Մատչելիության հղումներ

Հայաստանի ԳԱԱ Ալեւելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի համոզմամբ` մարդկությունն աստիճանաբար մոտենում է գաղափարական այն սահմանագծին, որից այն կողմ արդարությունն ու բարոյականությունը գերակայելու են քաղաքական շահերին եւ նախապատվություններին, իսկ դա նշանակում է, որ մի օր Հայոց ցեղասպանության փաստը ճանաչելու են աշխարհի բոլոր երկրները` ներառյալ Թուրքիան:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Սաֆրաստյանը նշեց, որ այսօր, մինչդեռ, բարձր արդարության կրողներ կարող են լինել միայն անհատները, բայց ոչ հանրությունները. - «Այս առումով ճանապարհ ունենք անցնելու, որովհետեւ արդարության գաղափարը, իմ կարծիքով, դեռեւս առանձին անհատների մոտ ուժեղ է, բայց, ցավոք սրտի, մարդկային հանրությունների մոտ, պետությունների մոտ մի քիչ թուլացած է, որովհետեւ գերակայում են քաղաքական, աշխարհաքաղաքական եւ այլ շահերը»:

Ավելին, թուրքագետի դիտարկմամբ, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացն այսօր օբյեկտիվորեն բախվել է Թուրքիայի տարածաշրջանային ու միջազգային դերակատարության մեծացման խոչընդոտին. - «Եթե մենք հաշվի առնենք, որ վերջին երկու տարում Թուրքիայի դերակատարումը մեր տարածաշրջանում, Մերձավոր Արեւելքում կտրուկ աճել է` կապված Սիրիայի դեպքերի հետ, Իրանի իրադրության հետ, ես կարծում եմ, որ դա որոշիչ դեր է խաղում, մասնավորապես, այն հանգամանի վրա, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներում, մենք հիշում ենք, քանի անգամ Կոնգրեսը շատ մոտ էր կանգնած ճանաչմանը եւ դատապարտմանը, այդ գործընթացը կարծես դանդաղել է: Սա կապված է այն աշխարհաքաղաքական շահերի հետ, որոնք կարեւոր են Միացյալ Նահանգների համար մեր տարածաշրջանում»:

Այս ամենով հանդերձ, Սաֆրաստյանը թուրքական իրականության մեջ որոշակի փոփոխություններ է տեսնում: Հայոց ցեղասպանության փաստի հանդեպ վերաբերմունքի առումով պաշտոնական Անկարայի քաղաքականության մեջ, անշուշտ, որեւէ փոփոխություն տեղի չի ունեցել: Այդպիսիք, սակայն, ըստ գիտնականի, առկա են թուրքական հասարակության մեջ. - «Եվ ես հույս ունեմ, որ թուրքական հասարակությունն ավելի շուտ կհասնի այդ դարձին, արդարության վերականգնմանը, քան պետականությունը, եւ գուցեեւ ազդի պետության վրա: Բայց սա նաեւ կապված է Թուրքիայում ժողովրդավարության գործընթացների առաջընթացի հետ. եթե ժողովրդավարությունը Թուրքիայում ուժեղանա, ապա հասարակությունը կարող է ճնշում գործադրել պետության վրա»:

Հարցին` Ցեղասպանության միջազգային ճանաչումը հայ ժողովրդի համար ընդամենը խղճի, բարոյականության եւ պատմական հիշողության խնդի՞ր է, թե՞ ճանաչմանը կարող է հետեւել նաեւ պահանջատիրությունը` խիստ որոշակի իրավական բովանդակությամբ, Սաֆրաստյանը պատասխանեց. - «Անկասկած: Որովհետեւ ցեղասպանությունը ծանրագույն հանցագործություն է, իսկ ամեն մի հանցագործ պետք է պատիժ կրի: Պատիժը պետք է տեղի ունենա մի քանի հարթությունների վրա: Առաջինը, պետք է բարոյապես նա ընդունի իր մեղքը: Ցավոք սրտի, մենք տեսնում ենք, որ թուրքական պետականությունը դա չի անում: Դրանից հետո պետք է լինի քաղաքական պատասխանատվության ստանձնումը, ինչպես, օրինակ, Գերմանիան իր վրա վերցրեց քաղաքական պատասխանատվությունը: Դա էլ, իհարկե, դեռ չկա: Դրանից հետո գալիս է նաեւ, ես կասեի` ֆինանսական, տնտեսական որոշակի հատուցում: Պետք է լինի անպայման, որովհետեւ մենք կորցրել ենք ոչ միայն մեկուկես միլիոն բնակչություն, մենք կորցրել ենք մեր հայրենիքի մի զգալի հատվածը, որտեղ մենք հազարամյակներ ստեղծել ենք մեր քաղաքակրթությունը, այդ ամբողջ հարստությունը: Դա երրորդն է, բայց կա չորրորդը նաեւ. վերջ ի վերջո ցեղասպանությունը կարելի է համարել լրիվ դատապարտված, երբ որ վերացվել են նրա բոլոր հետեւանքները: Իսկ Հայոց ցեղասպանության ամենակարեւոր հետեւանքը այն էր, որ Արեւմտյան Հայաստանում մենք ունենին մեծ թվով հայ ազգաբնակչություն, հիմա չկա: Այսինքն` պետք է նաեւ այս խնդիրը լուծվի… Դա չպետք է ձեւակերպվի որպես [հողային] պահանջներ: Դա պետք է, իմ կարծիքով, ձեւակերպվի «հետեւանքների լիովին վերացում»: Ամեն դեպքում պետք է հայ ժողովրդին իրավունք տրվի, որ նա վերադառնա այն տարածքը, որտեղ ինքը հազարամյակներ ապրել է, որը իր հայրենիքի բաղկացուցիչ մասն է»:
XS
SM
MD
LG