Մատչելիության հղումներ

Քաղաքական ուժերը քննարկեցին Երեւանի տրանսպորտային խնդիրները


Խցանում Երեւանում, արխիվ
Խցանում Երեւանում, արխիվ
Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը հիմնականում միանման լուծումներ են առաջարկում մայրաքաղաքի տրանսպորտային խնդիրների լուծման` խցանումների, փողոցների եզրին կայանված մեքենաների, երկու անգամ ավելի բեռնված ու հաճախ հակահիգիենիկ վիճակում գտնվող երթուղայինների վերաբերյալ:

Երեքշաբթի մայրաքաղաքի խնդիրներին նվիրված քննարկմանը ՀՅ Դաշնակցության ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանը այժմյան տրանսպորտային ցանցը որակեց որպես տարերայնորեն ձեւավորված` ընդգծելով, որ ավտոբուսների ավելացումը, նոր կառուցված կամուրջներն ու էստակադաները, չեն լուծել տրանսպորտային խնդիրը: ՀՅԴ-ն թե էկոլոգիապես մաքուր, թե արդյունավետ համարում է մետրոն, որի 4 կայարանների կառուցում են խոստանում առաջիկա 5 տարիներին: Ի դեպ, մետրոյի ցանցի ընդլայնում կար գրեթե բոլոր կուսակցությունների ծրագրերում: Հարցին` որտեղի՞ց գտնել միջոցներ, Մինասյանը պատասխանեց. - «Երեւանի ավագանին սահմանել է տուրք տաքսի ծառայությունների համար` 10 հազար դրամ: 3200 տաքսի ծառայություններից միայն 63-ից է գանձվել այս տուրքը: Այսինքն, եթե մենք այս վերաբերմունքն ենք ցույց տալիս անգամ ակնհայտ եկամտի աղբյուրին, ինչպե՞ս կարելի է խոսել զարգացման սահմանափակումների մասին»:

ՀՅԴ-ն պնդում է, որ Երեւանի բյուջեն 4 տարիների ընթացքում հնարավոր է 80-ից հասցնել 400 միլիարդ դրամի:

ՀՅԴ-ն նաեւ առաջարկում է անցնել բազմասակագնային միասնական համակարգի, երբ երթուղային տաքսու համար գնված տոմսը կարելի է օգտագործել նաեւ մետրոյով, ավտոբուսով կամ տրոլեյբուսով երթեւեկելու համար:

«Առաքելություն» կուսակցությունը առաջարկում է, որ քաղաքային տրանսպորտը տնօրինի բացառապես քաղաքապետարանը, որն էլ միջոցներ կբերի մյուս խնդիրները լուծելու համար:

«Այնպիսի տպավորություն է, որ եկամտաբեր գծերը տրվել են մասնավոր կազմակերպություններին, իսկ ոչ եկամտաբեր գծերը` քաղաքապետարանին», - ասաց կուսակցության ներկայացուցիչ Հրաչ Սարգսյանը:

Ըստ «Բարեւ, Երեւան» դաշինքի` հարկավոր է լիովին անցնել էլեկտրատրանսպորտի, որը եւ էկոլոգիապես մաքուր է, եւ տարողունակ:

ՀԱԿ-ը առաջարկում է համակարգային լուծում, այսինքն անցում տրանսպորտի ավտոմատ կառավարման: Այդ դեպքում քաղաքացիները հստակ կիմանան, թե որ ավտոբուսը որ ժամին որտեղով է անցնում:

Մյուս խնդիրը խցանումներն են, որոնք հիմնականում առաջանում են կենտրոնական փողոցներում եւ հիմնականում առավոտյան եւ երեկոյան ժամերին: ԲՀԿ-ն խցանումների պատճառ է համարում այն, որ երթուղիները սպասարկող մասնավոր կազմակերպությունները ցանկանում են, որպեսզի իրենց հասարակական տրանսպորտը անցնի գլխավոր փողոցներով:

«Օրինակ սեփականատերն ուզում է, որ իր գիծը անցնի Կոմիտաս փողոցով: Երթուղիների վերանայում պիտի լինի, որ երկրորդական փողոցներով էլ տրանսպորտ բաշխվի, որպեսզի գլխավորները ծանրաբեռնվածությունից դուրս գան», - ասաց ԲՀԿ անդամ Գուրգեն Գասպարյանը:

Գլխավոր փողոցների ծանրաբեռնվածությունը պակասեցնելու լուծումը ըստ «Օրինաց երկրի»` կենտրոնը շրջանցող փողոցներ կառուցելն է:

ՀՀԿ ներկայացուցիչները չէին ներկայացել քննարկմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG