Մատչելիության հղումներ

Հովհաննիսյան. Հայաստանը այլ դիրքերից պետք է խոսի Թուրքիայի հետ


Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր համակիների ուղեկցությամբ այսօր երթով գնաց Ծիծեռնակաբերդ:

«Ժառանգության» առաջնորդը նախ փոքր հավաք անցկացրեց Երեւանի Ազատության հրապարակում: Իր ելույթում ընդդիմադիր գործիչը հայտարարեց, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ Հայաստանում պետք է նոր իրավիճակ ստեղծված լինի` թույլ տալով պետությանը միանգամայն այլ դիրքերից խոսել Թուրքիայի հետ:

«Մենք պետք է կարողանանք մեր սխալներից սովորել: Այո, մենք թակում ենք աշխարհի դուռը` պահանջելով ճանաչել մեր իրավունքը, մեր կորուստը, մեր հայրենքի վերադարձի ճանապարհը, վերականգնեք մեր եկեղեցիները, ընդունեք ճշմարտությունը, բացեք սահմանը եւ ունենանք նորմալ հարաբերություններ երկու դրացի պետությունների միջեւ», - ասաց Հովհաննիսյանը:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Րաֆֆի Հովհաննիսյանը ընդգծեց, որ 100-րդ տարելիցը ջրբաժանն է` կամ Թուրքիան բացում է սահմանները` համաձայնելով դիվանագիտական ճանապարհով կարգավորել հարաբերությունները, կամ քայլ է անում Հայաստանը:

«100-րդ տարելիցի առիթվ հայ ժողովուրդը Հայաստանի պետության շուրթերով եւ գրչով եւ շահերի գիտակցմամբ իր նախապայմանը պետք է դնի: Ես համարում եմ, որ պարոն Սարգսյանի արտաքին քաղաքականությունը` ներքինի նման, Հայաստանին տարել է իր ազգային շահերի դեմ: Այս իշխանությունը հինգ տարին չի հանի, վստահ եմ, բայց կարող եմ ասել` եթե ինքը ուզում է իշխանավարել մի քանի ամիս կամ մի քանի տարի, նվազագույնը արտաքին հարաբերություններ մասով, պետք է հանի այդ հակասահմանադրական, հակապետական ստորագրությունը հայ-թուրքական արձանագրություններից», - ասաց Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցությունը պարբերաբար պահանջում է Ազգային ժողովի օրակարգից հանել հայ-թուրքական արձանագրությունները: Հովհաննիսյանը դրանք որակեց որպես «հակապետական, հակաժողովրդական»` շեշտելով, որ ուղիղ կապ է տեսնում արձանագրությունների եւ Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի միջեւ:

«Այո, ես կարծում եմ, որ Հայաստան-Թուրքիա արձանագրությունները հակապետական են, 1921 թվականի բոլշեւիկաթուրքական պայմանագրի կրկնությունն են, այդ դրույթների ընդօրինակողը: Ես համարում եմ, որ Հայաստանի պետական ստորագրությունը այդ փաստաթղթի վրա հակասում է Սահմանադրությանը, ազգային շահին եւ թույլ է տալիս միջազգային հանրության մոտ պատրանք ստեղծել, որ կա գործող, իրական, իմաստալից երկխոսություն Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ: Դա պատրանք է, մենք գիտենք, որ Թուրքիան, ի հեճուկս իր տարատեսակ խոստումների, շարունակում է նախապայմաններ առաջարկել Հայաստանի Հանրապետությանը», - ասաց Հովհաննիսյանը:

Միացյալ Նահանգներում ծնված Հովհաննիսյանը ցեղասպանությունը վերապրած ընտանիքից է: Նրա համար ապրիլի 24-ը թե ազգային ոգու բարձրացման, թե նաեւ դառը հիշողությունների օր է:

«Հիշում եմ Ֆրեզնեն, որտեղ ծնվել եմ ես, որտեղ Հովակիմը եւ Խնկենին, Գասպարը եւ Սիրունը հայրենիքից կես աշխարհ հեռու, ինձ փորձել են ամեն ինչ տալ, որ հայրենի է, լեզու է, մշակույթ է... հիշում եմ իրենց ձեռքերը, իրենց աչքերը, իրենց արցունքները ինձ տեսնելիս, երբ Լոս Անջելեսից ընտանյոք իրենց այցելության էիք գնում, դրա համար կա այդ ցավը, հասկանում եմ, որ իրենք կորցրել են ամեն ինչ, եւ չնայած որ կորցրել են ամեն ինչ` ընտանիք, ծնողներ, քույրեր, եղբայրներ, դպրոց, եկեղեցի, մի ամբողջ քաղաքակրթություն, բայց իրենք այդ զրոյից, այդ կորուստից կերտեցին մի նոր կյանք», - ասաց նա:
XS
SM
MD
LG