Մատչելիության հղումներ

logo-print

Տարոն Մարգարյանը կոչ է անում վստահել իր թիմին


Նոր Նորք վարչական շրջանի բնակիչների հետ այսօրվա հանդիպմանը Երեւանի գործող քաղաքապետ, մայրաքաղաքի ավագանու ընտրություններում իշխող ՀՀԿ-ի ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանը կոչ արեց վստահել իր թիմին:

«Մեր թիմով եկել ենք հաշվետու լինելու ձեզ մեր վերջին տարիների կատարած աշխատանքի համար: Եկել ենք ներկայացնելու ձեզ մեր նոր ծրագրերը, այն ծրագրերը, որ իրականում իրատեսական են, որ հնարավոր է միասին ավելի լավ Երեւան ունենալ: Դրա համար անհրաժեշտ է փոխադարձ վստահություն», - իր ելույթում ասաց Մարգարյանը:

Հանդիպման եկած մի քանի տասնյակ բնակիչները հիմնականում քաղաքապետին էին դիմում իրենց կենցաղային խնդիրների հետ կապված հարցերով:

Ելույթ ունեցան նաեւ երեւանաբնակ եզդիների համայնքի ներկայացուցիչները` հորդորելով քվեարկել Մարգարյանի օգտին:

«Ինքը լավ մարդ է, լավ ընտանիքից է… Երջանկահիշատակ Անդրանիկ Մարգարյանի տան դաստիարակությունը միշտ իր մոտ չափավորություն, մարդասիրություն է սերմանել», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց եզդիների համայնքի ներկայացուցիչներից մեկը:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում բնակիչներն ասացին, որ գոհ են քաղաքապետի աշխատանքից` չկարողանալով, սակայն, կոնկրետ օրինակներ բերել:
XS
SM
MD
LG