Մատչելիության հղումներ

logo-print
Արաբկիր համայնքում ընտրողների հետ հանդիպմանը Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող Հայ Ազգային Կոնգրես կուսակցության ներկայացուցիչները երեկ կատարված միջադեպի համար մեղադրեցին իշխող քաղաքական ուժին:

«Եվ այս ամենի հետեւում կանգնած է Հանրապետական կուսակցությունը, իշխանությունը: Շատ հստակ: Մարդիկ չեն էլ թաքցնում, որ սա իրենց թաղն է, իրենց գյուղն է, իրենց շենքն է», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց ՀԱԿ-ի ղեկավար անդամ Արամ Մանուկյանը:

Կոնգրեսի ցուցակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Զոյա Թադեւոսյանը, իր ելույթում շեշտելով, որ ավագանու ընտրությունները քաղաքական են, հայտարարեց. - «Մի հավատացեք Հանրապետական կուսակցության կողմից քարոզվող այն դրույթին, որ դուք ընտրում եք քաղաքապետ, եւ որ Տարոն Մարգարյանը լավ տղա է, ու դուք պետք է ընտրեք Տարոն Մարգարյանին»:

Իսկ ցուցակը գլխավորող Վահանգ Խաչատրյանն իր ելույթում ասաց, որ Հանրապետական կուսակցությունն այսօր իր բոլոր ուժերը կենտրոնացրել մայրաքաղաքի ավագանու ընտրությունների վրա, եւ բոլոր մարզպետներին հանձնարարված է շտաբեր բացել Երեւանում. - «Այստեղ շտաբի պետեր են նշանակված մարզպետները: Հավաքում են իրենց ընկերներին, ծանոթներին, ցուցակ են կազմում: Այսինքն` իրենք մեծ ցանկություն ունեն ամեն գնով վերարտադրվեն»:

Խաչատրյանը հավաստիացրեց, թե Երեւանի բոլոր խնդիրները լուծելի են, կարեւոր է, սակայն, լուծել մեկ այլ խնդիր. - «Երեւանցի ազատ քաղաքացու խնդիր կա, որը չկա: Մարդը չի ուզում դրա մասին խոսել, չի ուզում ինքը կռիվ ունենա, չի ուզում ինքը պայքարի այդ հիմար համատիրությունների հետ, որոնք ամեն օր միայն զբաղված են խաբելով, փող աշխատելով»:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Խաչատրյանն ասաց, որ անգամ ձայների մեծամասնությունը չստանալու դեպքում, ՀԱԿ-ի չի հրաժարվի ավագանու անդամի մանդատներից, ինչպես դա արեց 2009 թվականին. - «Բացի նրանից, որ մենք համոզված ենք, որ ինքներս ենք դառնալու ավագանու անդամ, հույս ունենք, որ նաեւ մնացած ոչ իշխանական ուժերը կդառնան, եւ մենք միասին արդեն ավելի մեծ ուժով կարող ենք ակտիվ մասնակցություն ունենալ»:

Հանդիպմանը եկած քաղաքացիները համոզմունք հայտնեցին, որ Վահագն Խաչատրյանը, ով տարիներ առաջ գլխավորել է Երեւանի համայնքը, կարող է լուծել իրենց խնդիրները:
XS
SM
MD
LG