Մատչելիության հղումներ

Սոցիալական ցանցերում արդեն ավանդույթ է դարձել յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին անձնական հաշվում տեղադրել Եղեռնի թեմայով լուսանկարներ ու գրառումներ կատարել:

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա առթիվ միջոցառումներ են անցկացվում նաեւ վիրտուալ հարթակում: Նկարների բովանդակությունը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրն է, 1915 թիվը, զոհերի հիշատակին նվիրված երգեր են տարածում, քննարկումներ ծավալում:

Այս տարի այս ամենին միացել է նաեւ ֆեյսբուքյան մի ինտելեկտուալ խաղ` Triviador անվանումով, խաղի հայկական հատվածը արդեն մեկ շաբաթ շարունակ գրեթե չէր սնվում, չէր քնում, մասնակիցները նպատակ էին դրել միավորներ հավաքել եւ խաղում առաջին տեղ զբաղեցնելով ծածանել հայկական դրոշն ու այլ երկրների մասնակիցների մոտ հետաքրքրություն առաջացնել, թե հայերի համար ինչ է նշանակում 1915:

Խաղի մասնակիցներից Խորեն Տիգրանյանը պատմեց, որ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում խաղի հայկական խումբ է բացել. խումբն այժմ ունի մոտավորապես 600 մասնակից. - «Շաբաթվա սկզբից փորձել էի մեկ միլիոն հավաքել: Այս շաբաթ հինգ օր իրար հետեւից գիշերներն եմ խաղացել: Քանի որ այս խաղում խաղում են ինտելեկտուալ եւ կրթված մարդիկ, փորձեցինք նրենց ուշադրությունը սեւեռել 1915 թվականի ապրիլի 24-ի վրա»:

Խաղի մեկ այլ մասնակից Էմիլ Միրզոյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ ֆեյսբուքյան այդ խաղը համախըմբում է «ամբողջ աշխարհի ինտելեկտուալությանը», սակայն, պարզվում է` խաղացողների մոտ 90 տոկոսը տեղյակ չէ Եղեռնի մասին:

Ակցիայի հեղինակ Վահրամ Փափազյանն ասում է, որ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում գրանցվել է վերջերս` 5-6 ամիս առաջ` նման ինտելեկտուալ խաղեր ու հատկապես Triviador խաղալու համար: Նրա խոսքով` սոցցանցերում առանձնապես ակտիվ չէ, սակայն իր հաշվի նկարը, այնուամենայնիվ, Եղեռնի թեմայով է:

Մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանն ասում է, որ սոցիալական ցանցերի միջոցով Ցեղասպանության մասին պատկերացում չունեցող օտարերկրացիներին իրազեկելը տեղեկատվություն տարածելու արդյունավետ մեթոդ է: Ինչ վերաբերվում է սոցիալական ցանցերում Եղեռնի թեմաներով նկարներ տարածելուն, Սամվելն ասում է. - «Պարզ է, որ Ցեղասպանությունը միայն ապրիլի 24-ը չէ, մյուս կողմից ամբողջ տարի միայն Ցեղասպանության մասին մտածելը ճիշտ չէ»:

Ինչպես հայտնի է, ԱՄՆ-ի Սպիտակ տան կայքէջը հնարավորություն է ընձեռում տարբեր թեմաների շուրջ առցանց ստորագրահավաքներ իրականացնել, ընդ որում` 30 օրում 100.000 ձայն հավաքելուց հետո տվյալ պահանջին արձագանքում է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման:

Կայքում հայերը Հայոց ցեղասպանության թեմայով վերջերս ստորագրահավաք էին սկսել, որը, սակայն փակվեց, սահմանված ժամանակում ձայների քանակ չապահովելու հետեւանքով: Այժմ «Ֆեյսբուք»-ում մի խումբ հայեր հորդորում են վերականգնել ստորագրահավաքը եւ ակտիվ մասնակցել ու աջակցել նախաձեռնությանը:
XS
SM
MD
LG