Մատչելիության հղումներ

Գալուստ Սահակյանը ԵԽԽՎ զեկույցի պնդումները փաստարկված չի համարում


Ստրասբուրգում երեկ մեկնարկած ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում քննարկվել է Հայաստանում փետրվարի 18-ին անցկացված նախագահական ընտրությունների վերաբերյալ զեկույցը։

ԵԽԽՎ դիտորդական առաքելության զեկույցում, որը հեղինակել է Նորվեգիայի պատվիրակության ղեկավար, քաղաքական հարցերի եւ ժողովրդավարության հանձնաժողովի անդամ Կարին Ուոլցետը, նշված են գրեթե նույն խնդիրները, որոնք ներառվել էին ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի երկրորդ միջանկյալ զեկույցում։

ԵԽԽՎ-ի նստաշրջանում ներկայացված փաստաթղթում նույնպես նախագահական ընտրությունները ընդհանուր առմամբ լավ կազմակերպված են որակվում։ Միեւնույն ժամանակ, ԵԽԽՎ դիտորդները կոչ են անում Հայաստանի Հանրապետության իշխանություններին՝ «բացահայտել ընտրակեղծիքների եւ սխալների վերաբերյալ պնդումները»։

Իշխող Հանրապետական կուսակցության փոխնախագահ Գալուստ Սահակյանը, «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում մեկնաբանելով զեկույցը, նշեց, որ կան խնդիրներ, որոնց հետ կապված զեկույցի հեղինակի հետ համակարծիք չեն։

«Բայց, ընդհանուր առմամբ, բնականաբար՝ ընտրությունները ավելի պիտի կատարելագործվեն, պիտի ավելի լավը դառնան», – նշեց իշխող կուսակցության ներկայացուցիչը։

Ինչ վերաբերում է ապօրինությունները եւ կեղծիքները բացահայտելու կոչին՝ Գալուստ Սահակյանը հայտարարեց. – «Որեւէ ապօրինություն, որպես փաստարկ, տեղի չի ունեցել։ Դա ընդամենը խոսակցություններ են։ Նաեւ դա Սահմանադրական դատարանը կանխորոշեց, նաեւ միջազգային կառույցները... որեւէ կոնկրետ փաստի մասին խոսք չի գնում»։

Զեկույցում մտահոգիչ են համարվել ընտրությունների ժամանակ վարչական ռեսուրսի չարաշահումն ու ընտրողների նկատմամբ ճնշումները, ինչպես նաեւ բազմաթիվ քաղծառայողների մասնակցությունը գործող նախագահի օգտին արվող քարոզչությանը։

Գալուստ Սահակյանը այս առնչությամբ եւս հայտարարեց, որ ասվածն ապացուցող փաստեր չկան։
Անդրադառնալով նախագահական ընտրությունների քաղաքական ենթատեքստին՝ ԵԽԽՎ դիտորդական առաքելությունը փաստել է, որ այս տարվա նախագահական ընտրություններին երեք հիմնական քաղաքական ուժեր, այդ թվում` խորհրդարանի ամենամեծ ընդդիմադիր խմբակցությունը, թեկնածու չեն առաջադրել, ինչն ազդել է մրցակցության դինամիկայի վրա ու սահմանափակել քաղաքացիների՝ ընտրություն կատարելու հնարավորությունը:

«Մենք համարում ենք մրցակցային, որովհետեւ մենք բավականին հզոր երկրորդ տեղ ունեցանք, որի անհրաժեշտությունը զգալի էր քաղաքական դաշտի համար», - այս կապակցությամբ հակադարձեց Գալուստ Սահակյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG