով Հայաստան տեղափոխված 57-ամյա Հրայր Ակվիլյանը տատի պատմությունը պատմելիս արցունքները հազիվ է զսպում:

Ակվիլյանի տատը` Թագուհին, մեկն էր այն հազարավոր տեղահանված հայ կանանցից, ով Դեր Զորի անապատում երեխաներին սովից փրկելու համար նախընտրեց նրանց հանձնել արաբների:

Ակվիլյանի տատը տարբեր արաբների խնամակալությանն էր հանձնել իր վեց ամսական որդուն եւ երկու տարեկան դստերը: Մայրը որդուն է թողնում իր ավետարանը, որի վերջին էջին գրում է երեխայի, իր եւ հոր անուն-ազգանունը:

Մեծ մամաս ուժեղ կին էր, տատի պատմությունը պատմելիս ասում է սիրիահայը: Քիլիս քաղաքում էր ապրում՝ ամուսնու ու երկու երեխաների հետ: Թագուհու ամուսնուն թուրքերը սպանել էին քաղաքի կենտրոնական հրապարակում, ինչպես քաղաքի մյուս հայ տղամարդկանց: Տեղահանվելուց եւ երեխաներին արաբների մոտ թողնելուց հետո 20-ամյա երիտասարդ կինը շարունակել էր գաղթի ճանապարհը: Երբ լսում է, որ կարող է փրկվել թուրքերից, եթե անցնի այդ ժամանակ արդեն անգլիացի զինվորների հսկողության տակ գտնվող շրջանը, որոշում է փախչել: Հարյուրավոր կանանցից միայն երկուսն են համաձայնվում փախչել նրա հետ, բայց վերջին պահին հրաժարվում են:

«Ցերեկը թաքնվում է, գիշերը քայլում է», - պատմում է Ակվիլյանը:

Երեխաներին արաբներին հանձնած երիտասարդ կինը գտնելով եղբորը՝ երկու-երեք տարի անց կրկին վերադառնում է Քիլիս: Այդ ժամանակ իրավիճակը Քիլիսում խաղաղ էր այնտեղ գտնվող ֆրանսիական զորքի շնորհից: Թագուհին երկրորդ անգամ է ամուսնանում: Երկրորդ ամուսինը՝ Հրայրի պապը Քիլիսում հարգված մարդ էր, այս էր պատճառը, որ թուրքերը նրանք չէին սպանել:

Ընտանիքը տարիներ անց որոշում է հաստատվել Ազազում՝ Սիրիայում, քանի որ Թուրքիայում իրավիճակը կրկին վատանում էր:

Տարիներ էին անցնում, Թագուհին փնտրում էր արաբներին հանձնած երեխաներին: 32 տարի անց արդեն արաբացած որդին գտնում է մորը: Որդուն օգնում է ավետարանը, որ արաբներին հանձնելուց մայրը թողել էր նրա մոտ:

«Մի օր Ազազում ցերեկը դուռը թակում են, բացում են, տեսնում են մի հսկա արաբ մարդ` կլոր երեսով, որովհետեւ մեծ մայրս հսկա էր: Իմ մայրը, երբ այդ արաբին է տեսնում, անմիջապես հասկանում է, որ սկեսրոջ` ջարդի ժամանակ կորած տղան է», - պատմում է սիրիահայը:

Արաբացած որդին, սակայն, ինչպես Հրայրն է պատմում, մորը համոզում էր գնալ իր հետ: Բայց մայրը չհամաձայնեց, ու կապը խզվեց: Իսկ դստերը Թագուհին այդպես էլ չի գտնել:

«Մեծ մայրս շուտ մահացավ` 62 տարեկանում, շատ ցավ տեսավ իր կյանքում», - ամփոփում է Հրայրն, ով ընտանիքով որոշել է վերջնականապես հաստատվել Հայաստանում:

Ինչպես նա, այնպես էլ կինն ասում են, որ կներեն թուրքերին, բայց ցավը մոռանալ երբեք չեն կարող:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG