Մատչելիության հղումներ

Մանոյանի կարծիքով, Թուրքիան «ճկուն է դարձել»


ՀՅԴ ղեկավար անդամ Կիրո Մանոյան
ՀՅԴ ղեկավար անդամ Կիրո Մանոյան
Հայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանը չի բացառում, որ Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ Թուրքիան վավերացնի հայ-թուրքական արձանագրություններից մեկը՝ դրանով ապտակ հասցնելով հայկական դիվանագիտությանը:

«Այն մեկը, որի մեջ գործադրության ժամանակացույցը չկա: Այսինքն, այն մեկը, որտեղ կան որոշ խնդրահարույց հաստատումներ եւ որը Թուրքիայի համար հատուկ հարց չի բարձրացնի, ընդհակառակը` Հայաստանին կդնի բավական դժվարին կացության առջեւ, քանի որ Հայաստանի իշխանությունները մինչեւ այսօր ասել են` երբ Թուրքիան վավերացնի, մենք էլ կվավերացնենք», - լրագրողների հետ հանդիպմանը երեքշաբթի օրը ասաց Մանոյանը:

Հայ-թուրքական երկկողմ հարաբերությունների զարգացման եւ երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրությունները ստորագրվել են 2009 թվականի հոկտեմբերին: Դրանից մի քանի ամիս անց՝ 2010 թվականի ապրիլի 22-ին Հայաստանը կասեցրեց այդ արձանագրությունների վավերացումը:

Այդ արձանագրություններով բացվում էր սահմանը, երկու կողմերը վերահաստատում էին ճանաչել միջազգայնորեն ընդունված հայ-թուրքական սահմանը, երկու արտգործնախարարների ղեկավարությամբ աշխատանքային խումբ էր ստեղծվում՝ միջկառավարական հանձնաժողովի եւ նրա ենթահանձնաժողովների աշխատաձեւերի մշակման նպատակով, զարգացվում էր երկկողմ համագործակցությունը տարբեր ոլորտներում ու մի շարք այլ գործողություններ էր նախատեսված:

Դաշնակցությունը շարունակում է հայտարարել, որ այդ արձանագրությունները Հայաստանի համար վտանգավոր են:

Որպեսզի Հայաստանը խուսափի նման վտանգից, այս կուսակցությունը, Մանոյանի փոխանցմամբ, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին վերջերս առաջարկել է հետ վերցնել ստորագրությունը արձանագրություններից: Հայաստանի նախագահը մերժել է՝ պնդելով, որ այն Հայաստանի համար վտանգ չի ներկայացնում:

Մանոյանը կարծում է, որ Թուրքիան, սակայն, առաջվանը չէ, այն ճկուն է դարձել:

Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի տնօրենը նշեց, որ Հայաստանի համար կարեւոր է ոչ միայն Ցեղասպանության ճանաչումը միջազգային հանրության կողմից, այլեւ Հայաստանի կողմից Թուրքիային պահանջներ ներկայացնելը: Այդ նպատակով Դաշնակցությունը մի խումբ հայ եւ այլազգի մասնագետների պատվիրել է ուսումնասիրել Հայաստանի կողմից ներկայացվելիք պահանջները, եւ առաջիկայում կհրապարակվի նրանց եզրակացությունը: Այն թույլ կտա հայկական կողմին Թուրքիային ներկայացնել տարածքային, ազգային ունեցվածքի, ինչպես նաեւ անհատական հատուցման հարցեր:

«Իրականում կարելի է համարել Ցեղասպանության ճանաչման փուլն արդեն անցած` եթե խոսքը վերաբերում է միջազգային համայնքի կողմից ճանաչումին: Դրա համար էլ Դաշնակցության մոտեցումը այն է, որ արդեն մենք պետք է բարձրացնենք մեր իրավունքների եւ Ցեղասպանության հատուցման հարցը», - եզրափակեց Մանոյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG