Մատչելիության հղումներ

logo-print

«Պայքարել եւ պայքարելու ենք ցեղասպանության բոլոր դրսեւորումների դեմ»


«Այսօր մենք գլուխ ենք խոնարհում մեր անմեղ նահատակների հիշատակի առջեւ: Նահատակներ, որոնց մեծ մասը նույնիսկ շիրիմ չունեցավ», - ասված է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձում:

«Ոմանք մեզ առաջարկում են 100 տարի առաջվա հին վերքերը չփորփրել, այլ նայել առաջ: Մեր պատասխանը նման հորդորներին հետեւյալն է՝ Օրհան Փամուկին եւ Հրանդ Դինքին 100 տարի առաջ չեն դատել: Դատել են մեր աչքի առաջ: Թե՛ թուրքական, թե՛ հայ հասարակությունների համար այս խնդիրն արդիական է եւ հրատապ», - ասել է Հայաստանի նախագահը` շեշտելով, ուր յուրաքանչյուր ապրիլի 24 առիթ է՝ «նորոգելու մեր ուխտը՝ հավատարիմ լինել հայոց պետականությանը, որի գոյությունն արդեն բացառում է եւ բացառելու է հայերի ցեղասպանության կրկնությունը»։

«Մենք՝ որպես պետություն ու որպես ժողովուրդ, պայքարել եւ պայքարելու ենք աշխարհի որեւէ անկյունում մարդկության դեմ ուղղված ամենադաժան հանցագործության՝ ցեղասպանության բոլոր դրսեւորումների դեմ` ազգատյացության սերմանումից մինչեւ բնաջնջում, անտարբեր լռությունից մինչեւ ժխտում: Պայքարելու ենք համոզմունքով, քանի որ դա է մեզ պարտադրում վերապրած ժողովրդի մեր կարգավիճակը», - խոստանում է Հայաստանի նախագահը

Նախագահն այսօր առավոտյան տիկնոջ, բարձրաստիճան պաշտոնյաների եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ Ծիծեռնակաբերդի բարձունքում էր` հարգելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:

Ցեղասպանության զոհերի հուշահամալիրում 1.5 միլիոն անմեղ զոհերի հիշատակին նվիրված սգո ծես մատուցվեց:

Ցեղասպանության 98-րդ տարելիցի օրը Հայոց կաթողիկոսները` Գարեգին երկրորդն ու Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ առաջինը Թուրքիային կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունն ու պահանջել վերադարձնել բռնագրավված հայկական եկեղեցիներն ու եկեղեցապատկան կալվածքները, ամբողջապես հատուցել հայ ժողովրդի կրած կորուստների եւ մարդկային ու ազգային ոտնահարված իրավունքների դիմաց:

«Ցեղասպանության ենթարկված եւ բռնի միջոցներով տեղահանված հայ ժողովրդին պատկանող բոլոր կալվածքները սեփականացվեցին Թուրքիո պետության կողմից ` լքյալ կալվածքներ անվան տան: Հայոց ցեղասպանության 100-ամյակի նախաշեմին մեր բոլորի կարելիությունը ի գործ պիտի դնենք` միասնաբար իրականացնելու հայ ժողովրդի պահանջները հանուն արդարության եւ հայության իրավունքների պաշտպանության», - ասված է կաթողիկոսների տարածած համատեղ հայտարարության տեքստում:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG