Մատչելիության հղումներ

Ամերիկացի կոնգրեսականների մի մեծ խումբ պահանջում է վերանայել Միացյալ Նահանգների 2014 թվականի բյուջեի նախագծի արտաքին հատկացումների բաժնի մի շարք դրույթները` մեծացնելով Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի եւ Ջավախքի համար նախատեսված ֆինանսական հատկացումների ծավալը, ինչպես նաեւ միջոցներ հատկացնել Սիրիայի հայերին օգնելու համար:

Ներկայացուցիչների պալատի 25 անդամներ` Հայկական հարցերով կոնգրեսական հանձնախմբի համանախագահներ Ֆրենք Փալոնի եւ Մայքլ Գրիմի գլխավորությամբ, քաղաքական եւ տնտեսական բնույթի պահանջների ծավալուն մի ցանկ են առաջ քաշում Ներկայացուցիչների տան արտաքին հատկացումների ենթահանձնաժողովի ղեկավարությանը` կոչ անելով արմատապես վերանայել պաշտոնական Վաշինգտոնի քաղաքականությունը հայկական խնդիրներում:

Հիշեցնելով ՆԱՏՕ-ի կողմից Իրաքում, Կոսովոյում եւ Աֆղանստանում իրականացված ռազմական ծրագրերին պաշտոնական Երեւանի աջակցության, ինչպես նաեւ դրանցում հայկական կողմի ակտիվ մասնակցության մասին` կոնգերսականները Հայաստանը բնութագրում են որպես «ռազմավարական նշանակություն ունեցող տարածաշրջանում Միացյալ Նահանգների կարեւոր դաշնակից»:

Անդրադառնալով Հայաստանի տնտեսական վիճակին` ամերիկացի օրենսդիրներն իրենց նամակում գրում են. - «Այս տարի տնտեսության ազատության ցուցանիշով Հայաստանը աշխարհում ճանաչվել է 38-րդը` ավելի բարձր տեղ զբաղեցնելով, քան Ֆրանսիան եւ Բելգիան: Դրա հետ մեկտեղ երկիրը շարունակում է բախվել Թուրքիայի եւ Ադրբեջանի կրկնակի շրջափակման աղետալի հետեւանքներին: Համաշխարհային բանկի տվյալներով` այդ շրջափակումը տարեկան մոտ մեկ միլիարդ դոլարի վնաս է հասցնում հայաստանյան տնտեսությանը»:

Հայամետ կոնգրեսականները կոչ են անում հաջորդ ֆինանսական տարում Հայաստանին ուղղակի օգնության տեսքով հատկացնել առնվազն 50 միլիոն դոլար: Հիշեցնենք` նախագահ Բարաք Օբաման 2014 ֆինանսական տարում մոտ 25 միլիոն դոլարի օգնություն է նախատեսում հատկացնել Հայաստանին, ինչը ռեկորդային ցածր ցուցանիշ է երրորդ հանրապետության պատմության ողջ ընթացքում:

Ներկայացուցիչների տան հայամետ անդամները նաեւ կոչ են անում արտաքին հատկացումների ենթահանձնաժողովի ղեկավարությանը շարունակել աջակցությունը Լեռնային Ղարաբաղին` 2013-ի օրինակով հաջորդ տարի եւս Ստեփանակերտին հատկացնելով առնվազն 5 միլիոն դոլարի ուղղակի ֆինանսական աջակցություն: Բացի այդ կոնգերսականները կոչ են անում ամերիկյան իշխանություններին դիվանագիտական ջանքեր գործադրել Լեռնային Ղարաբաղի կառավարությանը բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու համար:

«Լեռնային Ղարաբաղը 1994 թվականի հրադադարի համաձայնագիրը կնքած երեք կողմերից մեկն է: Հաշվի առնելով այդ հանգամանքը` մենք առաջարկում ենք կատարել հետեւյալ լրացումը` «Հարավային Կովկասում հարատեւ եւ ամուր խաղաղության հաստատման նպաստելու համար Լեռնային Ղարաբաղը պետք է վերագտնի իր տեղը ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո ընթացող բանակցային գործընթացում, որպես լիիրավ մասնակից: Անարդյունավետ է, երբ Լեռնային Ղարաբաղը անտեսվում է բանակցային մի այնպիսի գործընթացից, որը վերաբերում է հենց Ղարաբաղի բնակիչների իրավունքներին»:

Ամերիկացի կոնգրեսականները նաեւ առաջարկում են Ներկայացուցիչների տան բյուջետային հանձնաժողովին` հրահանգել Պետդեպարտամենտին վերացնել Լեռնային Ղարաբաղի հետ շփումների վրա ամերիկացիների համար սահմանված «բոլոր պաշտոնական եւ ոչ պաշտոնական սահմանափակումները»: Խոսքը թե այցելությունների, եւ թե փոխանակման ծրագրեի, կառավարական ու հասարակական կազմակերպությունների հովանու ներքո իրականացվող ծրագրերի մասին է:

Ամերիկացի օրենսդիրները նաեւ առաջարկում են Վրաստանին հատկացվող ամերիկյան օգնության 10 տոկոսն ուղղել Ջավախքում աշխատատեղերի ստեղծմանը:

Հայամետ կոնգրեսականներն իրենց նամակում մանրամասնորեն անդրադառնում են նաեւ Մերձավոր Արեւելքում բնակվող հայերի` մասնավորաբար, սիրիահայության խնդիրներին:

«Սիրիահայությունն, ինչպես նաեւ Սիրիայում բնակվող մյուս քրիստոնեական փոքրամասնությունները առկա իրադրության պայմաններում հատկապես խոցելի են, եւ դժվարությունները, որոնց բախվում են բնակչության այդ խմբերը, գնալով ավելանում են: Սիրիայի հայ համայնքի, ինչպես նաեւ ամերիկահայ կազմակերպությունների տեղեկություններով` Միացյալ Նահանգների տրամադրած մարդասիրական օգնությունը որեւէ նշանակալի չափաբաժին այդպես էլ չի հասել ոչ Հալեպի, ոչ էլ Սիրիայի մյուս շրջանների հայությանը: Մենք դիմում ենք արտաքին հատկացումների ենթահանձնաժողովին` Սիրիայի հայերին, ինչպես նաեւ քրիստոնեական մյուս խմբերի եւ երկրում բնակվող այլ փոքրամասնությունների օգնության եւ վերաբնակեցման ծրագրեի համար գումար հատկացնելու խնդրանքով», - նշում են կոնգրեսականները:

Նրանք նաեւ կոչ են անում Պետդեպարտամենտին սերտորեն աշխատել Հայաստանի կառավարության եւ USAID-ի` Միջազգային զարգացման ամերիկյան գործակալության հետ` օժանդակություն ցուցաբերելով Հայաստան տեղափոխված սիրիահայերին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG