Մատչելիության հղումներ

«Այս տարեսկզբին ստանձնելով ԵԱՀԿ-ի նախագահությունը` Ուկրաինան հստակորեն նախանշել է կազմակերպության շրջանակներում իր առաջնահերթությունները: Անշուշտ, առավել կարեւոր առաջնահերթություններից է հետխորհրդային տարածքի սառեցված հակամարտությունների, այդ թվում՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը նպաստելը», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում երեքշաբթի օրը հայտարարեց Հայաստանում Ուկրաինայի արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Կուխտան:

Ուկրաինան հստակորեն հայտարարել է, որ աջակցելու է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ Միացյալ Նահանգների, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի՝ խնդրի կարգավորման համար գործադրած բոլոր ջանքերին», - նշեց դեսպանը` հավելելով, որ հենց ԵԱՀԿ-ի շրջանակներում գործող՝ բավականաչափ հզոր այդ միջնորդական խումբն է ի զորու առավելագույնս արդյունավետ կերպով նպաստել բանակցային գործընթացին:

Այս առնչությամբ Իվան Կուխտան հիշեցրեց, որ օրերս տարածաշրջանային այցով Երեւանում էր Ուկրաինայի արտգործնախարարի հատուկ ներկայացուցիչը, ով արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպման ժամանակ եւս մեկ անգամ ընդգծեց, որ Կիեւը գործադրելու է բոլոր անհրաժեշտ ջանքերը՝ Մինսկի խմբի համանախագահների գործունեությանն ըստ ամենայնի օժանդակելու համար:

«Այս խնդրի կարգավորման այլ ուղիներ եւ ձեւաչափեր հորինելու կարիք չկա: Սա միակ եւ բացարձակապես ընդունելի ձեւաչափն է», - պատասխանն ամփոփեց Ուկրաինայի դեսպանը:

Վերջին շրջանում Հայաստանում բուռն քննարկումներ են ընթանում՝ ԵվրԱզԷՍ-ի շրջանակներում ստեղծվող Մաքսային միության հետ համագործակցության հնարավոր ձեւաչափերի շուրջ: Ուկրաինան, ինչպես եւ Հայաստանը, Եվրամիության Արեւելյան գործընկերության ծրագրի մասնակից է: Միեւնույն ժամանակ, Մաքսային միության հետ հարաբերությունների սերտացմանն առնչվող քննարկումներ Ուկրաինայում եւս ընթանում են:

Հարցին, թե արդյոք Ուկրաինան իրեն տեսնում է Մաքսային միության կազմում, Իվան Կուխտան արձագանքեց. - «Ուկրաինայի ողջ ղեկավարությունը` այդ թվում նախագահը, վարչապետը եւ արտաքին գործերի նախարարը, հստակորեն հայտարարել են, որ Ուկրաինայի համար առաջնահերթ է Եվրամիության հետ ինտեգրացիան: Եվրամիության Արեւելյան գործընկերության ծրագրում, որի շրջանակներում, ի դեպ, Երեւանը եւ Կիեւը հաճախ են փոխանակում իրենց փորձառությունը, Ուկրաինան, հենց եվրոպացիների արձանագրմամբ, գտնվում է բոլոր մասնակից երկրների առջեւում: Ուկրաինան ու Եվրամիությունն արդեն իսկ նախաստորագրել են ասոցացման, ազատ առեւտրի եւ վիզային ռեժիմի դյուրացման մասին համաձայնագրերը, եւ հույս ունենք, որ տարեվերջին Վիլնյուսում կայանալիք գագաթաժողովին համաձայնագիրն ամբողջությամբ կստորագրվի»:

«Նաեւ հարկ եմ համարում ընդգծել, որ Ուկրաինայի համար եվրաինտեգրացիան հստակորեն սահմանված եւ ամրագրված է նաեւ երկրի օրենսդրությամբ», - հավելեց դիվանագետը:

Այնուամենայնիվ, Ուկրաինայի դեսպանի խոսքով, Կիեւը զուգահեռաբար փնտրում է նաեւ համագործակցության այլ ձեւաչափեր իր մյուս հարեւանների, այլ երկրների եւ միջազգային այլ կառույցների, այդ թվում Եվրասիական միության եւ Մաքսային միության հետ:

Անդրադառնալով Հայաստան-Ուկրաինա երկկողմ հարաբերություններին` Իվան Կուխտան նշեց, որ վերջին տարիներին այդ հարաբերություններն առավել սերտացել են: Կատարվել են մի շարք բարձր մակարդակի փոխայցելություններ, ինտենսիվորեն զարգանում է համագործակցությունը քաղաքական, տնտեսական եւ մշակութային ոլորտներում:

«Ուկրաինայում հայկական բնակավայրեր են եղել դեռեւս 11-րդ դարում, եւ կարող ենք ասել, որ այդ ժամանակներից մինչեւ մեր օրերը երկու ժողովուրդների եւ պետությունների միջեւ ավանդաբար ձեւավորվել են շատ լավ հարաբերություններ», - արձանագրեց Իվան Կուխտան` հավելելով, որ Հայաստանն այսօր Ուկրաինայի համար մեծ նշանակություն ունի:

Ուկրաինացի դիվանագետի խոսքով, ներկայումս երկուստեք մեծ նշանակություն է տրվում տնտեսական կապերի զարգացմանը: ԱՊՀ-ի շրջանակներում Ուկրաինան, Ռուսաստանից հետո, առավել մեծ ապրանքաշրջանառություն ունի հենց Հայաստանի հետ: 2008 թվականին դրա ծավալները կազմել են շուրջ 300 միլիոն ԱՄՆ դոլար: Ավելի ուշ, սակայն, կապված համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետ, այդ ծավալները փոքր-ինչ նվազել են:

Ըստ Ուկրաինայի դեսպանի, երկու երկրներն այսօր մեծապես կարեւորում են նաեւ համագործակցությունը կրթության եւ մշակույթի ոլորտներում: Այս համատեքստում Կուխտան հատուկ ուշադրություն է հրավիրում Ուկրաինայի բավականաչափ մեծաթիվ՝ մոտ 300 հազարի հասնող հայ համայնքի վրա՝ նշելով, որ Ուկրաինան ամեն ինչ անում է, որպեսզի իր երկրի հայազգի քաղաքացիները որեւէ խնդիր չունենան իրենց ազգային-մշակութային պահանջմունքների բավարարման հարցում:
XS
SM
MD
LG