Մատչելիության հղումներ

Ծանր մետաղային աղտոտվածությունը Հայաստանում գերազանցում է թույլատրված նորմերը


Հայաստանի Ամերիկյան համալսարանի հանրային առողջապահության ֆակուլտետը գիտական ուսումնասիրություն է արել պարզելու` ինչ ազդեցություն ունի հանքաարդյունաբերությունը Հայաստանում շրջակա միջավայրի եւ հանրային առողջության վրա:

Հայաստանի 19 համայքներում կատարված հետազոտությունը պարզել է, որ հողում ծանր մետաղների պարունակությունը գերազանցում է թույլատրելի միջազգային նորմերը:

«Մենք ծանր մետաղներով ախտոտվածություն ենք գտել նաեւ որոշ մանկապարտեզների եւ դպրոցների խաղահրապարակներում: Կար մի դպրոց, որի բակում թափված թափոնների պատճառով երեխաները ենթարկվում են մկնդեղի ազդեցությանը», - հայտնեց Ամերիկյան համալսարանի հանրային առողջապահության ֆակուլտետրի փոխդեկան Վարդուհի Պետրոսյանը:

Հայաստանում ծանր մետաղային ախտոտման աղբյուր են հանդիսանում բաց եղանակով շահագործվող հանքերը, հանքաարդյուանբերական գործարանները, ձուլարանները եւ պոչամբարները` թե՛ լքված, թե՛ գործող: Վարդուհի Պետրոսյանը նկատում է, որ հաճախ մարդիկ նախկին պոչամպարի տարածքում տնտեսական գործունեություն են ծավալում, քանի որ թունավոր նյութեր պարունակող պոչամբարի տարածքը առանձնացված չէ ու չկա որեւէ նշան, թե այդ տարածքը նախկինում ծառայել է որպես պոչամբար:

«Ալավերդիում եւ Ախթալայում բոլոր հողերի նմուշների մեջ գտել ենք մկնդեղ: Օրինակ, Ախթալայի եկեղեցու բակում գտել ենք 11 եւ 12 անգամ նորմայից բարձր ե՛ւ մկնդեղ, ե՛ւ կապար», - ասաց Վարդուհի Պետրոսյանը

Նշվեց, որ նման մասշտաբի ուսումնասիրություն Հայաստանում առաջին անգամ է կատարվում, եւ արդյունքները Ամերիկյան համալսարանն ուղարկել է Առողջապահության եւ Բնապահպանության նախարարություններ:

Ապրիլի 22-23-ին Ամերիկյան համալսարանն անցկանցում է միջազգային գիտաժողով հանրային առողջության եւ շրջակա միջավայրի ախտոտվածության թեմայով, որին ներկա Համաշխարհային առողջապահության կազմակերպության քաղցկեղի հետազոտության ծրագրի ղեկավար Քուրթ Սթրայֆը ասաց, որ Հայաստանում հայտնաբերված 4 ծանր մետաղները համարվում են քաղցկեղածին:

Գիտաժողովի բոլոր մասնագետները, խոսելով հանքաարդյունաբերության կազմակերպման հաջող փորձի մասին, նշում էին, որ շատ երկրներ կարողանում են նվազագույնի հասցնել հանքաարդյունաբերության վնասները առաջին հերթին պետական վերահսկողական մեխանիզմների շնորհիվ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG