Մատչելիության հղումներ

Հովհաննիսյանը Վանաձորում ներկայացրեց «Նոր Հայաստանի» գաղափարը


«Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյան

«Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյան

«Ժառանգություն» կուսակցության ղեկավար, նախագահի ընտրություններում պաշտոնապես երկրորդ տեղը զբաղեցրած Րաֆֆի Հովհաննիսյանը երկուշաբթի իր մարզային այցելությունների շրջանակներում վանաձորցիներին ներկայացրեց «Նոր Հայաստան» քաղաքացիական շարժման գաղափարը:

Վանաձորի «Լոռի» մամուլի ակումբում հավաքվել էին Հովհաննիսյանի մի քանի տասնյակ համակիրներ, որոնց «Ժառանգության» առաջնորդը տեղեկացրեց պայքարի նոր փուլի մասին` հայտարարելով, որ անցնում են կազմակերպչական, գաղափարական նոր փուլ, որը ենթադրում է քաղաքացիական շարժում:

«Դա ենթադրում է հավաքական պատասխանատվություն. յուրաքանչյուր քաղաքում եւ մարզկենտրոնում կազմկոմիտեներ, որպեսզի մեր ձեռքը վերցնենք մեր ճակատագիրը: Եթե մեկը ունեզրկվի առանց որեւէ իրավական հղման, մենք միասին պիտի կանգնենք», - ասաց Հովհաննիսյանը:

Նոր նախագահություն, նոր մարզպետարան, նոր քաղաքապետարան կարող ենք ունենալ ոչ թե կախարդական փայտիկով, այլ պայքարի միջոցով, ասաց Հովհաննիսյանը: Մեկ ամսից պետք է ներկայացնեն «Նոր Հայաստանի» իրենց առաջարկը, պետք է ունենան այն պատասխանը, որ ժողովուրդը սպասել է, վստահեցրեց նա:

«Հենց այսօրվանից սկսում ենք, մի ամսվա ընթացքում մենք պետք է ներկայացնենք «Նոր Հայաստան» մեր առաջարկը, մեր այլընտրանքը, մեր շարժումը: Թող լինի բանավեճ, թող լինի գնահատական եւ քննադատություն, բայց սրա արդյունքում մի ամիս անց մենք պիտի ունենանք այդ պատասխանը, որ ժողովուրդը սպասել է, բայց տանը նստելով ոչ մի բան չի փոխվի: Շատ մարդիկ տանը նստեցին», - ասաց նա:

Անդրադառնալով ապրիլի 9-ի իրադարձություններին` Հովհաննիսյանն ասաց, որ ոմանք եկել էին եւ ուզում էին մեկ օրում ինչ-որ բանի հասնել: Արդարությունը մի ակնթարթում չի ծնվում, բայց ժայթքումն արդեն եղել է, ասաց Հովհաննիսյանը:

Նա նաեւ հայտարարեց, որ իրենք «արդեն կատար են հասել»` կամ պետք է շարունակեն պայքարը, կամ պետք է նահանջեն: Հովհաննիսյանը միեւնույն ժամանակ շեշտեց, որ դա միայն իր գործը չէ, յուրաքանչյուր ոք պետք է պայքարի:

«3-4 ամիս առաջ մեծ-մեծ խոսացողները չէին հավատում, չէին մասնակցում, հիմա ուզում են ինչ-որ դափնիների վրա ինչ-որ բան անել, թող անեն, բայց հիմա մեր ձեռքում է, մենք այս կատարը պետք է անցնենք միասին դեպի նոր Հայաստան, թե` պիտի նահանջ թույլ տանք: Այս վիճակի վրա ենք մենք», - ասաց ընդդիմադիր առաջնորդը:

Րաֆֆի Հովհաննիսյանը Վանաձորում համակիրների հետ հանդիպելուց հետո մեկնեց Գյումրի:
XS
SM
MD
LG